FreeNet.am

Արթուր Մեսչյան

Դատարան
Կապկպել են քո աչքերը փալասով, 
Ժանգոտեց ձեռքիդ կշեռքը դարավոր, 
Գողացան կշռաքարերը քո խղճի, 
Դու ես, որ արդարությունն ես 
— Հե՛յ, երեւի … 

Հեգնեցի ես կուռքերին հին ու նոր, 
Չեմ կանգնի եմ քո առջեւ գլխիկոր, 
Բանտարկված եմ ես ցմահ այս կյանքով, 
Եւ արդեն պատիժ է դա ծայրագույն հոդվածով … 

Այրեցի ես բոլոր դռները բաց եւ փակ, 
Կողպեքները ձեզ վերցրեք։ 
— Հեյ, հրեշտակ, 
Սեւ թելով սպիտակ թեւերս կարեցի, 
Ինձ ասում են. 
— Չես թռչի։ 
— Կջարդվես։ 
Ցատկեցի … 
Աստղեր
Երկնքում անթիվ, աստղերն են լողում, 
Բայց մարդիկ երբեք վերեւ չեն նայում, 
Հայացքները կախ, միշտ նայում գետնին, 
Քարացած սրտով ինչ հրաշք երկինք … 

Երկնքում կապույտ, արեւն է լողում, 
Ամպերը սակայն, երկինքն են փակում, 
Շողերը վերջին խեղդվում են ահա, 
Սակայն ոչ մի սիրտ չի նեղվում անգամ … 

Երկնքից պոկված աստղերին ափսոս, 
Երկինքը ափսոս հողին հարթեցված, 
Աստղերը պոկող պատանուն ափսոս, 
Ափսոս խորտակված իղձերին նրա …
Քայլեր
Ո՞ւր են տանում քայլերն անխելք, 
Եւ չեն ենթարկվում անզոր ուղեղին, 
Կամ խորը թաղում ճահճի հատակում, 
Կամ վեր բարձրացնում արեւի լույսին։ 

Կամ ստիպում մեկ-մեկ անհույս մեռյալիս 
Խելագար ձայնով երկինքը պատռել, 
Կամ խելապատառ արեւին ձգտել 
Քայլեր քայլեր … 

Գալիս են նրանք պատմության խորքից 
Մերթ տրորելով մեր բախտը դաժան, 
Մեր հոգին տխուր, մեր սիրտը վհատ, 
Մեր երազն ու մեր հույսը ապաքում։ 

Տանում են նրանք իրենց ետեւից 
Եւ զորավորին եւ խեղճ տկարին, 
Որ վերջում կյանքի անդունդը նետեն, 
Քայլերը, նաեւ հզոր քանքարին։ 

Ահագնանալով դղրդում նրանք 
Խլացնում են ձայնը մեր սրտի, 
Դոփելով գալիս, դոփելով գնում, 
Անցնում են դեպի սահմանն անհայտի։
Ամենը ձեզ
Մեծածավալ և հիասքանչ տաճարների
Եվ ոսկեզարդ խորանների աղոթքը
Ամենը ձե՛զ, և արծաթե լապտերը վանքերի,
Ադամանդե շարքով հյուսված խաչերը

Դուք ձեզ վերձրե՛ք և փառավոր շքախմբեր,
Եվ տոնական կախարդական զանգերը,
Ամենը ձե՛զ, իսկ ինձ միայն բաժին թողեք
Փայտյա խաչով օրհնված «Հայր Մեր»-ը

Իսկ ինձ թողեք միայն մատուռը հավատքիս
Տարեք բաժնեք այս աշխարհի գանձերը,
Ամենը ձե՛զ, իսկ ինձ թողեք հուշերն անթիվ
Եվ նյարդերից հյուսված կյանքիս էջերը

Եվ թողե՛ք դուք ինձ հեքիաթները իմ,
Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ,
Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,
Զուր չէին բոլոր աղոթքներս, Տե՛ր

Ամենը ձե՛զ. քարոզների խորհուրդն անգին,
Խունկի բուրմունքը կանթեղի մեջ,
Իսկ ինձ թողեք ընկերներիս սրտերն ազնիվ,
Եվ տարերքին տրված խելառ օրերը

Այսպես պոկված ճյուղի նման կյանքի ծառից
Մոլորվեցինք այս աշխարհի մեջ,
Եվ ուսերի վրա շալկած լոկ բեռը հավատքի
Եվ անաստված դարի մեղքերը

Եվ թողե՛ք դուք ինձ հեքիաթները իմ,
Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ,
Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,
Զուր չէին բոլոր աղոթքներս, Տե՛ր

Եվ թողե՛ք դուք ինձ հեքիաթները իմ,
Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ,
Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,
Զուր չէին բոլոր աղոթքներս, Տե՛ր

Խոսք Ա. Մեսչյանի
Ու՞ր էիր Աստված
Ո՞ւր էիր Աստված, 
Երբ խենթացավ լքված մի ժողովուրդ … 
Ո՞ւր էիր աստված, 
Երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ 
Ո՞ւր էիր Աստված, 
Երբ ավերում էին չքնաղ մի երկիր, 
Ո՞ւր էիր Աստված, 
Երբ խենթացած ցավից 
Աղաչում էինք՝ 
— Ամե՜ն … 

Ո՞ւր էիր Աստված, 
Երբ արդարության աչքերը կապվեց, 
Ո՞ւր էիր Աստված, 
Երբ շուրթերին ազգիս աղոթքը սառեց։ 
Ո՞ւր էիր Աստված, 
Երբ փրկության կանչով երկինքը ցնցվեց, 
Լուռ էիր Աստված, 
Երբ խաչերին գամված 
Աղոթում էինք 
— Ամե՜ն … 

Իմ կարոտ հոգում 
Չկար ուրիշ հավատ եւ սեր դու իմ Տեր 
Ես քեզ հավատում եւ աղերսում էի ինչպես մի անխելք, 
Ո՞ւր էիր աստված, 
Երբ հոշոտում էին չքնաղ մի երկիր 
Ո՞ւր էիր աստված, 
Երբ հույսերս կտրած 
Աղոթում էինք 
— Ամե՜ն … 

Ուժ տուր մեզ, Աստված, 
Որ ալեկոծ կյանքի ծովում չկորչենք, 
Սիրտ տուր մեզ Աստված, 
Որ տառապանքի հուշերը ջնջենք … 
Լույս տուր մեզ, Աստված, 
Որ խավարում այս գորշ ճամփա նշմարենք, 
Հույս տուր մեզ, Աստված, 
Որ շուրթերով չորացած քեզ գտնենք նորից 
— Ամե՜ն … 

Սուրբ Աստված 
Սուրբ եղիցի 
Սուրբ եւ անմահ 
Երկնային անունը 
Քո … 

Խոսք Ա. Մեսչյանի
Անառակ որդու վերադարձը
Երբ անառակ որդու նման
Դառնաս թողած քաղաքդ
Եվ դռնեդուռ փնտրես նրանց,
Ում որ վաղուց կորցրած ես,
Սեղանի չորս կողմում նստած
Նրանք են` ում գտել ես,
Խոսքեր չկան, խմում ենք լուռ,
Ուշ է, ուշ է, ուշ է
Ուշ է, ուշ է, ուշ է

Երբ անառակ որդու նման
Վերադառնաս քո տունը,
Մթում կախված մի պատուհան,
Ճոճվող ստվերներ` անկյունը,
Երբ հայրդ ծեր դնի ուսիդ
Իր դողացող ձեռքերը,
Միայն կշշնջա կամաց`
Ուշ է, ուշ է, ուշ է
Ուշ է, ուշ է, ուշ է

Հազար օտար աչքերի մեջ
Գտնես նրա հայացքը,
Նրան` ով սիրում էր քեզ,
Սպասում քո վերադարձը,
Երբ անառակ որդու նման
Վերադառնում է սերը,
Լսում ես կարճ մի պատասխան`
Ուշ է, ուշ է, ուշ է
Ուշ է, ուշ է, ուշ է

Եվ ում կամքով է, որ կյանքում
Ամենն ունի իր վերադարձը
Միշտ ուշացած գտնում ես այն`
Ինչ որ վաղուց կորցրած ես,
Երբ անառակ որդու նման
Վերադառնում է խիղճդ,
Քո մանկության պատկերը վառ
Լույս է, լույս է, լույս է…