FreeNet.am

Պետրոս Դուրյան

Լճակ
Ինչո՞ւ ապշած են, լըճա՛կ,
Ու չ՚են խայտար քու ալյակք,
Միթե հալվույդ մեջ անձկավ 
Գեղուհի՞ մը նայեցավ: 

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ: 

Մելամաղձոտ լըճա՛կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ: 

Որքան ունիս դու ալի՝
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր: 

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չ՛ես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհո՜ւն: 

Հոդ աստղերը չ՚են մեռնիր,
Ծաղիկներն հոդ չ՚են թոռմիր,
Ամպերը չ՚են թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ: 

Լըճա՛կ, դու ես թագուհիս,
Զի թ՚հովե մ՚ալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՚իս կը պահես դողդղալով: 

Շատերը զ՚իս մերժեցին,
«Քնար մ՚ունի սոսկ — ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չ՚ունի—
Մյուսն ալ ըսավ — կը մեռնի՜»: 

Ոչ ոք ըսավ — հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերևս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ, չը մեռնի»: 

Ոչ ոք ըսավ — սա տըղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան…»
— Հոն հրդեհ կա, ո՛չ մատյան: 

Հոն կա մոխի՜ր… հիշատա՜կ..
Ալյակքդ հուզի՛ն թող, լըճա՛կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ…:
Սիրել.
Բույլ մը նայվածք, փունջ մը ժըպիտ,
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ:

Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք, խորշեր թավուտ,
Սիրել կայծերն երկնի կապուտ,
Առտըվան շաղն, իրիկվան բալ,
Ճակատագրիս սև գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ:
Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ,
Շրջազգեստ մը շրշեց իմ շուրջ:

Ես ուզեցի լոկ ու մինակ
Սրտակցիլ ջինջ վըտակին հետ.
Հիշատակի չ՚ունի նա հետ,
Սի՛րտ մ՚որուն մինչ սուզիմ հատակ,
Գտնեմ զ՚իս հոն դժգույն, հստակ,
Գաղտնի՛ք մ՚ունի— այն՝ անթիվ վետ:
Եթեր մը տրոփ սրտի լսեցի,
Հծծեց.—կ՚ուզե՞ս սիրտ, ե՛կ ինծի»։

Ես ուզեցի սիրել զեփյուռ,
Որ երկնքեն թռչի բեկբեկ,
Նա չը սիրեր խոցել երբե՛ք,
Հոգի՛ մ՚որուն գաղտնիքն է բույր,
Գիտե շոյել երազներ բյուր,
Երկնի բույրն յ՚ուշ կ՚ածե առ հեք:
Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ,
— Կ՚ուզե՞ս պաշտել հոգի մ՚անբիծ»:

Ես ուզեցի քընարով մի
Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զ՚անի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եվ սրտակցիլ սիրողաբար:
Նե մոտեցավ հուշիկ, ըսավ,
— Քնարդ է ցուրտ սիրտ և սերըդ ցավ»:

Թոթվեց թևերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնե գեղ ու կըրակ,
Սիրտն անապակ՝ ինչպես վըտակ,
Անմե՛ղ՝ ինչպես սյուք դալկահար,
Հավատարի՛մ՝ ինչպես քընար,
Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ:
Բույլ մը նայվածք, փունջ մը ժըպիտ,
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ: