ՀայՀամակարգիչ
հումանիտար տեխնոլոգիաների կենտրոն
ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ
ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԵՆՔԻ
ՈՐՊԵՍ ՆՐԱ ԱՐԺԵՔԱՎՈՐՄԱՆ‚ ՊԱՀՊԱՆՄԱՆ‚ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
Երեւան — 1995
Վերջին անգամ խմբագրվել է 1997 թ․ մայիսի 4‐ին


ԼԵԶՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԳԵՐԽՆԴԻՐ - ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԼԵԶՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ՀԱՅԵՐԵՆԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

ԼԵԶՎԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒՄ ԵՒ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԵԶՐԱՓԱԿՈՒՄ


ԼԵԶՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ
ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԳԵՐԽՆԴԻՐ - ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

Համակարգիչներով ինֆորմացիայի փոխանակման եւ մշակման համակարգերը‚ որոնց շահագործումը բնագիտական ասպարեզի մենաշնորհն էր‚ այսօր գրավել են մարդկային գործունեության բոլոր ասպարեզները։ Վերջին տարիներին ստեղծված մշակումների ներդրումը հումանիտար ասպարեզ՝ հեղափոխիչ հետեւանքներ ունեցավ հասարակության համար։ Արհեստական բանականության ու եռաչափ իրականության մոդելներն ու նրանց տարրերն իրականանում են երեխաների համար ստեղծված համակարգչային խաղերում եւ կինոյում‚ քննող եւ որոշում ընդունող համակարգերը ղեկավարում են հասարակական գործընթացները‚ մարդու հետ խոսելով շփվող եւ ղեկավարվող համակարգչային միջոցները կիրառվում են մինչեւ իսկ կենցաղում‚ լրատվական միջոցները համակարգիչներով հեշտությամբ մշակում են միջազգային ցանցերով ստացվող տեղեկատվական հեղեղները‚ համակարգիչով ստեղծագործելու հնարավորությունն արագորեն ներդրվում է արվեստի բնագավառ‚ փոխարինելով նկարչության եւ երաժշտության ասպարեզի ստեղծագործության միջոցները համակարգիչով‚ կրթական համակարգը դասավանդման եւ ուսուցման համար օգտագործում է համակարգիչների անսահմանափակ հնարավորությունները։ Այս ամենը կայացավ հումանիտար ասպարեզում նկարագրական‐ակադեմիական բնույթի գիտելիքների խորապես ուսումնասիրման եւ նրանց ձեւական‐մաթեմատիկական մոդելների ստեղծման շնորհիվ։

Համակարգիչներն ու նրանց հիման վրա ստեղծված համակարգերը‚ հանդիսանալով մշակույթի ստեղծման նոր եւ արդեն միակ միջոց‚ պահանջում են ազգային արժեքները եւ կրթական համակարգը տեղափոխել այս նոր հենքին։ Այն ազգերը‚ որոնք դա ի վիճակի չեն լինի անելու‚ կկորցնեն իրենց մշակույթը եւ ազգային դեմքը‚ ինչպես դա կատարվեց սեպագրից մատենագրության կամ մատենագրությունից տպագրության անցումների ժամանակ։ Թուղթը‚ որպես մշակույթի կրող‚ մի տասնամյակ հետո կդառնա այն‚ ինչ այսօր մեզ համար Մատենադարանում պահվող հորթի կաշին է։ Մշակույթի ստեղծման եւ պահպանման ապագան այսօր որոշվում է հումանիտար ասպարեզում համակարգիչների կիրառման հաջողություններով։

Այս ասպարեզը միայնակ չի կարող յուրացնել ո՛չ հումանիտարը‚ ո՛չ էլ բնագետը։ Հումանիտարի եւ բնագետի փոխադարձ տգիտությունը‚ ամենամեծ չարիքն այս ասպարեզում‚ պատնեշել է հրատապ խնդիրների լուծման համար անհրաժեշտ համատեղ ջանքերի միավորման հնարավորությունը։ Սա մի ասպարեզ է‚ որը միավորում է լեզուն եւ մաթեմատիկան‚ քերականությունն ու ծրագրավորման ու ձեւական համակարգերը‚ տրամաբանությունն ու արվեստը‚ միջոցներն ու եղանակները‚ հումանիտարին եւ բնագետին։Կարելի է համակարգիչը համեմատել ավտոբուսի‚ իսկ ծրագրերը՝ վարորդի եւ ուղեւորների հետ։ Ավելացնենք միայն‚ որ այսօր այդ ավտոբուսը դարձել է տիեզերական արագություններով սլացող անվերջանալի գնացք։ Այդ գնացքում մի փոքրիկ տեղ էլ մենք ենք պատրաստվում գրավել՝ ստեղծելով հայկական ծրագրաշարը այն ենթադրությամբ‚ որ դժվար թե վարորդը հայ լինի։


ԱՇԽԱՐՀՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԼԵԶՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Կարելի է համարել‚ որ անգլերենը այս ասպարեզում ամենակատարյալ մշակումներն ունի։ Փաստորեն անգլերեն գրավոր տեքստի համար ձեւայնացված եւ համակարգված են գրանշանային համակարգը‚ բառի կազմության եւ իմաստների համակարգը‚ շարահյուսական‐իմաստաբանական համակարգը‚ իմաստների համարժեքների՝ հոմանիշների համակարգը‚ ընդհուպ մինչեւ իմաստային տեքստերի վերլուծումն ու սերումը (գեներացիա)։ Լավագույնս լուծված են թարգմանչական խնդիրները։ Լուծված են անգլերեն տեքստի ձայնային վերարտադրության եւ բանավոր խոսքի ճանաչման՝ տեքստի վերածման խնդիրները‚ ընդհուպ մինչեւ խոսողի նույնացման համակարգերը։ Համակարգերը կարելի է համարել իդեալական‚ քանզի նրանց խոսքի ճանաչման մակարդակը ավելի բարձր է‚ քան մարդունը։ Սա պայմանավորված է ձայնի վերլուծման‚ տեքստի սրբագրման‚ քերականական վերլուծության եւ իմաստային կառույցների համակարգերի համատեղ կիրառմամբ։ Հրատարակչական համակարգերը ինքնաշխատ տողադարձումով‚ ներդրված սրբագրիչով‚ գունաբաժանումով‚ էջադրման եւ տառերի ձեւավորման հնարավորություններով‚ տառատեսակների անթիվ‐անհամար քանակությամբ եւ կատարյալ որակով թույլ են տալիս ոչ միայն գրքերը‚ ամսագրերը‚ թերթերը‚ այլեւ նույնիսկ անհատի պարզ նամակագրությունը հասցնել արվեստի ստեղծագործության մակարդակի։

Ոչ այդ աստիճան‚ բայց բարվոք վիճակում են ֆրանսերեն‚ գերմաներեն‚ իսպաներեն լեզվական համակարգերը։

Ռուսերեն լեզվի համար կարելի է ասել‚ որ նրա շուկան մեծ է եւ այս ասպարեզի առաջատար կազմակերպությունները շահագրգռված են տրամադրել ֆինանսներ ռուսերենի լեզվական համակարգերի ստեղծման համար։ Չնայած ռուսերեն համակարգեր եւ ռուսերեն խոսքի սերման եւ ճանաչման առաջին ծրագրերը ստեղծվել են Հայաստանում (թող զարմանալի չթվա‚ որ ժամանակին այս ասպարեզում Հայաստանը առաջ էր)‚ այժմ լիարժեքորեն ֆինանսավորվում եւ զարգանում են ռուսերենի բոլոր համակարգերը՝ Macintosh‚ IBM համակարգիչների Գործողությունների համակարգեր (OS)‚ զանազան խմբագրեր‚ Հրատարակչական համակարգեր (ռուսացված Ventura Publisher‚ Page Maker‚ եւ բազմազանություն ապահովող True Type տիպի հարյուրավոր որակյալ տառատեսակներ‚ տողադարձման ծրագրեր)‚ զանազան սրբագրող ծրագրեր եւ բառարաններ‚ ռուսերեն տպագիր տեքստի մուտքագրման համակարգեր (այս մշակումն իրականացրել են հայաստանի մասնագետները‚ որոնք այժմ Մոսկվայում են)‚ ռուսերեն խոսքի վերլուծման‚ ճանաչման եւ սերման համակարգերը (Հայաստանի մասնագետների մասնակցությամբ)‚ խաղային եւ ուսուցողական համակարգեր եւ այլ։

Տարօրինակ է‚ բայց կարելի է ասել‚ որ Ինֆորմացիայի Փոխանակման եւ Մշակման ռուսական հիմնօրինակ գոյություն չունի։ Օգտագործվում է Բուլղարական Կիրիլիցայի տարբերակը‚ որն անմտածված ձեւով լրացվում է ռուսերենին անհրաժեշտ գրանշաններով‚ որով խախտվում է այբբենական կարգը եւ կարելի է լիարժեք արտահայտել միայն 1917 թվականի ուղղագրական փոփոխություններով հրատարակված տեքստերը (փաստորեն կորսվել է մինչեւ 1917 թ․ լեզվամշակութային արժեքները‚ նույնիսկ չեն կարող ունենալ աստվածաշնչի ռուսերեն տարբերակը)։ Ինչպես եւ աշխարհի մյուս ազգերը‚ ռուսները նույնպես չեն խուսափել վատ հիմնօրինակ ունենալուց եւ ստիպված շատ ավելի բարդ համակարգերով եւ մեծ ծախսերով պետք է ներմուծեն‚ մշակեն‚ պահպանեն եւ զարգացնեն ռուսական լեզվամշակույթը։

Միջազգայնորեն ընդունված ինֆորմացիայի Համընդհանուր Տասական Դասակարգման (ՀՏԴ — UDC‚ Universally Digital Coding) համակարգը ստեղծվել եւ զարգանում է աշխարհի շուրջ 250 առաջատար գիտական կենտրոնների համատեղ ջանքերով՝ նպատակ ունենալով ստեղծել գիտելիքի դասակարգման համընդհանուր համակարգ։ Սկզբնական խնդիր ունենալով գրադարանային գործի միասնականացումն ու ձեւականացումը‚ այն վերաճեց առավել էական համակարգի եւ դարձավ համընդհանուր իմաստաբանական ձեւական լեզվական կառույց‚ որով նկարագրվում է մարդկության ամբողջական գիտելիքը։

Հիմնական բառարանը կամ իմաստային դաշտերի արժեքների քանակը մոտ 100՛000 բառ‐արտահայտություն է‚ իսկ հետագա տարեկան լրացումներով հանդերձ՝ մոտ 500՛000։ ՀՏԴ բառերը արժեքավորում են ստորակարգված դասերի դաշտերը‚ որտեղ ամեն մի դաշտ իր հերթին հղվում է համապատասխան ստորակարգ դասին։ Քանի որ բոլոր ազգերը օգտագործում են նույն թվանշանները եւ թվերի ներկայացման տասական համակարգը‚ ապա դաշտերի արժեքները տառերով ներկայացնելուն զուգահեռ թվանշաններով ներկայացնելը համընդհանուր օգտագործման հնարավորություն է ստեղծում։ Նշենք‚ որ թվանշանների կիրառումը եւ տասական անվանումը նպատակահարմարության եւ ընդհանրության խնդիրը լուծելու զուտ տեխնիկական եղանակ է‚ որը չունի կոնկրետ լեզվական սահմանափակում։ Դասերի եւ նրանց դաշտերի արժեքների միջազգային կարգավորումը եւ համարակալումը թույլ է տալիս պարզագույն ավանդական եղանակներով կազմակերպել համընդհանուր դասակարգման խնդիրը‚ նպաստում է ազգային լեզուների զարգացմանն ու նոր իմաստային արժեքների հայտնվելուն‚ լեզվական հնարավորությունների առումով հավասարեցնում եւ համարժեք է դարձնում ազգային լեզուները։ Իմաստային դաշտերի միասնականացման եւ ներկայացման ավելի հարմար եւ բնականոն եղանակ‚ քան տասական համարակալումն է‚ գոյություն չունի եւ չի առաջարկվում։ Նույնիսկ մի լեզվի շրջանակներում‚ ասենք անգլերենի‚ խնդիրը չի փոխվում‚ քանզի գիտելիքի դասակարգման համակարգը եւ նրա իմաստային դաշտերի արժեքները սկզբունքորեն տարբեր են բնական լեզվի իմաստային դասերից եւ այդ դասերի իմաստային դաշտերի արժեքներից։

ՀՏԴ համակարգի բառարանը կարելի է ներկայացնել որպես բացատրական բառարան‚ որի ձախ կողմում տրված է թիվ‚ իսկ աջ կողմում բերված է նրա իմաստը։ Փաստորեն‚ թվերը հանդիսանում են համընդհանուր լեզվի իմաստներ‚ իսկ այդ իմաստների գրանշանային արժեքները տրվում են թվանշաններով (տասական համակարգով)։ Որեւէ լեզվում իմաստների բառային (տառային) ներկայացումը (թարգմանումը) թույլ է տալիս լուծել դասակարգման խնդիրները տվյալ լեզվի շրջանակներում։ Ակնհայտ է‚ որ ՀՏԴ համակարգում որեւէ լեզվի բառարանով կատարվող աշխատանքները միարժեքորեն տեղափոխելի ու թարգմանելի են‚ քանզի բոլորը թարգմանում եւ թարգմանվում են համընդհանուր լեզվից։ Նշենք‚ որ ինչպես եւ մարդկային հասկացությունները եւ պատկերացումները‚ ՀՏԴ համակարգի դասերը եւ իմաստները զարգացման մեջ տրոհվում եւ ճյուղավորվում են‚ ստեղծելով մարդկային ճանաչողության ամբողջական ծառը։

Հղումների ստորակարգված շղթան դասակարգվող տարրի իմաստը մանրամասնում է ընդհանուրից մասնավորի սկզբունքով։ Օրինակ‚ 5․4․67․18․77 արտահայտությունը‚ որը հայերեն թարգմանվում է Արվեստ>Նկարչություն>Գրաֆիկա>Օֆորտ>Սարքավորում‚ դասակարգում է այն սարքավորումները‚ որոնցով օֆորտ եղանակով գրաֆիկական նկարներ են ստեղծում արվեստի բնագավառում։ Բառերը եւ արտահայտությունները‚ որոնք օգտագործվում են որպես տվյալ դասի եւ նրա դաշտերի արժեքներ‚ ընդհանուր են եւ կազմում են ՀՏԴ Բանալի Բառերը‚ Առանձին դասերը կարող են օգտագործել նույն բառերը կամ ընդհանրապես ունենալ նույն հղումները։ Փաստորեն‚ ՀՏԴ համակարգը դա գիտելիքի ներկայացման հղումների ծառ է‚ որի դաշտերի արժեքները ներկայացվում են բանալի բառերով կազմված արտահայտություններով։ Լեզվական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է նաեւ ունենալ եւ կարգավորել Բանալի Բառերը։ Եթե օգտագործվում են բանալի բառեր‚ ապա ինքնաշխատ ձեւով ստացվում են Դասակարգման Տասական Արտահայտություններ եւ հակառակը‚ ցանկացած Դասակարգման Տասական Արտահայտությունից ստացվում են Բանալի Բառերի համարժեք խումբ։ Այս ասպարեզում համակարգիչների կիրառումը թույլ տվեց ավելի լայնորեն կիրառել Բանալի Բառերի համակարգը‚ քանզի ինքնաշխատ ձեւով կատարվում են թարգմանությունները ՀՏԴ եւ այլ լեզուներով։ Համակարգիչներով աշխատող համակարգերից օգտվողները‚ որոնք օգտվում են Բանալի Բառերով աշխատող համակարգերից‚ չեն էլ տեսնում իրենցից «թաքցրած» ներքին ներկայացումներում գործող Տասական Դասակարգման թվային արտահայտությունները‚ ինչպես հաճախ չեն տեսնում եւ չեն գիտակցում գրանշանների կոդերը։ Կարելի է ասել‚ որ Բանալի Բառերը եւ նրանցից կազմված արտահայտությունները կոդավորվում են ՀՏԴ համակարգի թվային արտահայտություններով եւ համակարգիչներով իրականացված ծրագրային համակարգերից օգտվողները տեսնում են Բանալի Բառերի միայն տառային համարժեքները‚ իսկ թվանշանային ներկայացումները ներքին ներկայացման խնդիր են հանդիսանում։

ՀՏԴ Գիտելիքների Ծառը սահմանում է լեզվի զարգացման տվյալ փուլին համապատասխանող Բացատրական Բառարանի բառացանկը եւ որոշում է այդ բառարանի ձեւական կառույցը։ Սահմանվում են բացատրվելիք բառերը եւ այն եզրերը‚ որոնցով կազմվում են բացատրությունները‚ բայց իրենք չեն բացատրվում (բազիս)։

Նշենք‚ որ առկա ՀՏԴ համակարգը որպես իմաստային դաշտերի‚ նրանց արժեքների եւ իմաստաբանական դասակարգման լեզվական կառույց ամենաընդգրկուն եւ ամենակատարյալ ձեւականացումն է։

Արժե հիշատակել ամերիկյան MicroSoft եւ Apple կազմակերպությունները‚ որոնք ստեղծում են IBM եւ Macintosh դասի համակարգիչների աշխարհի բոլոր լեզուներով համակարգերը։

MicroSoft—ի տարեկան շրջանառությունը կազմում է 30 (երեսուն) միլիարդ դոլար‚ իսկ տերը՝ Բիլ Գեյթսը‚ Ամերիկայի ամենահարուստ մարդն է։ Այսօր շատ քիչ ազգեր կան‚ որոնք չունեն IBM համակարգիչների սեփական լեզվով համակարգեր՝ համենայն դեպս‚ չունեն Հայաստանը‚ Վրաստանը եւ նախկին սոցլագերի երկրները‚ բացի Ռուսասաստանից։ Պարսկերեն Windows համակարգը ստեղծվեց վերջերս‚ որի իրականացնողն‚ ի դեպ‚ հայ է։ Գումարները‚ որոնք անհրաժեշտ են այս համակարգերը ստեղծելու համար‚ տրամադրում է MicroSoft կազմակերպությունը‚ որը հեագայում շահույթ է ստանում այդ համակարգերի իրացումից։ Երկրները‚ որոնց համակարգերը շահութաբեր չեն‚ իրենք են տրամադրում այդ գումարները‚ որը կազմում է մեկից տասը միլիոն դոլար։ Օրինակ՝ հայերեն պատրաստի սբագրող ծրագիրը Word խմբագրին կցելու թույլտվության համար միայն պահանջվում է կեսից մինչեւ մեկ միլիոն դոլար։ Այս ասպարեզում լինելով պատմականորեն առաջինը եւ ունենալով մենատիրություն IBM‐ի համակարգերի ստեղծման ասպարեզում (DOS‚ Windows)‚ MicroSoft‐ը թելադրում է այս համակարգերի ստեղծման քաղաքականությունը‚ արագ շահույթ ստանալու համար ստեղծում է մեծաքանակ անորակ (նույնն է‚ թե էժան) ծրագրային արտադրանք‚ շատ դեպքերում‚ կամա թե ակամա‚ արգելակում է աշխարհի լեզվամշակութային խնդիրների լուծումն ու զարգացումը։ Ապագա չունեցող‚ բայց լայնորեն կիրառվող (օրինակ՝ DOS‚ Windows) համակարգերի պատճառով շատ ազգեր հայտնվել են անելանելի եւ կախյալ վիճակում։

Apple‐ի տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 14 (տասնչորս) միլիարդ դոլար‚ ստեղծվել է ավելի ուշ‚ քան IBM եւ Microsoft կազմակերպությունները‚ չորս երիտասարդ մասնագետների կողմից։ Apple‐նշանակում է խնձոր‚ իսկ նրա արտադրության համակարգիչի Macintosh անվանումը պայմանավորված է ամերիկացիների ամենասիրած Մաքինթոշ տեսակի խնձորով։ Նրանց խորհրդանիշը՝ O‚ կրծած խնձորը նշանակում է‚ որ այս համակարգիչով աշխատելը նույնքան հեշտ ու հաճելի է‚ որքան մաքինթոշ խնձոր կրծելը։ Տղաները` Սթիվ Ջոբսը եւ Ստեֆան Վոզնյակը առաջին Apple համակարգիչը ստեղծեցին ավտոտնակում (բայց պետք է հասկանալ‚ որ այդ ավտոտնակը Ամերիկայում էր)‚ որը հիմք դրեց մարդու եւ հումանիտար ասպարեզի համար ամենակատարյալ համակարգիչի արտադրությանը։ Apple‐ի արտադրած Macintosh‐ները ի սկզբանե լսում ու խոսում էին‚ ունեին մարդուն շատ հարմար ղեկավարվող սարք՝ մկնիկ (Xerox կազմակերպության հայտնագործությունն էր)‚ մարդու աչքերը չծանրաբեռնող‚ խելացի մտածված գրաֆիկական պաստառ‚ մարդու հոգեբանությանը հարմար եւ պարզ ղեկավարվող գործողությունների համակարգ‚ որը ներկայացվում էր որպես պատուհանների‚ ծրարների‚ պիտույքների եւ գրառումների համակարգ‚ կիրառվել էին ծրագրավորման լավագույն եւ ապագա ունեցող համակարգեր‚ հեշտությամբ միավորդում էին ցանցերում եւ այդ միջոցով ցանկացած արտաքին սարքերի հետ։ Չնայած IBM եւ Microsoft կազմակերպությունների հետ դաժան մրցակցությանը‚ որը պայմանավորված էր որակյալ արտադրանքի ավելի թանկ արժեքով եւ փոքր շուկայով‚ IBM եւ Microsoft կազմակերպությունների կողմից Apple‐ի հեղինակային իրավունքների խախտումով եւ նրանց կողմից տառացի գողություններով‚ Apple‐ը հաղթանակեց ոչ միայն շտկելով իր ֆինանսական դրությունը‚ այլեւ ապացուցեց այս ասպարեզում ստրատեգիական մոտեցումների առավելությունը օրական շահույթի ստացման խնդրի լուծման համեմատ։ Նշենք‚ որ այս ամենը հնարավոր եղավ միայն այն պատճառով‚ որ Ամերիկայում իրապես գործում են հեղինակային իրավունքներին եւ մտավոր սեփականությանը վերաբերող օրենքներ։ Այսօր IBM եւ MicroSoft կազմակերպությունները համատեղ գործունեություն են ծավալում Apple‐ի հետ‚ քանզի զարգացման այլընտրանք չունեն։

Apple կազմակերպության Macintosh‐ի համակարգերը ի սկզբանե եղել են բազմալեզու եւ թույլ են տալիս միաժամանակ աշխատել մի քանի լեզուներով։ Նույնիսկ անգլերեն կողմնորոշում ունեցող համակարգերը հնարավոր է հայացնել համարյա թե լրիվ‚ բացի անգլերենից տարբերվող հայերենի հիմնարար լեզվական կառույցներից։

Ինչպես MicroSoft այնպես էլ Apple կազմակերպությունների հետ հարաբերությունները կարիք ունեն պետական աջակցության՝ ոչ այնքան ֆինանսական‚ որքան կարգավիճակը եւ պետականությունը ներկայացնելու խնդրում։

Ակնհայտ է‚ որ ամերիկյան այս եւ համանման կազմակերպությունները իրենց ծրագրային արտադրանքով ստիպողաբար եւ մինչեւ վերջ չգիտակցվող չափերով տարածում են ագլերենն ու ամերիկանիզմը։ Այս ասպարեզի հայ մասնագետների շրջանում ռուսամտությունը‚ իսկ այժմ ավելի մեծ չափերի սպասվող ամերիկանիզմը մեծ վտանգ է ազգային լեզվամշակութային արժեքների պահպանման եւ զարգացման համար։

Ակնհայտ է նաեւ‚ որ ոչ մի ազգ լիարժեք չի կարող լուծել այլ ազգի լեզվամշակութային խնդիրները։ Այն պետք է գիտակցվի եւ լուծվի ազգի կողմից որպես ազգային գոյապահպանման գերխնդիր։


ՀԱՅԵՐԵՆԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ

Լիարժեք հայկական համակարգեր‚ սկզբունքորեն‚ գոյություն չունեն։ Ինչպես IBM‚ այնպես էլ Macintosh համակարգիչների համակարգերը լիովին չեն հարմարեցված հայերենի պահանջներին‚ քանի որ ինքը համակարգը ի սկզբանե լեզվական կողմնորոշում ունի՝ անգլերեն‚ ֆրանսերեն‚ արաբերեն‚ եբրայերեն‚ ռուսերեն կամ այլ։ Ակնհայտ է‚ որ հարցի լուծումը հայերեն կողմնորոշված համակարգ ստեղծելն է‚ որը հնարավոր է միայն Apple եւ Microsoft կազմակերպությունների միջոցով (իհարկե համապատասխան գումարների առկայության դեպքում‚ իսկ IBM—ի սարքային փոփոխությունները երեւի ինքներս կարող ենք անել)։

Համակարգիչներով աշխատելու համար անհրաժեշտ առաջնային համակարգերից մեկը դա համակարգիչով տեքստային ինֆորմացիայի փոխանակման եւ մշակման համար գրաֆիկական եւ ղեկավարման նշանների հավաքածուն է։ Նրանց փոխանակումը‚ մշակումը եւ արտապատկերումը կատարվում է ըստ աղյուսակի՝ ամեն մի վանդակի համար սահմանված կարգով։ Համակարգիչներում համակարգերի լիարժեք եւ հստակ աշխատանքը‚ ապագայում առաջացող խնդիրների լուծման‚ ստեղծված եւ ստեղծվելիք ծրագրային համակարգերի գինը եւ հնարավորությունները որոշվում են այս աղյուսակի մշակման կատարելությամբ։

Ինֆորմացիայի Փոխանակման եւ Մշակման Հայկական հիմնօրինակը թույլ էր տալիս աշխատել գրաբար‚ արեւելահայերեն‚ արեւմտահայերեն‚ արդի եւ դասական ուղղագրություններով‚ ունի կետադրական նշանների լիարժեք հավաքածու եւ նույնիսկ ներառում է ազգային խորհրդանշանները։ Լավագույնս իրականացված են այբբենական դասակարգման‚ աշխարհում ստեղծված ծրագրերի հետ հայերենի համատեղ օգտագործման հնարավորությունները։ Հիմնօրինակի շահագործման յոթ տարիների փորձը ցույց է տալիս‚ որ այլ ազգերի Հիմնօրինակների համեմատ հայկականը կարելի է համարել կատարյալ։

IBM‐համատեղելի համակարգիչների դեպքում հայկական հիմնօրինակը DOS‐ում լիարժեք իրականացնում են ARMENIAN եւ NLS սարքավար (driver) ծրագրերը։ Երկու սարքավարներն էլ իրականացնում են հայկական հիմնօրինակի բոլոր աղյուսակները‚ ինչպես նաեւ ռոմանագերմանական լեզուների‚ հունարենի‚ վրացերենի‚ ռուսերենի‚ եբրայերենի‚ արաբերենի եւ պարսկերենի հիմնօրինակները (վերջին երեքը իրականացված են աջից ձախ մուտքագըրման հնարավորությունով)։ Windows‐ում լիարժեք կարելի է աշխատել NLSWin, KDWin եւ WinKey ծրագրաշարերով (վերջինում առկա են որոշակի թերություններ‚ սակայն դրանք սկզբունքային չեն եւ ի վերջո կբերվեն ստանդարտի)։

Macintosh համակարգիչների համար ամեն մի տարբերակ ունի իրեն հատուկ ArmSystem հայկական համակարգը‚ որը իրականացնում է այս դասի համակարգիչներում Հայկական Հիմնօրինակը։ Ցավոք‚ այս հիանալի դասի համակարգիչներն ստեղծող ամերիկյան Apple կազմակերպությունը դեռեւս չի հետեւում Հիմնօրինակների Միջազգային Կազմակերպության (ՀՄԿ) պահանջներին եւ‚ բացի մի քանի բացառություններից‚ համակարգիչներում իրականանում է Հայկական Հիմնօրինակի այլընտրանքային տարբերակը։ Մոտ ապագայում սպասվում է այդ կազմակերպության կողմից ՀՄԿ‐պահանջներին բավարարող համակարգերի իրականացումը‚ որը թույլ կտա հումանիտար ասպարեզի համար լավագույնս հանդիսացող Macintosh համակարգիչներում լիարժեք իրականացնել հայկական հիմնօրինակը։

PDP դասի համակարգիչների համար իրականացումները կատարվում են սարքերի ձեւափոխման միջոցով։ Այսօր Հայաստանում IBM եւ Macintosh համակարգիչների մեծաքանակ առկայությունը գործնականում կասեցրել է PDP դասի համակարգիչների համար հայկական համակարգերի մշակման աշխատանքները։

IBM DOS հայկական համակարգում հայերեն գրանշանների հավաքածուն իրականանում է այլընտրանքային տարբերակով‚ որում լատինական գրանշանների մի մասը օգտաործվում են որպես հայերեն գրանշաններ։ Սեծատառ‐փոքրատառ‚ հատուկ նշաններ‚ թվեր‚ լատինական տառերն իրականանում են‚ սակայն խախտված է լատինատառ տեքստի կետադրությունը եւ հայերենին հատուկ առոգանության նշանների (՛‚՜‚՞) դասակարգումն ու ճանաչումը։ Որոշ ծրագրերում հնարավոր է հայերենի ձայնավոր‐բաղաձայն դասակարգումը։ Համանման վիճակ է Macintosh‐ի համակարգի դեպքում։ Այս ամենը անգլերենն իրականացնող ASCII (American Standard Cod for Information Interchange) հիմնօրինակի անկատարության հետեւանք է։

Հայերեն այլընտրանքային համակարգերը բազմազան են՝ դեռեւս Հայկական Հիմնօրինակի պետականորեն չընդունվելու պատճառով։ Փաստորեն գրանշանների թերի հավաքածուներով եւ չհամընկնող կոդավորումներով են ստեղծվել եւ գործում անձնագրային շտեմարանը‚ կառավարության գործավարության շտեմարանը‚ հարկային վարչության շտեմարանը‚ բանկային համակարգը։ Համակարգչային ցանցերով այս տվյալների փոխանակությունը արդեն դարձել է թյուրիմացությունների առարկա։ Լրատվական «Նոյյան տապան»‚ «Սնարք» եւ այլ գործակալություններ‚ խմբագրություններ‚ համակարգչային ցանցի «ԱրմԻնքո» եւ այլ կազմակերպություններ արդեն ի վիճակի չեն արդյունավետ կազմակերպել իրենց գործունեությունը։ Չի գիտակցվում‚ որ գրանշանների այս համակարգը ապահովում է ձեւական համակարգերում ինֆորմացիայի լիարժեք եւ միարժեք ներքին ներկայացումը‚ փոխանակումը‚ մշակումը եւ մարդուն հարմար վերջնական ներկայացման հնարավորությունը։

Ինչեւէ‚ այս համակարգերը ապագա չունեն եւ շուտով կվերանան։

IBM Windows հայկական համակարգի գրանշանների հավաքածուն լիարժեք է եւ բոլոր իրականացումները համապատասխանում են հայկական հիմնօրինակին։ Սեծատառ‐փոքրատառ‚ հատուկ նշաններ‚ թվեր‚ լատինական կետադրական նշաններ‚ լատինական տառերն իրականանում են‚ սակայն չի լուծվում հայերենին հատուկ առոգանության նշանների (՛‚՜‚՞) դասակարգումն ու ճանաչումը։ Որոշ ծրագրերում հնարավոր է հայերենի ձայնավոր‐բաղաձայն դասակարգումը։ Apple կազմակերպության կողմից Macintosh‐ի համակարգի ստանդարտների փոփոխումը նույնպես թույլ կտա ստեղծել համարժեք հայկական համակարգ։

Համակարգիչներով հայերեն հրատարակչական աշխատանքները կատարվում են Ventura Publisher (արդեն հնացած է)‚ Page Maker‚ QuarkXPress‚ Microsoft Word էջադրող համակարգերով (նորերը իրականացված են ինչպես IBM‚ այնպես էլ Macintosh համակարգիչների համար)։ Հայերեն տեքստերը նախապես վանկատելով եւ տողադարձման նշանները անմիջապես տեքստում գրառելով‚ այս համակարգերում եւ‚ երեւի թե ընդհանրապես‚ հնարավոր եղավ իրականացնել ինքնաշխատ տողադաձում։

Հայկական տառատեսակներ ստեղծվել են մոտ մի քանի տասնյակ‚ սակայն պետական ստանդարտների բացակայության պատճառով չկա հնարավորություն որեւէ ձեւով կարգավորելու նրանց որակը եւ բազմազանությունը։ Նախկինում գործածվող լինոտիպային շարվածքի տառատեսակները չեն կիրառվում‚ քանզի այս նոր տեխնոլոգիաները շատ ավելի լայն հնարավորություններ ունեն տառաստեղծման‚ բարձրորակ շարվածքի‚ տառերով ձեւավորման եւ էջադրման համար։ Կարելի էր մտածել‚ որ Հայաստանում առկա տառաստեղծման դպրոցը (Սամվելյան‚ Մնացականյան եւ այլոք) թույլ կտա արագորեն ստեղծել այս նոր տեխնոլոգիաների համար բազմաքանակ տառատեսակներ։ Ցավոք‚ ավանդական մտածողությունը եւ նորի (համակարգիչի) նկատմամբ հոգեբանական արգելքները թույլ չտվեցին տառաստեծման ավանդական դպրոցի ներկայացուցիչներին յուրացնելու այս առաջավոր տեխնոլոգիաները։ Այժմ տառատեսակներ ստեղծվում են շատ քիչ անհատների կողմից։ Հիմնականում լիարժեք են Պավել Դալլաքյանի եւ Ռուբեն Թարումյան‐Հակոբյանի ստեղծած տառատեսակները‚ «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի եւ ամերիկյան «Bytec» կազմակերպության որոշ տառատեսակներ։ Կարելի է համարել‚ որ մնացածը անճաշակ‚ տպագրական որակ չապահովող‚ լինոտիպային շարվածքին տուրք տվող եւ վնասակար տառատեսակներ են։

Տողադարձման ծրագրերի առկայությունը հուշում է‚ որ հայերենի համար այսպես թե այնպես մշակված են գրանշանների հավաքածուն‚ նրանց դասակարգումը‚ հարաբերությունների ձեւայնացումը‚ տեքստի տարրերը‚ հիմնարար կաղապարները‚ բառի վանկատման համակարգերը։ Հայերեն տպագիր տեքստերի ճանաչման եւ մուտքագրման համակարգեր չեն ստեղծվել‚ սակայն անգլերենի համար եղածը որոշ չափով օգտագործվում է (Հիմնականում խրթին տեքստերի մուտքագրման համար‚ օրինակ՝ Սայաթ‐Նովայի երգարանը)։

Հայերեն բանավոր խոսքի վերլուծման եւ սերման համակարգերը լիարժեք չեն եւ բացի ցուցադրական համակարգերից եւ սարքավորումների արդեն հնացած մշակումներից‚ այլ իրականացումներ չկան։ Որոշ աշխատանքներ եւ իրականացումներ կատարվել են Ազգային անվտանգության վարչության համար‚ սակայն շարունակություն եւ զարգացումներ չեն ունեցել ֆինանսների բացակայության պատճառով։

Հայերեն համակարգերի վերջին նվաճումը կարելի է համարել «Հեգել» հայերեն տեքստեր սրբագրող առաջին ծրագիրը։ Հայերեն տեքստերի առաջին սրբագրիչը վաղուց սպասված ծրագիր է‚ որի ստեղծման համար անհրաժեշտ էր հաղթահարել լեզվաբանական եւ ծրագրային բազում դժվարություններ։ Հեգել — ավելի քան ծրագրի անվանումն է․ ծրագիրը իսկապես սրբագրում է հայերեն տեքստը հեգելով՝ հայերեն բառերը ենթարկելով բառակազմական տրոհման։ Հաշվի առնելով հայերեն բնագրի 1600‐ամյա պատմությունը‚ բուն լեզվի եւ ուղղագրությունների փոփոխությունը‚ արեւելահայերեն եւ արեւմտահայերեն գրական լեզուների առկայությունը՝ Հեգելը նախատեսված է հայերեն բնագրերի վեց տարբերակների սրբագրման համար։ Հաշվի է առնված հայերեն տեքստերի կոդավորման տարբերակների եւ IBM‚ Macintosh համակարգիչներին հատուկ տեքստային ձեւերի առկայությունը։ Հեգելով սրբագրման դեպքում տեքստերը նախապես կանոնավորվում են՝ հեռացվում են ավելորդ բացատները‚ ղեկավարման նշաններն ու այլ կարգի ավելորդությունները‚ տեքստը ձեւավորվում է ըստ հայերեն բնագրի պահանջների։ Տարբեր կոդավորումներով աշխատելու դեպքում համապատասխանությունները ապահովվում են լիարժեք եւ միարժեք։ Հեգելը սրբագրում է հայերեն տեքստում հանդիպող բոլոր կառուցվածքները՝ գլուխ‚ պարբերություն‚ ուղղակի խոսք‚ ձախ (‚ «‚ {‚[եւ աջ)‚»‚}‚] նշանների համապատասխանություն‚ կցամասեր (ասենք‚‐ամյա մասնիկը «1600‐ամյա»‐ի դեպքում)‚ թվային արտահայտություններ‚ լատինատառ նշանակումներ‚ հայերեն տեքստի բաժանիչներն ու խոսքի բոլոր մասերը (գոյական‚ ածական‚ բայ‚ մակբայ‚ թվական եւ այլն)։ Հայերեն բառերը‚ որոնք չեն ընդգրկված սրբագրիչի բառարանում‚ կարող են մշտապես հիշվել նոր բառերի բառարանում‚ որոնք‚ որպես արդեն ճիշտ բառաձեւեր‚ հետագայում կօգտագործվեն ծրագրի կողմից նաեւ այլ տեքստերի սրբագրման համար։ Հարկ է նշել‚ որ օգտվողների մոտ այս նոր բառերի բառարանի առկայությունը թույլ կտա պարբերաբար հավաքել դրանք‚ մշակել եւ հարստացնել ու լրացնել Հեգելի լիակատար բառարանները։ Հեգելով սրբագրված տեքստերը կարող են գրառվել նաեւ նախկինից տարբեր կոդավորումով եւ IBM կամ Macintosh դասի համակարգիչների տեքստային ներկայացումով։ Սրբագրված տեքստին զուգահեռ ետեղծվում է նաեւ բառակազմական տրոհման ենթարկված տեքստ։

Հեղինակները (Վահրամ Մխիթարյան‚ Վռամ Ջիհանյան) հայերեն տեքստեր սրբագրող առաջին ծրագիրը նվիրել են մեծարգո ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանին‚ որի երկու մենագրությունները (»Ժամանակակից հայերենի տեսության հիմունքներ»‚ «Ժամանակակից հայոց լեզվի իմաստաբանություն եւ բառակազմություն») հիմք են հանդիսացել այս ծրագրի ստեղծման համար։ Պատվիրատուն գերաշնորհ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանն է‚ որը նպատակ ունի ստեղծել գրաբարի մուտքագրման‚ սրբագրման եւ մշակման համակարգեր։

Հիմնական թերությունը առաջարկների բացակայությունն է՝ սխալ բառերը եւ կառույցները գտնելուց հետո չի ասվում‚ թե որն է ճիշտ ձեւը կամ արտահայտությունը։ Հեգելի երկրորդ տարբերակը‚ որը կավարտվի 1996 թվականին‚ կունենա նաեւ այս մասը։ Դրա իրականացման համար անհրաժեշտ էր մշակել հայերենի բառաձեւերի սերման (գեներացիայի) համակարգը‚ որը մինչ այժմ հանդիպած խնդիրներից ամենաբարդն էր եւ որը հաջողությամբ լուծվել է հեղինակների կողմից։

Հասկանալի է‚ որ մշակված են հայերենի բառակազմության տարրերի հավաքածուն‚ նրանց դասակարգումը‚ կաղապարները‚ տարրերի հղումների ծառը‚ տրոհման եւ սերման համակարգը։ Հեգելը‚ հանդիսանալով հայերենի լեզվաբանության զարգացման նոր փուլ եւ նոր որակ‚ լինելով առաջնեկը‚ կարիք ունի հիմնարար ուսումնասիրությունների եւ շտկումների։

Հայերենի շարահյուսական համակարգերի ոչ մի իրականացում դեռեւս գոյություն չունի։ Նմանապես գոյություն չունեն բառարաններ‚ թարգմանիչներ‚ շտեմարաններ։

Եղած եւ լայնորեն օգտագործվող ծրագրերի (Norton Commandor‚ Windows‚ MacSystem‚ եւ այլ) թարգմանումը ավանդույթ չի դարձել եւ ծրագրերի հետ շփումը կատարվում է ագալալեզու միջավայրում։ Այս երեւույթի հետեւանքները դեռեւս չեն գիտակցվում եւ պետականորեն չեն կարգավորվում‚ չնայած հայերեն լեզվամտածողության խաթարմանը ամենաշատը նպաստում են այս համակարգերը։

Որպես եզրափակում ասենք‚ որ Հայաստանում առկա մասնագետների եւ նրանց ստեղծագործական հնարավորությունների դիմաց հայկական համակարգերի արդի վիճակը կարելի է բնութագրել մի բառով՝ ցավալի։


ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

Ստորեւ թվարկվում են հայերեն լեզվական մշակույթը համակարգչային հենքի տեղափոխման համար անհրաժեշտ հիմնական խնդիրները եւ տրվում համառոտ նկարագրություններն ու լուծման ճանապարհները։

ԼԵԶՎԻ ԳՐԱՆՇԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

«Ամենայն ինչ նովաւ եղեւ
եւ առանց նորա եղեւ ոչինչ‚ որ ինչ եղեւ»
ԳՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ։ Հիմնարար խնդիրն է եւ սահմանվում է հիմնօրինակով։ Սկզբունքորեն լուծում է հետեւյալ երկու խնդիրները․

Ա․ Ապահովում է մինչ այժմ ստեղծված եւ ստեղծվելիք տեքստերի լիարժեք եւ միարժեք մուտքագրումը‚ որը նշանակում է ստեղծել համարժեք ներքին ներկայացումներ‚

Բ․ Ապահովում է մարդուն ընկալելի հաղորդակցման եղանակներով (գրավոր եւ բանավոր խոսքով) ներքին ներկայացումների լիարժեք արտահայտումը։

Այսօր անհրաժեշտ է վերջապես պետականորեն ընդունել արդեն տասնամյա գործածություն ունեցող Հայկական Հիմնօրինակը եւ կարգավորել այն խառնաշփոթը‚ որն առաջացել է նույնիսկ պետական կառույցում։

ԳՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ։ Նույնպես սահմանվում եւ կարգավորվում է հիմնօրինակով։ Սրա հետ առնչվում են գրանշանների բնույթի‚ դասակարգման‚ ստորակարգման‚ խմբավորման‚ տեքստերի մուտքագրման խնդիրները։ Ընկալման համար դժվարություններ են գրանշանների քանակը (256 գրանշան)‚ նրանց գործառության միարժեքության անհրաժեշտությունը‚ բնույթով նոր եւ անսովոր իմաստները‚ ավանդական ընկալումների փոփոխումը։

Չնայած Հիմնօրինակում առաջարկված է նաեւ հայկական ստեղնաշարը‚ սակայն մոտ ապագայում անհրաժեշտություն կլինի նոր ուսումնասիրություններ կատարել եւ հարցի վերջնական լուծման համար մշակել հայկական ստեղնաշարի նոր հիմնօրինակ։ Արդեն անհրաժեշտ է ստեղծել ստեղնաշարով աշխատելու ուսուցման‚ մուտքագրված տեքստերի գնահատման ծրագրեր։

ԳՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՒԱՅՆԱՑՈՒՄ։ Նկարագրություն է‚ որով որոշվում են գրանշանների հարաբերությունները։ Օրինակ‚ առոգանության նշանների (՞‚՛‚՜) եւ մյուսների հարաբերությունը (այս նշանները կարող են լինել միայն ձայնավորներից անմիջապես հետո)‚ ո եւ ւ գրանշանները չեն կարող բաղդատվել եւ այլն։

Տեսական խնդիր է եւ պետք է ստեղծվի գրանշանների հարաբերությունների ձեւական նկարագրություն։

ՀԱՅԵՐԵՆ ՏԵՔՍՏԻ ՏԱՐՐԵՐ ԵՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԿԱՂԱՊԱՐՆԵՐ։ Հայերեն տեքստի տարրեր են հանդիսանում գրանշանների դասակարգված եւ ստորակարգված խմբերը (թվանշան‚ լատիներեն տառեր‚ ձայնավոր‚ բաղաձայն եւ այլն)‚ վանկ‚ բառ‚ բառարանային բառ (առանց առոգանության նշանների‚ առաջին տառը մեծատառ կամ փոքրատառ‚ իսկ մնացածը փոքրատառ)‚ կցամաս‚ լատինատառ բառ‚ թիվ‚ հռոմեական թիվ‚ բաժանիչ‚ շարույթ‚ նախադասություն‚ պարբերություն‚ ուղղակի խոսք‚ պարագրաֆ‚ գլուխ‚ մեջբերում‚ կողմնակի խոսք։ Այս տարրերը իրականանում են ձեւական կաղապարներով‚ որոնք իմաստային բնույթ չունեն եւ լուծում են տեքստի ձեւական վերլուծման եւ սերման խնդիրները։ Կաղապարների մշակումներով լուծվում է հայերեն բնագրերի մշակման առաջնային փուլը՝

ՀԱՅԵՐԵՆ ՏԵՔՍՏԻ ՏԱՐՐԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄՆ ՈՒ ՁԵՒԱԿԱՆ ՏՐՈՀՈՒՄԸ։ Անհրաժեշտ է ստեղծել ծրագրեր‚ որոնք ներմուծված հայերեն բնագրերը ձեւականորեն տրոհում են տարրերի‚ կազմում են նրանց ցանկերը (բառարանները)‚ ստուգում են համապատասխանությունը կաղապարներին‚ մաքրում են տեքստը ավելորդ եւ հավելուրդային նշաններից եւ ձեւավորում ըստ կաղապարման պահանջների։

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ։ Անհրաժեշտ է մշակել եւ պետականորեն ընդունել հրատարակչական հիմնօրինակներ։ Սկզբունքորեն պետությունը պետք է կարգավորի միջնակարգ եւ բարձրագույն դպրոցի դասագրքերի տպագրության‚ պետական գործավարության համար պիտանի տառատեսակները։

ՀԱՅԵՐԵՆ ԳՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՒ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ։ Քանի որ առանց այս համակարգերի հնարավոր չէ պատկերացնել տպագիր գրքերի մուտքագրումը հայերեն բնագրերի ոսկե շտեմարանի ստեղծման համար‚ այն նույնպես առաջնային խնդիր է։ Դժվարություններ չկան եւ միայն պատվերի խնդիր է։

ԼԵԶՎԻ ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Այս խնդիրները առնչվում են հայերենը համընդհանուր լեզվական համակարգում ներառելու խնդրի հետ։

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ։ Բառակազմական տրոհման տարրերի գրանշանային համակարգն է։

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ։ Արժեքները եւ խմբերը արտահայտում են հայերեն երեք գրական լեզուների՝ գրաբար‚ արեւելահայերեն եւ արեւմտահայերեն բառակազմական տարրերի պատմական‚ ծագումնաբանական եւ իմաստաբանական հատկանիշները։ Հիմնարար եւ ձեւաբանական խնդիր է։ Սրանով կայունացվում (դետերմինացվում) են հայերենի բառակազմությունն ու ուղղագրությունը։

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ԿԱՂԱՊԱՐՆԵՐ։ Ընդհանուր բառակազմության հիմնարար կառույցն է։ Այս կաղապարները համընդհանուր լեզվական կաղապարների հայկական տարբերակներն են‚ որոնք որոշում են բառակազմական տարրերի ձեւական հարաբերությունները։

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՀՂՈՒՄՆԵՐԻ ԾԱՌ։ Կցական լեզուներին հատուկ բառարանային կառույց է‚ որը լուծում է բառակազմական սերման (գեներացիա) խնդիրը։ Երեւի համաշխարհային լեզվաբանական պրակտիկայում նոր կիրառվող կառույց է‚ որը լիարժեք լուծում է նաեւ հայերենի բառակազմական տրոհման եւ սերման խնդիրը։

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՏՐՈՀՄԱՆ ԵՒ ՍԵՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ։ Հայերենում նույն իմաստին առնչվող բառաձեւերի բազմազանությունը հուշում է‚ որ առանց բառակազմական տրոհման՝ տեքստի մշակման նույնիսկ տարրական գործողությունները‚ օրինակ փնտրել‐գտնելը‚ չեն կարող իրականանալ։ Այս եւ նման խնդիրների լուծումը պետք է կատարվի բառակազմական տարրերի հղումների ծառի հիման վրա ստեղծված բառակազմական տրոհման եւ սերման համակարգերով։ Այս եղանակով պիտի ստեղծվեն եւ աշխատեն հայերեն տեքստի սրբագրիչները‚ ուղղագրության ձեւափոխիչները‚ թարգմանիչները։

ԼԵԶՎԻ ՇԱՐԱՀՅՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Այս համակարգերը լեզվամտածողության եւ արհեստական բանականության մոդելների հիմքերն են։

ՇԱՐԱՀՅՈՒՍԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ։ Որոշում են իմաստաբանական դաշտերն ու նրանց արժեքները։

ՇԱՐԱՀՅՈՒՍԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ։ Այս խնդրի հետ են առնչվում նաեւ Համընդհանուր Տասական Դասակարգման (Universal Digitally Coding) հայկական տարբերակի‚ Բանալի Բառերի համակարգի ու հոմանիշների բառարանի մշակումները։

ՇԱՐԱՀՅՈՒՍԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ԿԱՂԱՊԱՐՆԵՐ։ Որոշվում են իմաստային արժեքների փոխհարաբերությունները եւ տրամաբանական արդյունքները (քերականությունը)։ Լեզվական եւ առհասարակ տրամաբանության եւ մտածողության կաղապարների համախումբն է։

ՇԱՐԱՀՅՈՒՍԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՀՂՈՒՄՆԵՐԻ ԾԱՌ։ Իմաստային դաշտերի հղումների ծառը թույլ է տալիս տեքստերը տրոհել ըստ իմաստային դաշտերի‚ ստուգել բոլոր հնարավոր նախադասությունների ու արտահայտությունների իմաստային ճշտությունը‚ լեզվական իմաստային կառույցները։

ՇԱՐԱՀՅՈՒՍԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՏՐՈՀՄԱՆ ԵՒ ՍԵՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ։ Ծառի հիման վրա ստեղծվում են նաեւ հայերեն նախադասությունների իմաստային տրոհման եւ սերման համակարգերը։

ԼԵԶՎԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՆՉՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ։ Հայերենի համար քիչ ուսումնասիրված ասպարեզ է եւ կարիք ունի հիմնարար ուսումնասիրությունների ժամանակակից հնարավորությունների առումով։ Պետք է փորձարկվեն հնչույթների տրոհման մի քանի համակարգեր եւ ընտրվի հայերենին ամենահարմար հնչույթների համակարգը‚ կարգավորվի հիմնօրինակով‚ ստեղծվի հայերեն հնչույթների շտեմարանը։

ՀՆՉՈՒՅԹՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ։ Արդեն ընտրված համակարգի համար դասակարգում է հնչյութները ըստ ֆիզիկական բնութագրերի‚ արտաբերման եղանակների եւ այլ հատկանիշների։ Համապատասխանություն է ստեղծում հայերեն խոսող մարդու միմիկայի եւ հնչույթների հավաքածուի միջեւ։

ՀՆՉՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՒԱՅՆԱՑՈՒՄ։ Լուծում է հնչույթների զույգի կցման‚ հնարավոր հնչյունային անցումների խնդիրը։

ԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՅՆԱՑՈՒՄ։ Հայերեն արտասանության ռիթմի‚ վանկատման‚ առոգանության‚ կցված հնչույթների արտասանական հղկման խնդիրն է։

ԳՐԱՎՈՐ ԽՈՍՔԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՍԵՐՈՒՄ։ Լուծում է հնչույթների եւ գրանշանային համակարգի համապատասխանության խնդիրը։ Պետք է ստեղծվեն հայերենի հնչյունական տեքստի եւ սովորական տեքստերը հնչյունականի վերածման համակարգեր։ Փաստորեն‚ հայերեն տեքստի բոլոր տարրերը պետք է վերածվեն բառերի‚ իսկ այնուհետեւ հնչյունական տեքստի։ Օրինակ‚ տեքստում հանդիպած տարեթվերը‚ ասենք «1995» արտահայտությունը պետք է վերածվի «հազար ինը հարյուր իննսուն հինգ» բառերով արտահայտության‚ իսկ թելադրություն իրականացնող խնդիրներում՝ նույնիսկ կետադրական եւ հատուկ նշանները (ստորակետ‚ միջակետ‚ ուղղակի խոսք եւ այլ)։ Զուգահեռ լուծում է հայերեն խոսող մարդու դիմաշարժի խնդիրը։

ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԻՑ ՏԵՔՍՏԻ ՍԵՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ։ Այս համակարգով լուծվում են հայերեն խոսքի ճանաչման եւ‚ մասնավորապես‚ տեքստի վերածման խնդիրները։ Հնչյունական տեքստի լիարժեք մշակման համար պետք է գործեն բոլոր վերը թվարկված համակարգերը։


ԼԵԶՎԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐ

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՍԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ԵՒ ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ (ՀՏԴ—UDC) Միջազգայնորեն ընդունված ինֆորմացիայի դասակարգման համակարգի (Universally Digital Coding) եւ Բանալի Բառերի հայկական տարբերակի շտեմարանն է։

ՀՏԴ համակարգի եւ Բանալի Բառերի հայերեն տարբերակների մշակումը թույլ կտա ոչ միայն կազմակերպել գրադարանային‚ ստանդարտացման եւ գիտելիքի դասակարգման աշխատանքները հայերենով‚ այլեւ իրական հիմք ստեղծել հայերենի իմաստաբանական ձեւայնացման համար‚ նպաստել համաշխարհային առաջընթացին զուգընթաց հայերենի լեզվական հնարավորությունների զարգացմանը։

ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՈՍԿԵ ՇՏԵՄԱՐԱՆ։ Հայերեն ձեռագիր մշակույթի (5․րդ դարից մինչեւ 18‐րդ դար) շտեմարանն է․ այն ներառելու է աշխարհով մեկ սփռված հայերեն բոլոր ձեռագրերը (համակարգչային մատենադարան)։

ՀԱՅԵՐԵՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՈՍԿԵ ՇՏԵՄԱՐԱՆ։ Հազարվեցհարյուրամյա հայերեն գրավոր մշակույթի (5․րդ դարից առ այսօր եւ շարունակաբար) շտեմարանն է․ այն ներառելու է հայերեն բոլոր ձեռագրերի‚ գրքերի‚ ամսագրերի եւ ցանկացած այլ գրավոր փաստաթղթի պարունակությունը (համակարգչային գրադարան)։

ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՐԱՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆ։ Այն ընդգրկելու է հայերենի բնագրերի ոսկե շտեմարանի ողջ բառապաշարը։ Այս շտեմարանը հիմք է հայերեն եւ հայերենով երկլեզվյան ու բազմալեզվյան բառարանների աշխատանքի համար։

ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ։ Հանրագիտարանային գիտելիքների հայերեն շտեմարանն է։ Այն ընդգրկելու է տեքստ‚ պատկեր‚ խոսք‚ ձայն եւ շարժանկար։

ՀԱՅԵՐԵՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՇՏԵՄԱՐԱՆ։ Ընդգրկելու է մինչեւ տվյալ պահը վերջին մեկ տարվա լրատվությունը։

ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍՔԻ ՈՍԿԵ ՇՏԵՄԱՐԱՆ (ՁԱՅՆԱԴԱՐԱՆ)։ Հայերեն բանավոր (հնչյունային) խոսքի ընտրովի շտեմարանն է։ Այնտեղ պետք է ներկայացված լինեն գրական‚ բարբառային‚ ժողովրդախոսակցական‚ թերեւս նաեւ գռեհիկ լեզվի նմուշներ։

ՀԱՅ ՆՈՏԱԳՐԻ ԵՒ ԵՐԳԻ ՇՏԵՄԱՐԱՆ։ Պարունակում է հայերեն երգի տեքստն ու նոտագրությունը։ Լրացվում է տվյալ երկի լավագույն կատարումներով։

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒՄ ԵՒ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄ

Այս համակարգերը ապահովում են հայերեն միջավայրը համակարգիչներով աշխատելու դեպքում։ Առանց այս համակարգերի հայացման անհնար է նրանց ներդրումը միջնակարգ եւ բարձրագույն դպրոց‚ ծառայությունների եւ գործավարության կառույցներում‚ կապի եւ լրատվության ասպարեզում։

ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ (Operating System)։ IBM համակարգիչների դեպքում պարբերաբար պետք է թարգմանվեն եւ հարմարեցվեն DOS եւ Windows ծրագրաշարերը եւ համակարգերի շահագործման լրացուցիչ ծրագրերը (օրինակ Norton Commandor ծրագրաշարը)։ Macintosh համակարգիչների համար System‚ Finder եւ համակարգերի շահագործման լրացուցիչ ծրագրերը։

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ (Word processing)։ IBM համակարգիչների դեպքում պարբերաբար պետք է թարգմանվեն եւ հարմարեցվեն DOS‐ի ամենատարածված եւ լայնորեն կիրառվող խմբագրերը‚ Word եւ Write խմբագրերը․ նմանապես՝ Macintosh համակարգիչների դեպքում։

ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ։ Պարբերաբար պետք է թարգմանվեն եւ հարմարեցվեն QuarkXPress‚ PageMaker եւ PhotoShop համակարգերը։ Այս համակարգերում պետք է ընդգրկվեն պատմական արժեք ունեցող մատենագիր եւ տպագիր տառատեսականեր‚ ստեղծվեն նորերը։

ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՒ ԽԱՂԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ։ Անհրաժեշտություն կա ստեղծել ծրագրավորման հայերեն համակարգ՝ որպես ծրագրավորման Pascal համակարգի վերնակառույց (լուծումները շատ ավելի պարզ ու հասարակ են‚ քան կարելի է ենթադրել)։ Պետք է ստեղծվի Pascal‐ի հայերեն համարժեք բառապաշարը‚ լուծվի անգլերեն‐հայերեն փոխադարձ տառադարձման խնդիրը։ Բոլոր տեսակի անհրաժեշտ ուսուցողական եւ խաղային ծրագրերը պետք է անխտիր թարգմանվեն՝ այլընտրանք չունենք։


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

1․ Ինֆորմացիայի փոխանակման եւ մշակման հայկական հիմնօրինակ

Նպատակ։ Ակնհայտ։

Իրականացում։ Ներկայացված է 1991 թ․ Ստանդարտների վարչությանը‚ բայց մինչ այժմ պետականորեն չի ընդունվել։ Բաղկացած է հինգ մասից․

Հիմնօրինակի իրականացումները IBM եւ Macintosh համակարգիչների համար գործածվում են 1989 թվականից եւ լայն տարածում ունեն Հայաստանում եւ Սփյուռքում։

Ժամկետներ եւ ծախսեր։ Անմիջապես եւ հրատարակման ծախսեր։

2․ «ՀայMac»‚ «ՀայWin» եւ «ՀայDOS» հայկական համակարգեր

Նպատակ ունի տեղծել IBM եւ Macintosh համակարգիչներով հայերեն աշխատող համակարգեր։ Այն պետք է հնարավորություն ստեղծի համակարգում եւ այլ օգտագործման ծրագրերում միաժամանակ աշխատել անգլերեն եւ հայերեն (հայկական ստեղնաշար‚ համակարգի տառատեսակներ‚ շաբաթվա անուններ‚ ամսանուններ‚ մեծատառ‐փոքրատառ եւ այբբենական դասակարգում եւ‚ ցանկության դեպքում‚ հայացված հրամանաշար‚ երկխոսություններ եւ ընտրանիներ)։

Իրականացում։ Հայկական համակարգերի տարածման եւ շահագործման համար ստեղծվում է փաթեթ‚ կազմված հետեւյալ մասերից․

Հայկական IBM DOS համակարգ (ծրագրաշար եւ նկարագրություն)
Հայկական IBM Windows համակարգ (ծրագրաշար եւ նկարագրություն)
Հայկական Macintosh համակարգ (ծրագրաշար եւ նկարագրություն)
Փաթեթն իրականացվում է IBM եւ Macintosh համակարգիչների համար։

Ժամկետներ եւ ծախսեր։ Իրականացումները պետք է կատարվեն ամեն տարի‚ քանզի համակարգերը նորացվում կամ փոխվում են տարին մեկ։

Տարեկան ծախսերը՝ $10000 (տաս հազար)։

3․ Համընդհանուր Տասական Դասակարգման եւ Բանալի Բառերի շտեմարան

Նպատակ։ Ստեղծել Համընդհանուր Տասական Դասակարգման (ՀՏԴ) եւ Բանալի Բառերի համակարգի հայերեն տարբերակ։

Իրականացում։ Ստեղծվում է Հանընդհանուր Տասական Դասակարգման եւ Բանալի Բառերի համակարգչային շտեմարան‚ որը ներառում է տվյալ պահին գոյություն ունեցող բոլոր ՀՏԴ թվային արտահայտությունները‚ ՀՏԴ ազգային լրացումների թվային արտահայտությունները‚ բազմալեզու բառային համարժեքները հայերեն‚ անգլերեն‚ ֆրանսերեն‚ գերմաներեն‚ իսպաներեն‚ հունարեն‚ արաբերեն‚ պարսկերեն‚ եբրայերեն‚ ռուսերեն եւ նույն լեզուներով Բանալի Բառերը։

Ժամկետներ եւ ծախսեր։ 1—5 տարի‚ մոտ $50000 (հիսուն հազար)։

4․ Հայերեն գրանշանների‚ տեքստի‚ բառակազմության‚ շարահյուսության եւ իմաստաբանության ձեւաբանություն (դասակարգում եւ կաղապարում)

Նպատակ։ Ստեղծել հայերեն գրանշանների‚ տեքստի‚ բառակազմության‚ շարահյուսության եւ իմաստաբանության ձեւաբանություն (դասակարգում եւ կաղապարում)։ Ուսումնասիրությունները պետք է ընդգրկեն հայերենի գրաբար‚ միջին‚ արեւելյան եւ արեւմտյան լեզուները։ Ստեղծված աշխատությունները պետք է շարադրվեն համակարգչային ծրագրերի իրականացմանը հարմար լեզվով եւ մոտեցումներով։

Իրականացում։ Թեմատիկ ուսումնասիրություններ‚ աշխատություններ‚ մենագրություններ եւ դասագրքեր։ Ցանկալի են համակարգչային ծրագրերի տեսքով իրականացումներ։

Ժամկետներ եւ ծախսեր։ Հինգ տարի‚ մոտ՝ $50000 (հիսուն հազար)։

5․ Հայերեն տեքստի կարգավորման եւ տողադարձման ծրագիր

Նպատակ։ Ստեղծել IBM եւ Macintosh համակարգիչներով հայերեն տեքստերը կարգավորող եւ տողադարձող ծրագիր։

Իրականացում։ Ծրագիրը պետք է․

— Կարգավորի տեքստի ձեւով (Text format) համակարգիչ մուտքագրված հայերեն բնագրերի ցանկացած ծավալ‚
— Ինքնաբերաբար որոշի անծանոթ տեքստի լեզուն (հայերենը) եւ կոդավորումը (բոլոր հնարավոր եւ առաջարկվող տարբերակներով)‚ վերակոդավորի եւ վերջնական գրառումները կատարի ցանկալի ստանդարտ կոդավորումով (ըստ ArmSCII—8‚ ArmSCII‐7‚ ArmSCII—A հիմնօրինակների)‚
— Ըստ ձեւական կաղապարների կարգավորի հայերեն տեքստի հիմնարար կառուցվածքները (գլուխ‚ պարբերություն‚ ուղղակի խոսք‚ մեջբերում եւ կողմնակի խոսք (ձախ (‚ «‚ {‚ [‚ եւ աջ)‚»‚}‚] նշաններ)‚ կցամաս‚ թվային արտահայտություն‚ լատինատառ նշանակում‚ կետադրություն‚ բաժանիչ եւ բառ)‚ հեռացնի ավելորդ բացատները եւ ղեկավարման նշանները։
— Հաշվարկի գրանշանների վերջնական քանակը‚ որոշի տեքստի մուտքագրման բարդությունը եւ գնահատի այն (1000 գրանշանի հաշվարկային գործակցով)‚
— Ստեղծի (ցանկության դեպքում) տողադարձված տեքստ՝ վանկատված թույլատրված տողադարձման (կոդ #31) կամ ցանկացած այլ նշանի կոդով։

Ժամկետներ եւ ծախսեր։ Վեց ամիս‚ $6000 (վեց հազար)։

6․ «Հեգել» հայերեն տեքստեր սրբագրող ծրագիր

Նպատակ։ IBM եւ Macintosh համակարգիչներով հայերեն տեքստեր սրբագրող ծրագիր։

Իրականացում։ Ծրագիրը պետք է․

— սրբագրի տեքստի ձեւով (Text format) համակարգիչ մուտքագրված հայերեն բնագրերի ցանկացած ծավալ (ըստ ArmSCII—8‚ ArmSCII—7‚ ArmSCII—A հիմնօրինակների)‚
— սրբագրի Արեւելահայերեն (արդի եւ դասական ուղղագրությամբ)‚ Արեւմտահայերեն‚ Գրաբար տեքստեր (մեկ լեզվով եւ ուղղագրությամբ‚ որն ընտրվում է ծրագրով աշխատելու սկզբում)‚
— խմբագրի սխալ պարունակող տեքստի հատվածը (մուտքագրել‚ նշել‚ ջնջել‚ պատճենել‚ կտրել‚ զետեղել)‚
— ցուցադրի սխալ արտահայտությունը եւ հուշի սխալի բնույթը (գլուխ‚ պարբերություն‚ ուղղակի խոսք‚ ձախ (‚ «‚ {‚ [‚ եւ աջ)‚»‚}‚] նշանների համապատասխանություն‚ կցամաս‚ թվային արտահայտություն‚ լատինատառ նշանակում‚ բաժանիչ եւ բառ)‚
— առաջարկի հնարավոր ճիշտ բառեր սխալի փոխարեն‚
— հնարավորություն ունենա անտեսել միայն տվյալ տեքստում հանդիպող հատուկ բառերն ու նշանակումները‚
— ունենա նորագյուտ բառաձեւերի մշտապես լրացվող բառարան‚
— ստեղծի բնագրի բառակազմական տրոհման ենթարկված տեքստ (ցանկության դեպքում)։

«Հեգել» ծրագրաշարի տարածման եւ շահագործման համար ստեղծվում է փաթեթ‚ կազմված հետեւյալ մասերից․

«Հայկական համակարգ» ծրագրաշար
«Հեգել» ծրագրաշարի աշխատանքի նկարագրություն (գիրք‚ հայերեն‚ անգլերեն)
«Հեգել» հայերեն տեքստեր սրբագրող ծրագիր
«Արեւելահայերեն—Ա» արդի ուղղագրության բառարան (տեքստ)‚
«Արեւելահայերեն—Դ» դասական ուղղագրության բառարան (տեքստ)‚
«Արեւմտահայերեն» բառարան (տեքստ)‚
«Գրաբար» բառարան (տեքստ)։

Ունի նախադեպ (»Հեգել Ա․Ա») առանց առաջարկների մասի։

Ժամկետներ եւ ծախսեր։ Մեկ տարի‚ $50000 (հիսուն հազար)։

7․ Հայկական տառատեսակների ստանդարտ հավաքածու

Նպատակ։ Ստեղծել IBM եւ Macintosh համակարգիչներով տպագրության բարձրորակ հայկական տառատեսակների ստանդարտ հավաքածու՝ Դասագրքային‚ Գրքային‚ Լրագրային‚ որոնք կիրառելի են արդի համակարգչային տեխնոլոգիաներում‚ բավարարում են բժշկական (տեսողական եւ հոգեբանական) պահանջներին եւ պետական կարգավիճակով ենթակա են համընդհանուր օգտագործման բոլոր պետական կառույցներում‚ կրթական համակարգերում եւ մասսայական լրատվության միջոցներում։

Իրականացում։ Հավաքածուները կազմված են հետեւյալ տառատեսակներից․

— Դասագրքային

— Գրքային — Լրագրային Ըդհանուր քանակը՝ TrueType տեսակի 33 տառաձեւեր։

Ժամկետներ եւ ծախսեր։ 1‐5 տարի։ Մոտ $50000 (հիսուն հազար)։

8․ Հայերեն տպատառերի ճանաչման եւ մուտքագրման «ՏառաՃանաչ» ծրագիր

Նպատակ։ Ստեղծել IBM եւ Macintosh համակարգիչների տեսասարքերով (scanner) հայերեն տպագիր տառեր ճանաչող եւ մուտքագրող ծրագիր «ՏառաՃանաչ» անվանումով։

Իրականացում։ Ծրագիրը պետք է․

— տեսասարքերի միջոցով ճանաչի եւ մուտքագրի հայկական գրանշանները տեքստի ձեւով (Text format եւ Rich Text Format‚ ըստ ArmSCII—8‚ ArmSCII—7‚ ArmSCII—A հիմնօրինակների)‚
— պահպանի ձեւավորման տարրերը (հասարակ‚ թավ‚ շեղ եւ այլ տառաձեւեր‚ պարբերության դիրքավորում‚ նկարի տեղադրում եւ այլ ձեւականություններ)‚
— հնարավորություն ունենա ընտրելու աջ եւ ձախ էջերի ճանաչվելիք հատվածները եւ այդ հատվածների մուտքագրման հերթականությունը‚
— հնարավորություն ունենա սովորելու հայկական տպատառերի նոր հավաքածուների ճանաչումն ու մուտքագրումը‚
— ցուցադրի չճանաչվող գրանշանը եւ հնարավորություն ունենա խմբագրելու սխալ պարունակող հատվածը (մուտքագրել‚ նշել‚ ջնջել‚ պատճենել‚ կտրել‚ զետեղել)‚
— հնարավորություն ունենա խմբագրելու մուտքագրված էջի տեքստը (մուտքագրել‚ նշել‚ ջնջել‚ պատճենել‚ կտրել‚ զետեղել)‚
— ինքնաշխատ սրբագրի Արեւելահայերեն (արդի եւ դասական ուղղագրությամբ)‚ Արեւմտահայերեն‚ Գրաբար տեքստեր (միայն մեկ լեզվով եւ ուղղագրությամբ‚ որն ընտրվում է ծրագրով աշխատելու սկզբում)‚

«ՏառաՃանաչ» ծրագրաշարի տարածման եւ շահագործման համար ստեղծվում է փաթեթ‚ կազմված հետեւյալ մասերից․

«Հայկական Համակարգ» ծրագրաշար‚
«ՏառաՃանաչ» ծրագրաշարի նկարագրություն (գիրք‚ հայերեն եւ անգլերեն)‚
«ՏառաՃանաչ» ծրագիր‚
Ճանաչվելիք տառատեսակների գրադարան ստեղծող ծրագիր‚
Ճանաչվող տառատեսակների գրադարան‚
Սրբագրման բառարաններ (Արեւելահայերեն Ա‚Դ‚ Արեւմտահայերեն‚ Գրաբար։ Տեքստեր)։

Ժամկետներ եւ ծախսեր։ Երկու տարի‚ $70000 (յոթանասուն հազար)։

9․ Հայերեն տեքստեր արտասանող եւ թելադրող «Ասողիկ» ծրագիր

Նպատակ։ Ստեղծել IBM եւ Macintosh համակարգիչների ձայնային սարքերով կամ նրանց համար հատուկ մշակված սարքավորումներով հայերեն տեքստեր արտասանող եւ թելադրող ծրագիր «Ասողիկ»։

Իրականացում։ Ծրագիրը պետք է․

— արտասանի եւ թելադրի ցանկացած ծավալի տեքստ (ըստ ArmSCII հիմնօրինակի)‚
— ձեւափոխի տեքստի բոլոր արտասանվող եւ թելադրվող տարրերը (բառեր‚ թվանշաններով արտահայտված ժամ‚ օր‚ տարեթիվ‚ հռոմեական եւ տասական ներկայացման թվեր‚ կետադրության նշաններ‚ հատուկ նշաններ՝ #‚ $‚%‚ &‚ (‚)‚ —‚ +‚ *‚ /‚ =‚ <‚ > եւ այլ) համապատասխան բառային համարժեքների եւ ստեղծի հատուկ ձեւի (format) ձայնային տեքստեր‚
— հնարավորություն ունենա խմբագրել (մուտքագրել‚ նշել‚ ջնջել‚ պատճենել‚ կտրել‚ զետեղել)‚ արտասանվող կամ թելադրվող եւ ձայնային տեքստի ցանկացած հատված‚ կատարի խմբագրված տեքստերի եւ սերված ձայնի գրառում‚
— հնարավորություն ունենա ընտրելու ասմունքողին ձայնային գրադարանից (աղջիկ‚ տղա‚ կին‚ տղամարդ եւ այլ)‚
— արտասանությունը կամ թելադրությունը ուղեկցի խոսողի դիմաշարժով։

Ժամկետներ եւ ծախսեր։ Երկու տարի‚ $70000 (յոթանասուն հազար)։

10․ Հայերեն «Ժամասաց»

ժամը‚ ամսաթիվը եւ տարին արտասանող ծրագիր

Նպատակ։ Ստեղծել հայերեն խոսող համակարգչային ժամացույց‚։

Իրականացում։ IBM եւ Macintosh համակարգիչների սարքավար ծրագիր‚ որը ստեղնի սեղմումից կամ որոշակի ժամերի արտասանում է ժամը‚ ամսաթիվը եւ տարին։

Ժամկետներ եւ ծախսեր։ Վեց ամիս‚ $6000 (վեց հազար)։

11․ Հայերեն խոսքի սերման (ասող) եւ ճանաչման (լսող) «Ասող‐Լսող» ծրագիր

Նպատակ։ Ստեղծել հայերեն ձայնույթների ձեւական համակարգ‚ շտեմարան եւ այս հիմքի վրա հայերեն խոսքի սերման եւ ճանաչման համակարգեր։

Իրականացում։ Ծրագրաշար եւ աշխատություններ։

Ժամկետներ եւ ծախսեր։ Երկու տարի։ $70000 (յոթանասուն հազար)։

12․ 001 հեռախոսահամարով ասող‐լսող համակարգչային տեղեկատու

Նպատակ։ Ստեղծել հայերեն խոսքով ղեկավարվող հեռախոսային համակարգչային տեղեկատու (ժամ եւ ամսաթիվ‚ եղանակ եւ ջերմաստիճան‚ տարադրամ‚ հեռուստատեսության ծրագիր‚ գովազդ եւ այլ)։ Լինելով ամենածանրաբեռնված եւ իրական ամենաբարդ պայմաններում աշխատող համակարգ‚ այս ծառայությունը էապես կնպաստի հայերեն խոսքի ճանաչման համակարգերի զարգացմանը։

Իրականացում։ 001 հեռախոսահամարով միաժամանակ 10 օգտվողի սպասարկող համակարգիչներ ձայնային սարքավորումներով եւ կենտրոնական մեկ մեքենա համակարգի ղեկավարման ծրագրով։ 24 ժամյա ծառայությունը պարբերաբար նորացնում է համակարգի տվյալների շտեմարանը եւ աշխատանքներ է տանում հայերեն խոսքի ճանաչման եւ սերման համակարգերի կատարելագործման ուղղությամբ։

Ժամկետներ եւ ծախսեր։ Մեկ տարի‚ Մոտ $50000 (հիսուն հազար)։

13․ Հայերեն ձեռագրերի ոսկե շտեմարան (համակարգչային մատենադարան)

Նպատակ։ Ստեղծել հայերեն ձեռագրերի լիակատար եւ լիարժեք համակարգչային շտեմարան։ Շտեմարանը պետք է պարունակի 5‐ից մինչեւ 18‐րդ դարերում ստեղծված‚ Հայաստանում եւ արտասահմանում գտնվող բոլոր հայերեն ձեռագրերի համակարգչային տարբերակների լիակատար հավաքածուն։ Այս հիմքի վրա շտեմարանը պետք է դառնա հայ մատենագրության պահպանման‚ արժեքավորման եւ ուսումնասիրման ժամանակակից համաշխարհային կենտրոն։ Սա թույլ կտա պատշաճորեն ներկայացնել հայ մատենագրությունը որպես համամարդկային արժեք։

UNESCO—ն էապես ֆինանսավորում է համամարդկային մշակութային ժառանգություն հանդիսացող արժեքների պահպանման եւ միջազգային ինֆորմացիոն ենթակառույցներում ներգրավվման աշխատանքները։ Հաշվի առնելով‚ որ այս կազմակերպությունը 2001 թվականին կնշի՝ քրիստոնեության պետականորեն ընդունման 1700‐ամյակը‚ այս առումով էական ֆինանսներ կարելի է հայթայթել‚ քանզի Շտեմարանը լրիվ բավարարում է UNESCO‐ի առաջադրած խնդրին եւ ֆինանսավորման պահանջներին։

Հայ Առաքելական Եկեղեցի։ Սկզբունքորեն‚ ինչպես լեզվի (գրաբար)‚ այնպես էլ ձեռագրերի հեղինակային իրավունքի իրավական կրողը Հայ Առաքելական Եկեղեցին է։ Շտեմարանը երեւի թե միակ հնարավորությունն է իրականացնելու իր իրավունքները։ Այդ առումով‚ ինչպես նաեւ Եկեղեցու զարգացման եւ հեղինակության բարելավման համար՝ նա պետք է շահագրգռված լինի ֆինանսներ տրամադրելու Շտեմարանի ստեղծման եւ շահագործման համար։

Հայաստան Հիմնադրամ։ Խնդիր է‚ որի ազգային եւ համամարդկային արժեքը հայ մեծահարուստների կողմից կարող է գիտակցվել։ Ափսոս չէ այս խնդրի լուծմանը նպաստած մարդկանց անունները ոսկե տառերով գրել Շտեմարանի մուտքի ճեմասրահում‚ ցուցասրահներում։

Հայաստանի Կառավարություն։ Պետք է տրամադրի անհրաժեշտ տարածքներ եւ շինություններ‚ կապի եւ տրանսպորտային միջոցներ‚ իրագործի հսկողության ու պահպանության‚ շահագործման‚ զարգացման եւ միջազգային ատյաններում ներկայացման աշխատանքները։

Գիտական եւ ուսումնական խնդիրներ։ Երկերի քննական բնագրերի ստեղծում‚ պատմաբանասիրական քննություններ‚ լեզվաբանական հետազոտություններ‚ թարգմանական երկերի հայերեն եւ բնագիր տեքստերի համեմատական ուսումնասիրություն եւ այլն։ Մատենագրության‚ ձեռագրագիտության‚ լեզվի պատմության‚ լեզվի (գրաբար‚ միջին հայերեն‚ աշխարհաբարի վաղ շրջան) եւ հարակից այլ գիտակարգերի ուսուցում։

Գիտամեթոդական խնդիրներ։ Միջնադարյան հայ մշակույթի առանձին բնագավառների մասնագիտական մեթոդաբանական‚ տեղեկատվական եւ խոհրդատվական կենտրոններ։

Հրատարակչական խնդիրներ։ Շտեմարանի «Տարեգիրք»‚ զանազան ձեռագրերի տպագրություն (պատճենների եւ տեքստերի)։

Տեխնոլոգիական խնդիրներ։ Շտեմարանի ստեղծման եւ շահագործման տեխնոլոգիաներ եւ համակարգեր։

Առեւտրագործնական խնդիրներ։ Միջազգային ցանցերով ինֆորմացիայի փոխանակում‚ լազերային սկավառակների (CD) բազմացում եւ իրացում‚ հրատարակությունների իրացում‚ ուսուցման եւ ուսումնասիրությունների ծառայություններ‚ Շտեմարանի ստեղծման եւ շահագործման տեխնոլոգիաների եւ համակարգերի ներդրում եւ վաճառք աշխարհի այլ գիտական եւ ուսումնական կենտրոններում։

Տեսարժան ցուցադրանք։ Հայաստանի եւ արտասահմանի քաղաքացիների համար Շտեմարանի աշխատանքի կազմակերպման‚ հայ հին եւ միջնադարյան մշակույթի ցուցադրում։

Իրականացում։

Վերամշակման եւ բազմացման կենտրոն։ Ձեռագրերի ներածում որպես պատկեր եւ տեքստ‚ լազերային սկավառակների վրա նրանց քարտի եւ տվյալների (նկար եւ տեքստ) գրանցում եւ բազմացում (CD‐ների արտադրություն)։

Համակարգչային շտեմարան եւ սպասարկող ցանց։ Հզոր համակարգիչների եւ ձեռագրերի տվյալներով բազմահազար գործող (ընթերցվող) լազերային սկավառակների համալիր‚ հեռախոսային համակարգչային կապի (մոդեմների) համալիրով եւ արագագործ ( 100 MBit) սպասարկող ցանց։

Համակարգչային ընթերցասրահներ եւ աշխատասենյակներ։ Ինքնուրույն աշխատելու եւ արագագործ ցանցով շտեմարանից օգտվելու աշխատատեղեր‚ առանձին աշխատասենյակներ՝ հագեցած բոլոր տեսակի անհրաժեշտ սարքավորումներով եւ սպասարկումով։

Հրատարակչություն։ Մուտքագրման‚ մակետավորման‚ գունաբաժանման‚ տպաձեւերի պատրաստման‚ տպագրության‚ կազմարարական ծառայություններ։

Ժամկետներ եւ ծախսեր։ Տաս տարի‚ մոտ $10՛000՛000 (տաս միլիոն)։

Նախնական փուլ՝ մեկ տարի։ Կառավարությունը (»Հայաստան» հիմնադրամի եւ UNESCO—ի հետ համատեղ) հիմնադրում է «Հայերեն Ձեռագրերի Ոսկե Շտեմարան» եւ տրամադրում է հնարավորին չափ ժամանակակից տարածք՝ մոտակա տարիներին լիարժեք աշխատելու համար (հիմնականում մուտքագրման եւ համակարգերի ստեղծելու)։ Պատվիրում է Շտեմարանին վերաբերող բոլոր կառույցների նախագծերը (շինությունների‚ սարքավորումների‚ համակարգերի եւ մարդկային ռեսուրսների)։ Այս առումով բոլոր մակարդակներով բանակցություններ են վարվում Հայաստանի եւ արտասահմանի այն կազմակերպությունների հետ‚ որոնք ներգրավվելու են Շտեմարանի ստեղծման աշխատանքներում։ Նախագծերի հաստատումից հետո իրականացվում են պատվերները եւ սկսվում է նախագծերի իրականացումը։

Սկզբնական փուլ՝ երեք տարի։ Ստեղծվում եւ իրականացվում են բոլոր շինությունները‚ կառույցները‚ համակարգերը եւ ծրագրերը‚ որոնք նախատեսված են Շտեմարանի հաստատված նախագծով։ Կատարվում են վերջնական ճշտումները եւ ավարտվում է նախագծի իրականացման փուլը։ Այդ պահին արդեն Շտեմարանը լիարժեք կառույց պիտի հանդիսանա։

Աշխատանքային փուլ՝ հինգ տարի։ Աշխատանքային շրջան է‚ որի ժամանակ լրացվում է շտեմարանը‚ շահագործվում են բոլոր համակարգերը եւ աշխատանքներ են տարվում Շտեմարանը համաշխարհային գիտաուսումնական եւ մշակութային կենտրոն դարձնելու ուղղությամբ։

Վերջնական փուլ՝ հինգ տարի։ Նախատեսված վերջին ձեռագրի մուտքագրումն է։ Որոշ կառույցներ ձեւափոխվում եւ ծանրաբեռնվում են այլ աշխատանքներով (հիմնականում Վերամշակման եւ Բազմացման կառույցը‚ որը երեւի թե ներգրավվի Հայերեն Բնագրերի Ոսկե Շտեմարանի ստեղծման աշխատանքներում)։ Այսուհետ հիմնական խնդիր է դառնում Շտեմարանի շահագործումը եւ տեխնիկական եւ տեխնոլոգիական նորամուծությունների յուրացումն ու ներդրումը։

14․ Հայերեն բնագրերի ոսկե շտեմարան (համակարգչային գրադարան)

Նպատակ։ Ստեղծել հայերեն բնագրերի լիակատար եւ լիարժեք համակարգչային շտեմարան։ Շտեմարանը պետք է պարունակի 5‐երորդ դարից մինչեւ այսօր ստեղծված‚ Հայաստանում եւ արտասահմանում գտնվող բոլոր հայերեն ձեռագիր եւ տպագիր բնագրերի տեքստերի լիակատար (ոսկե) հավաքածուն։ Այս հիմքի վրա շտեմարանը պետք է դառնա հայ գրավոր մշակույթի պահպանման‚ արժեքավորման եւ ուսումնասիրման ժամանակակից համաշխարհային կենտրոն։ Սա թույլ կտա պատշաճորեն ներկայացնել հայ գրավոր մշակույթը որպես համամարդկային արժեք։

UNESCO։ Այս կազմակերպությունը էապես ֆինանսավորում է համամարդկային մշակութային ժառանգություն հանդիսացող արժեքների պահպանման եւ միջազգային ինֆորմացիոն ենթակառույցներում ներգրավման աշխատանքները։ Շտեմարանը լրիվ բավարարում է UNESCO‐ի առաջադրած խնդրին եւ ֆինանսավորման պահանջներին։

Հայաստան Հիմնադրամ։ Խնդիր է‚ որի ազգային եւ համամարդկային արժեքը հայ մեծահարուստների կողմից կարող է գիտակցվել։ Ափսոս չէ այս խնդրի լուծմանը նպաստած մարդկանց անունները ոսկե տառերով գրել Շտեմարանի մուտքի ճեմասրահում‚ ցուցասրահներում։

Հայաստանի Կառավարություն։ Պետք է տրամադրի անհրաժեշտ տարածքներ եւ շինություններ‚ կապի եւ տրանսպորտային միջոցներ‚ իրագործի հսկողության ու պահպանության‚ շահագործման‚ զարգացման եւ միջազգային ատյաններում ներկայացման աշխատանքները։

Իրականացում։

Վերամշակման եւ բազմացման կենտրոն։ Բնագրերի ներածում որպես տեքստ եւ նկար‚ լազերային սկավառակների վրա նրանց քարտի եւ տվյալների (նկար եւ տեքստ) գրանցում եւ բազմացում (CD‐ների արտադրություն)։

Համակարգչային շտեմարան եւ սպասարկող ցանց։ Հզոր սպասարկող համակարգիչների եւ բնագրերի տվյալներով բազմահազար գործող (ընթերցվող) լազերային սկավառակների համալիր‚ հեռախոսային համակարգչային կապի (մոդեմների) համալիր‚ արագագործ ( 100 MBit) սպասարկող ցանց։

Համակարգչային ընթերցասրահներ եւ աշխատասենյակներ։ Ինքնուրույն աշխատելու եւ արագագործ ցանցով շտեմարանից օգտվելու աշխատատեղեր‚ առանձին աշխատասենյակներ՝ հագեցած բոլոր տեսակի անհրաժեշտ սարքավորումներով եւ սպասարկումով։

Հրատարակչություն։ Մուտքագրման‚ մակետավորման‚ գունաբաժանման‚ տպաձեւերի պատրաստման‚ տպագրության‚ կազմարարական ծառայություններ եւ համակարգեր։

Ժամկետներ եւ ծախսեր։ 10‐100 տարի‚ տարեկան մոտ $100՛000‐$1՛000՛000։

Նախնական փուլ՝ մեկ տարի։ Կառավարությունը հիմնադրում է «Հայերեն Բնագրերի Ոսկե Շտեմարան» եւ տրամադրում է հնարավորին չափ ժամանակակից տարածք՝ մոտակա տարիներին լիարժեք աշխատելու համար (հիմնականում մուտքագրման եւ համակարգերի ստեղծման)։ Պատվիրում է Շտեմարանին վերաբերող բոլոր կառույցների նախագծերը (շինությունների‚ սարքավորումների‚ համակարգերի եւ մարդկային ռեսուրսների)։ Այս առումով բոլոր մակարդակներով բանակցություններ են վարվում Հայաստանի եւ արտասահմանի այն կազմակերպությունների հետ‚ որոնք ներգրավվելու են Շտեմարանի ստեղծման աշխատանքներում։ Նախագծերի հաստատումից հետո իրականացվում են պատվերները եւ սկսվում է նախագծերի իրականացումը։

Սկզբնական փուլ՝ երեք տարի։ Ստեղծվում եւ իրականացվում են բոլոր շինությունները‚ կառույցները‚ համակարգերը եւ ծրագրերը‚ որոնք նախատեսված են Շտեմարանի հաստատված նախագծով։ Կատարվում են վերջնական ճշտումները եւ ավարտվում է իրականացման փուլը։ Այդ պահին Շտեմարանը լիարժեք կառույց պիտի հանդիսանա։

Աշխատանքային փուլ՝ շարունակական։ Աշխատանքային շրջան է‚ որի ժամանակ լրացվում է շտեմարանը‚ շահագործվում են բոլոր համակարգերը։ Առաջին 10 տարում մուտքագրված հայերեն բնագրերի ընտրանին (մոտ 100՛000) արդեն թույլ կտա լիարժեք օգտվել եւ շահագործել Շտեմարանը‚ աշխատանքներ կտարվեն Շտեմարանը համաշխարհային գիտաուսումնական եւ մշակութային կենտրոն դարձնելու ուղղությամբ։ Հետագա խնդիրը կլինի Շտեմարանի շահագործումը եւ տեխնիկական ու տեխնոլոգիական նորամուծությունների յուրացումն ու ներդրումը։

15․ Համակարգչային դասարան եւ ուսուցում Բանասիրական ֆակուլտետում

Նպատակ։ Ապագա բանասերներին համակարգչային գիտելիքների ուսուցում։

Իրականացում։ Տրամադրվում են համակարգիչներ եւ իրականացվում են դասընթացներ։ Հումանիտար ասպարեզում այս կրթության բացակայությունը ոչ մի արդարացում չունի։

Ժամկետներ եւ ծախսեր։ Անմիջապես‚ $50՛000‐$100՛000 (հիսուն հազարից հարյուր հազար)։

16․ Համակարգիչով եւ համակարգերով աշխատելու հայերեն դասագիրք

Նպատակ։ Համակարգչային գիտելիքների հանրամատչելի դասագիրք։

Իրականացում։ Պարբերաբար լրացվող եւ վերահրատարակվող գիրք եւ համապատասխան ուսուցողական ծրագրաշար IBM եւ Macintosh համակարգիչների համար։

Ժամկետներ եւ ծախսեր։ Մեկ տարի‚ առանց տպագրական ծախսերի՝ $5000 (հինգ հազար)։

17․ Ստեղնաշարով հայերեն մուտքագրման ուսուցողական ծրագիր

Նպատակ։ Ստեղնաշարով հայերեն մուտքագրման ուսուցողական համակարգ։

Իրականացում։ Պարբերաբար վերահրատարակվող գիրք եւ համապատասխան ուսուցողական ծրագրաշար IBM եւ Macintosh համակարգիչների համար։

Ժամկետներ եւ ծախսեր։ Մեկ տարի‚ $10000 (տասը հազար)։

18․ Համակարգիչներին եւ ծրագրաշարերին նվիրված հայերեն պարբերական

Նպատակ։ Համակարգիչների‚ սարքավորումների եւ համակարգերի վերաբերյալ հայերեն լրատվություն‚ գովազդ եւ ուսուցում։

Իրականացում։ Ամսագիր։

Ժամկետներ եւ ծախսեր։ Վեց ամիս‚ միայն սկզբնական ծախսեր $25՛000 հազար։


ԵԶՐԱՓԱԿՈՒՄ

Ակնհայտ է‚ որ այս ամենը մի կազմակերպության խնդիր չէ եւ անհրաժեշտ է Հայաստանի պետական եւ մասնավոր կառույցների համատեղ եւ համաձայնեցված ջանքեր։ Կազմակերպությունները‚ որոնք անհրաժեշտ են այս աշխատանքների ղեկավարման եւ բաշխման համար‚ թվարկվում են ստորեւ․

ՀայՀամակարգիչ կենտրոնը իր վրա է վերցնում բոլոր տեխնիկական‚ տեխնոլոգիական‚ ծրագրային եւ նրանց հետ կապված կազմակերպչական խնդիրները։

Ֆինանսական հիմնավորումների‚ լրացումների եւ դիտողությունների համար դիմեցեք`

Վահրամ Մխիթարյան‚ հեռ․ 35—6886‚ էլ‐փոստ՝ vm@acc.am

Վռամ Ջիհանյան‚ հեռ․ 52—5645