Armenian Internet Briefing Room
Պատկերազարդ Պատասխանաբացատրածաղր Հայաստանի եւ Սփյուռքի Չտես Բանասերներին
AIBR Logo

եւ ոչ միայն նրանց ի տես այլեւ սրանց ի դեմ
Ինֆորմացիայի փոխանակման եւ մշակման հայկական հիմնօրինակի ընդունման կապակցությամբ

Այն աստիճան անկիրթ էր‚
որ միկրոբներին երազում որպես կատաղած շներ էր տեսնում։
Իլֆի եւ Պետրովի ծոցատետրից
Մուտք

Համակարգիչներով ինֆորմացիայի փոխանակման եւ մշակման համակարգերը‚ որոնց շահագործումը բնագիտական ասպարեզի մենաշնորհն էր‚ գրավել են մարդկային գործունեության բոլոր ասպարեզները։ Վերջին տարիներին ստեղծված մշակումների ներդրումը հումանիտար ասպարեզ հեղափոխիչ հետեւանքներ ունեցան հասարակության համար։ Արհեստական բանակության ու եռաչափ իրականության մոդելներն ու նրանց տարրերը իրականանում են երեխաների համար ստեղծված համակարգչային խաղերում եւ կինոյում‚ քննող եւ որոշում ընդունող համակարգերը ղեկավարում են հասարակական գործընթացները‚ մարդու հետ խոսելով շփվող եւ ղեկավարվող համակարգչային միջոցները կիրառվում են մինչեւ իսկ կենցաղում‚ լրատվական միջոցները համակարգիչներով հեշտությամբ մշակում են միջազգային ցանցերով ստացվող տեղեկատվական հեղեղները‚ համակարգչային միջոցներով ստեղծագործության հնարավորությունը արագորեն ներդրվում է արվեստի բնագավառ‚ փոխարինելով նկարչության եւ երաժշտության ասպարեզի ստեղծագործության միջոցները համակարգիչով‚ կրթական համակարգը դասավանդման եւ ուսուցման համար օգտագործում է համակարգիչների անսահմանափակ հնարավորությունները։ Այս ամենը կայացավ ի հաշիվ հումանիտար ասպարեզում նկարագրական‐ակադեմիական բնույթի գիտելիքների խորապես ուսումնասիրման եւ նրանց ձեւական‐մաթեմատիկական մոդելների ստեղծման հաշվին։ Համակարգիչները եւ նրանց հիման վրա ստեղծված համակարգերը‚ հանդիսանալով մշակույթի ստեղծման նոր եւ արդեն միակ միջոց‚ պահանջում են տեղափոխել ազգային արժեքները եւ կրթական համակարգը այս նոր հենքին։ Այն ազգերը‚ որոնք դա ի վիճակի չեն լինի անելու‚ կկորցնեն իրենց մշակույթը եւ ազգային դեմքը‚ ինչպես դա կատարվեց սեպագրից մատենագրության կամ մատենագրությունից տպագրության անցումների ժամանակ։ Թուղթը‚ որպես մշակույթի կրող‚ մի տասնամյակ հետո կդառնա այն‚ ինչ այսօր մեր համար Մատենադարանում պահվող հորթի կաշին է։ Մշակույթի ստեղծման եւ պահպանման ապագան այսօր որոշվում է հումանիտար ասպարեզում համակարգիչների կիրառման հաջողություններով։

Հայաստանում եւ Սփյուռքում հումանիտար ասպարեզ համակարգիչների ներդրումը այն աստիճան զավեշտական բնույթ է ստացել‚ որ պարտք համարեցի անդրադառնալ այդ խառնաշփոթին եւ պարզաբանել այս խրթին հարցի որոշ կւողմեր։ Այս մեղքի հիմնական բաժինը պատկանում է հայ բանասերներին‚ որոնք այդպես էլ չյուրացրեցին իրանց հատկացված ասպարեզը եւ չգիտակցեցին իրենց ապագա խնդիրները։ Մի ասպարեզ‚ որը միավորում է լեզուն եւ մաթեմատիկան‚ քերականությունն ու ծրագրավորման ու ձեւական համակարգերը‚ տրամաբանությունն ու արվեստը‚ միջոցներն ու եղանակները‚ հումանիտարին եւ բնագետին։ Այս ասպարեզը միայնակ չի կարող յուրացնել ո՛չ հումանիտարը‚ ո՛չ էլ բնագետը։ Հումանիտարի եւ բնագետի փոխադարձ տգիտությունը‚ ամենամեծ չարիքն այս ասպարեզում‚ պատնեշել է հրատապ խնդիրների լուծման համար անհրաժեշտ համատեղ ջանքերի միավորման հնարավորությունը։

Այս նյութը‚ անկախ նրա ընկալման ձեւից եւ խորությունից‚ հույս ունեմ կնպաստի այս անհարիր վիճակից դուրս գալուն եւ հումանիտար ասպարեզ համակարգիչների արագ ներդրման գործին։ Իսկ եթե կգտնվեն մարդիկ‚ որ կհամարեն այս նյութը իրականության ծայրահեղական եւ վիրավորական շարադրանք‚ թող ընթերցեն կամ վերընթերցեն եթե ո՛չ գրաբար‚ ապա արդի կամ դասական ուղղագրությամբ արեւելահայերեն կամ արեւմտահայերեն‚ ծայրահեղ դեպքում գոնե ռուսերեն Խորենացու Ողբ Հայաստանին։
.

Ի սկզբանէ ներողություն եմ խնդրում‚
Ինչո՞ւ «Կամպուտեռը» անվանեցինք «Համակարգիչ»
կամ առաջնային բացատռուցյուն «ալա բալա նի ցա‚ դուս կաբա նի ցա …»
մանկուցյուն անցած հայ մտաոռականների ու տեխնոկռտածների‚
նույն բախտին արժանացած Ազգային հակադեմիկոսների եւ Պետական բարոնայրերի համար

Բարեկամս‚ մի՛ հուզվիր։ Երեւի թե խոսքը հենց քո մասին չէ։ Ես էլ մանուկ հասակում ե՛ւ արտասանել եմ‚ ե՛ւ պախկվոցի եմ խաղացել‚ ե՛ւ «թո՜ւ զա փըսեխ‚ կարմիր ասեղ» եմ գոռացել։ Խոսքն այն մասին է‚ որ եթե քեզ բացատրեն‚ որ դա ռուսական շուտասելուկի հայազգի տգետների այլանդակ աղավաղումն է‚ դու կշարունակեի՞ր պնդել‚ որ հայ ազգը դա‚ որպես համաշխարհային նշանակության շուտասելուկ‚ պիտի շարունակի օգտագործել եւ այն անխտիր պիտի դասավանդվի ազգային կրթարանում (թեկուզ եւ գնդակահարենք այդ վեհ նպատակի իրականացման դեմն առնող կարմրաթուշ նախարարի կուրծքը)։

Ի՞նչ։ Նախ բացատրե՞մ։ Խնդրե՜ե՜ե՛մ։

Алла баловница, Дуську боится։

Եթե մի անգամից հասկացար‚ ուրեմն. в раз‐ելու կարիք չունես‚ թե չէ՝ վռազ մի անգամ էլ կարդա։

Այնպես որ‚

Մի խոսքով‚ ողջո՜ւյն բոլորին եւ անցնենք մեր. баран-ին՝ կամպուտեռին։ Բառը ծագումով անգլերեն է՝ computer‚ հնչում է մոտավորապես այսպես՝ քըմփյութըր (անտերն‚ ախր‚ հե՛չ նման չի կամպուտեռ‐ի)։ Բառացի նշանակում է հաշվարկող (ոչ թե հաշվիչ‚ որն անգլերեն calculator բառն է)։ Եթե այսօր անգլերենում կամպուտեռին կոչում են հաշվարկող‚ ապա միայն այն պատճառով‚ որ այս ի սկզբանե հաշվող գործիքը ժամանակի ընթացքում անընդհատ անցումով որակական փոփոխությունների ենթարկվեց‚ սակայն անվանումը մնաց նույնը։ Կամպուտեռի միջոցով այսօր ծրագրերը լսում‚ խոսում‚ նկարում‚ խաղում‚ նվագում‚ ղեկավարում եւ շատ այլ բաներ են անում։

Ասել‚ որ հաշվարկող է‚ նույնն է թե դաշնամուրի անունը սեղան դնենք‚ վրան բան դնելու հնարավորության համար։ Կամպուտեռը միջոց է համակարգեր աշխատեցնելու համար‚ լինի դա կամպուտեռի Գործողությունների Համակարգ (OS)‚ Խմբագրական Համակարգ‚ Հրատարակչական Համակարգ‚ Նկարչական Համակարգ‚ Երաժշտական Համակարգ‚ Կապի Համակարգ կամ այլ Համակարգեր։ Այնպես որ‚ եթե կամպուտեռը համակարգերի ստեղծման եւ շահագործման միջոց է‚ իսկ գրիչը՝ գրերի‚ ապա կամպուտեռի անունը Համակարգիչ է (գուցէ եւ ֆրանսիացիները հայերից ավելի խելոք չեն‚ սակայն մեզանից ավելի շուտ են կամպուտեռի անունը դրել Ordinateur ‐ Համակարգիչ)։

Այժմ կամպուտեռի վրեն եւ տակն աշխատելու մասին։ Ճիշտն ասած‚ «կամպուտռի վրա աշխատել» արտահայտությունը օգտագործում են մարդիկ‚ որոնք «կամպուտռի վրա չեն աշխատել»։ Նույնիսկ մեկ անգամ աշխատած մարդը գիտի‚ որ նա աշխատում է ծրագրերով եւ ոչ թե այդ երկաթի կտորով։ «Համակարգիչով աշխատել» ասելը նույնն է‚ թե ասեք աշխատում եմ աթոռով‚ սեղանով‚ գրիչով կամ շորերով։ Մարդիկ այսօր օգտվում են համակարգիչի ընձեռած հնարավորություններից‚ բայց աշխատում են Նորթընի հրամանաշարով‚ Խմբագրերով‚ Քուարք Էքսպրես հրատարակչական ծրագրով‚ խաղում են Տետրիսով։ Պետք է հասկանալ‚ որ աշխատելու առումով համակարգիչը ոչինչով չի տարբերվում ձեր գրիչից։ Համակարգիչն ընդամենը աշխատատեղ է‚ որտեղ դուք հնարավորություն ունեք աշխատելու աներեւակայելի հնարավորություններ ունեցող ծրագրային համակարգերով։ Այդ ծրագրերն են‚ որ այսօր ներառում են մարդկության ամբողջ գիտելիքն ու փորձը‚ եւ մի օրինակի իսկ ստեղծումը բավարար է‚ որ համակարգիչի օգնությամբ ամբողջ աշխարհը հաղորդակից լինի այդ արժեքին։

Այնպես որ‚ աշխատենք համակարգիչով‚ բայց հասկանանք‚ որ նույնիսկ ստեղնի սեղմումից պաստառին առաջացած տառի բոլոր կետերն էլ ծրագրերն են ստեղծում։ Կարելի է համակարգիչը համեմատել ավթոբասի‚ իսկ ծրագրերը՝ վարորդի եւ ուղեւորների հետ։ Ավելացնեմ միայն‚ որ այսօր այդ ավթոբասը դարձել է տիեզերական արագություններով սլացող անվերջանալի գնացք։ Այդ գնացքում մի փոքրիկ տեղ էլ մենք ենք պատրաստվում գրավել՝ ստեղծելով հայկական ծրագրաշարը այն ենթադրությամբ‚ որ դժվար թե վարորդը հայ լինի։
.

Պատմություն հաշմանդամ գրամեքենայի‚
տառապակաս համակարգիչի‚ «ւ»‐ի‚ չարաբաստիկ «եւ»‐ի
ու անգրագետ ուսուցչուհիների մասին
ի դեմս այբուբեն չիմացող տեխնոկրատների‚ քվեարկությամբ ճիշտն ու սխալը որոշողների եւ
սեփական «ես»‐ը ուղղագրության հետ շփոթող բանասերների

Հայկական գրամեքենան ստեղծվեց լատինական գրամեքենայի հիման վրա՝ փոխարինելով լատինական տառերը եւ կետադրական նշանները հայկականով։ Քանի որ լատինական տառերի քանակը 26 է եւ հայերենի իրականացման հնարավորությունները խիստ սահմանափակ էին‚ ապա ծնվեց մի հաշմանդամ‚ որը քայլում էր ականջներով եւ բռնում ատամներով։ «Ձ»‐ի փոխարեն տպում են «2»‚ «Յ»‐ի փոխարեն՝ «3»‚ «Ց»‐ի փոխարեն՝ «8»‚ «Օ»‐ի փոխարեն՝ զրո։ Ուղղակի խոսքի նշան‚ միացման գծիկ‚ տողադարձման եւ հանման նշանները համընկնում են։ Փակագծեր‚ ձախ եւ աջ չակերտներ‚ ապաթարց‚ հարցական եւ բացականչական նշաններ գոյություն չունեն։ Մի խոսքով‚ հայերեն լիարժեք տեքստերի ստեղծման համար անհրաժեշտ 132 գրանշաններից իրականանում են ընդամենը 87‐ը։

Առաջին հայերեն համակարգիչը ստեղծվեց է 60‐ական թվականներին Համալսարանում եւ խնդիր ուներ ուսումնասիրելու Մովսես Խորենացու «Պատմութիւն հայոց» աշխատությունը։ Ցավոք‚ այդ տարիներին բանասերները այն աստիճան չտես էին եւ տեխնոկրատները այն աստիճան տգետ սեփական ազգային արժեքներից‚ որ խեղճ համակարգիչը ծնվեց ծալապակաս‚ կներեք‚ տառապակաս։ Բացակայում էին «Ւ‚ ւ» (վյուն) տառերը (պատկերացնում եք չէ՞‚ դրանով պիտի Խորենացի ուսումնասիրեին)‚ չհաշված կետադրական նշանների ամբողջությունը‚ այբբենական կարգն ու դասակարգման հնարավորությունը։

Անհատական համակարգիչների մասսայական արտադրությունը խթանեց հայերեն աշխատող համակարգիչների հայտնվելը։ Հայկական համակարգեր ստեղծվում էին կորեացիների‚ հոլանդացիների‚ ֆրանսիացիների‚ ամերիկացիների‚ … եւ միայն Աստված գիտեր‚ թե էլ ում կողմից (երախտապարտ լինենք այս ազգերին‚ մանավանդ կորեացիներին՝ մենք նրանց համար նույնը չեինք անի)։ Հերթը հասավ նաեւ Հայաստանին եւ համապատասխան համակարգեր սկսեցին մշակվել նաեւ Հայաստանի բազմաթիվ կենտրոններում։ Գիտակցելով խնդրի կարեւորությունը եւ որպես առաջնային խնդիր դիտելով համակարգիչների համար Հայկական հիմնօրինակի (standard) ստեղծումը‚ հասարակական հիմունքներով կազմակերպվեց Հայկական Հիմնօրինակ Նախաձեռնողների խումբ‚ որի կազմում կային լեզվաբան‚ տառաստեղծ‚ նկարիչ‚ էլեկտրոնային սարքավորումների մասնագետներ‚ ծրագրավորողներ։ Միավորելով այս խնդրին առնչվող բոլոր մասնագետների եւ գիտական կենտրոնների ջանքերը‚ ուսումնասիրելով համաշխարհային դառը փորձը‚ մեկ ու կես տարվա քննարկումների արդյունքում առաջադրվեց Ինֆորմացիայի Փոխանակման եւ Մշակման Հայկական հիմնօրինակը (Armenian Standard Code for Information Interchange ‐ ArmSCII)։ Այս խմբի կողմից նաեւ ստեղծվեցին եւ ամբողջ աշխարհով տարածվեցին Հիմնօրինակի պահանջներին բավարարող PDP‚ IBM եւ Macintosh համակարգիչների հայերեն համակարգերը։ Հիմնօրինակը թույլ էր տալիս աշխատել գրաբար‚ արեւելահայերեն‚ արեւմտահայերեն‚ արդի եւ դասական ուղղագրություններով‚ ունի կետադրական նշանների լիարժեք հավաքածու եւ նույնիսկ ներառում է ազգային խորհրդանշանները։ Լավագույնս իրականացված են այբբենական դասակարգման‚ աշխարհում ստեղծված ծրագրերի հետ հայերենի համատեղ օգտագործման հնարավորությունները։ Հիմնօրինակի շահագործման հետագա յոթ տարիների փորձը ցույց է տալիս‚ որ այլ ազգերի Հիմնօրինակների համեմատ հայկականը կարելի է համարել կատարյալ։

Թվում էր‚ թե ամեն ինչ լավ է‚ սակայն բանասերների հարցում Հիմնօրինակի բախտը նույնպես չբերեց։ Առաջին թյուրիմացությունները սկսվեցին միատառ «եւ» ի հետ կապված։ Որպեսզի կարողանանք ներկայացնել հարցի էությունը‚ ստիպված պիտի անդրադառնանք չարաբաստիկ «եւ»‐ի առաջացման եւ «զարգացման» պատմությանը։

Այսպիսով‚ երբ աշխարհում սեպով քարի վրա ստեղծագործելուց անցան հորթեր քերթելուն եւ նրանց կաշվից ազգային արժեքներ ստեղծելուն (իմա՝ մատենագրության)‚ Սուրբ Մաշտոցն ստեղծեց հայկական տառերի առաջին հավաքածուն եւ երկաթե գրիչով գրեց ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ‚ ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ (ի միջիայլոց‚ Հանրագիտարանի խմբագրության ճեմասրահի պատին սույնի փորագրությունը սրբելու կարիք ունի)։ Այդ պահին հայերեն խոսքի գրառման համար գոյություն ուներ ընդամենը 36 գրանշան‚ որոնք այժմ կոչվում են երկաթագիր կամ մեծատառ։ Վերջին անվանումը պայմանավորված էր նրանով‚ որ երկաթե գրիչով հնարավոր էր միայն չափերով մեծ տառեր գրել (ի ահավոր դժգոհություն հորթերի եւ նրանց մայրիկ կովերի)։ Հորթերի սիրույն սկսեցին փետրել սագերին‚ հավերին եւ թռչունների դասին պատկանող այլ կենդանիներին‚ քանի որ մեկ փետուրե գրիչի մանր տառերով գրված տեքստերը խնայում էին տասը հորթից իննին։ Այսպիսով ստեղծվեցին ձեռագիր կամ փոքր տառերը։ Այդ սրբապղծության հետեւանքով (փոքրատառերը առանձնապես նման չէին մաշտոցյան սուրբ գրերին) հայկական այբուբենը սկսեցին ներկայացնել 72 գրանշաններով։ Հորթի սիրույն սկսեցին ոչ միայն փոքրատառերով գրել‚ այլեւ ի սկզբանե հրաժարվեցին գրառել «ը» հնչյունը‚ համարելով‚ որ այն առանց գրառելու էլ բոլոր բաղաձայների հետ ենթադրվում է եւ ցանկացած հայ էլ գիտի‚ թե երբ պիտի «ը» կարդա։ Փոքրատառ «ա»‐ն‚ որպես համար առաջին հորթակեր‚ հաճախ գրառում էին մի գծիկով։ Հորթասիրությունից դրդված սկսեցին կիրառել կրճատագրեր՝ Աստուած ‐ ԱԾ‚ Սուրբ ‐ ՍԲ‚ Քրիստոս ‐ ՔՍ‚ հյուսված տառեր՝ ՄԲ‚ եւ‚ ու‚ մն եւ այլ տառակապակցություններից (սկզբունքորեն‚ Մատենադարանի հայ քերթողների արձանների շարքը պետք է լրացվի նրանց կողմից քերթվող հորթի արձանով)։ Չնայած այս բոլոր նորամուծություններին‚ այբուբենը մնաց մաշտոցյան։ Հետագա սրբապղծությամբ փոփոխվեց նաեւ մաշտոցյան այբուբենը՝ ավելացան «Օ‚ օ»‚ «Ֆ‚ ֆ» տառերը (38 մեծատառ եւ փոքրատառ = 76 գրանշան) եւ «ը»‐ի փոխարեն հաճախ հանդես եկող ապաթարցը։

Երբ տեղից շարժվեց դեպի կոմունիզ սուրացող զրահագնացքը‚ հանուն պայծառ ապագայի եւ բանվորագյուղացիական գրագիտության շեշտակի բարելավման‚ որոշեցին մաշտոցյան այբուբենից կրճատել դասակարգային թշնամի «Ւ‚ւ» (վյուն) տառը եւ նրա տեղում դնել «ՈՒ‚ ու»՝ հավերժացնելու համաշխարհային պլորետարիատի առաջնորդի սուրբ ազգի անունը (խոսքը է գնում ո՛չ թե ուռուսի՝ այլ Ուլյանովի մասին)։ Միատառ «եւ»‐ը‚ որպես միջազգային իմպերիալիզմի լրտես՝ վերացվեց‚ իսկ եւ‐ը գրառվում էր երեք տառով՝ «յեվ»։ Շատ կարճ ժամանակամիջոցում նույնիսկ հեգեմոնները հասկացան‚ որ «եւ»‐ի համար շատ մեծ պատիվ է երեք տառով գրելը եւ որոշեցին‚ որ պիտի լինի միայն «եվ»։ Երբ նորաթուխ բանվորագյուղացիական ծագման կոմունիստ բանասերները լիկբեզներից հետո հասկացան‚ որ այսուհետ չեն տարբերելու տարեվերջը տերեւաթափից‚ որոշեցին միատառ եւ‐ին շնորհել տառի կոչում եւ տեղադրել այբբենական շարքում Քրիստոսի կողքին։ Քանի որ նոր տառ հնարելը ավելի բարդ գործ էր‚ քան կոչումներ շնորհելը‚ եւ‐ի մեծատառերով գիրը մնաց երկու տառով՝ «ԵՎ»։ Այս վերջին պղծության հետեւանքով հայերեն տառ հասկացությունը դարձավ միջազգային հանրության խոր ուսումնասիրությունների առարկա‚ քանի որ միայն Սրբի կողակից սովետահայ տառը կարող է չունենալ մեծատառ‚ տողադարձման ժամանակ տառի կեսը մնա‚ կեսը տեղափոխվի‚ բառերը մեծատառերով գրելուց խախտվի գրանշանների քանակը‚ որակը եւ այբբենական դասակարգման կարգը։ Սովետահայ բառարանագետների բառարանների հրատարակումից հետո պարզվեց‚ որ երեւի թե վրացիների նման հրաժարվենք Սուրբ Մաշտոցից էլ‚ նրա երկաթագրից էլ եւ այսուհետ գրեն միայն փոքրատառերով։ Աղայանի բառարանը կազմված եւ դասակարգված էր ըստ մեծատառերի‚ իսկ Բարսեղյանի բառարանը՝ ըստ փոքրատառերի։ Երբ փորձեցին համեմատել բառացանկերը‚ պարզվեց‚ որ «եւ» պարունակող բոլոր բառերն այս երկու բառարաններում տարբեր տեղերում են (եւ‐ն ու եւս‐ը‚ Դեւոն‚ Սեւոն‚ Թեւոն‚ տո՛ հենց Լեւոն՝ խեղճ թագավորին եւ նրա անվանակիցներին Հայկական հանրագիտարանում որ տառի տակ ասես որ չես հանդիպի)։ Ելնելով այս անելանելի վիճակից սովետահայ բանասեր‐դավադիրների մի խումբ՝ ակադեմիկոս Ջահուկյանի (ի միջի այլոց՝ Գեւորգ) գլխավորությամբ մահափորձ կազմակերպեց «եւ»‐ի դեմ։ Տերմինաբանական կոմիտե ներկայացվեց մի առաջարկ‚ որով եւ‐ը հանվում էր այբուբենից եւ դասակարգվում էր ե եւ վ տառակապակցության այբբենական կարգով։ Բայց քանի որ Հայաստանի ուսուցիչները‚ մանավանդ ուսուցչուհիները‚ ի վիճակի չէին որեւէ նոր‚ թեկուզ եւ չնչին մի բան սովորելու եւ սովորեցնելու‚ ապա լեզվի ուսուցչուհիները իրենց կրծքերով պաշտպանեցին‐փայփայեցին միատառ եւ‐ն ու միահամուռ ջանքերով տապալեցին այդ նախագիծը (ա՜յ մարդ‚ խոմ նորից անգրագետ չենք դառնալու)։ Իսկ դավադիր խումբը‚ տեղի տալով ուսուցչուհիների ցուցադրանքին‚ նրանց հետ միասին կուրծք‐կրծքի տված եւ ակադեմիայի գլխավորությամբ ցայսօր էլ պայքարում է միատառ եւ‐ի‚ այբուբենում նրա սուրբ տեղի‚ նրա հետ կապված բոլոր տխմարությունների եւ իրենց իսկ առաջարկից հրաժարվելու համար (Ի՛նչը կհաղթի կյանքում հերոսին‚ թե չլինեն կինն ու ակադեմիան։ Հիշենք նաեւ մեր ազգային էպոսի հերոսներին եւ օղորմի տանք՝ սկզբից Ձենով Օհանին‚ իսկ հետո՝ Ցռան Վերգոյին)։
.

Բանասերների եւ համակարգիչների
անփոխադարձ սիրո տխուր պատմություն առ այն
որ ավտոմեքենայով տեղ գնալու համար պետք չունի էշին դիմացից կապել‚
որ կոկոս չկերած՝ չեն վիճում նրա համի մասին‚ որ հայկական ծրագրաշար ստեղծողները
հայբանասերակեր բոբոներ չեն եւ նրանցից մի բան սովորելը կամ գոնե հանդիպելը
կյանքի համար վտանգ չի ներկայացնում

Անհատական համակարգիչների Հայաստան ներմուծման առաջին իսկ օրից սկսվեց մի պատմություն‚ որը շատ նման էր էշից մեքենային անցնելու պատմությանը։ Մեքենա վարել չիմացող բանասերները շփոթված մտածում էին‚ թե այժմ իրենց էշին մեքենայի որտեղից կապեն‚ որ առաջ շարժվեն։ Քանի որ բնագետները եւ տեխնիկան բանասերների համար խիստ հակացուցված են‚ ապա բանասերները էշին կապեցին մեքենայի դիմացից եւ մինչեւ հիմա էլ իրենց էշից չեն իջնում։ Չուզեցին ո՛չ մեքենա վարել սովորել‚ ո՛չ էլ վարել իմացողի հրավիրել։
Ամենակատարյալ համակարգիչներով եւ թանկարժեք սարքավորումներով ամենաառաջինը հագեցած Մատենադարանում աշխատանքները կատարվում են գրամեքենայի մակարդակով‚ այն էլ հայերենի այնպիսի համակարգերով‚ որ կարելի է ապշել չկամության սահմանների եւ այն ջանասիրության վրա‚ որով հրաժարվում են ներդնել լիարժեք հայկական համակարգերը։ Այդ այն դեպքում‚ երբ Հայկական հիմօրինակի‚ առաջին հայերեն IBM եւ Macintosh համակարգիչների մշակումները մեր կողմից կատարվել են Մատենադարանում։ Այդ թանկարժեք սարքավորումների աշխատանքի արդյունքում արտադրվում է թուղթ‚ որն էլ երեւի պիտի հենց մատենադարանում պահվի‚ որովհետեւ այն ձեւով‚ որով մուտքագրում ու պահում են նյութերը Մատենադարանի համակարգիչներում‚ բացի անորակ ձեւով տպագրելուց‚ ուրիշ բանի պիտանի չեն։

Լեզվի ինստիտուտում էշին կապել են մեքենայի ետեւից‚ բայց մեքենա նստել ոչ մի կերպ չեն համաձայնում։ Համակարգիչները‚ որոնք կան Լեզվի ինստիտուտում‚ պարապուրդի ռեկորդներ են սահմանել։ Հայերեն համակարգը‚ որով շահագործվում են IBM համատեղելի նախնադարյան համակարգիչները‚ հայոց լեզվի զարգացման պայծառ ապագայի խորհրդանիշ է իր 40 տառանոց այբուբենով‚ չդասակարգվող այբբենական կարգով եւ հայերենը Բեյսիկով ծրագրավորող աշխարհի ամենամիակ եւ (հետեւաբար) ամենաուժեղ ծրագրամիստով (բա՜ ի՞նչ էիր կարծում‚ Լեզվի ինստիտուտա‚ է՜)։ Երեւի թե լեզվի զարգացմանը ամենաշատը նպաստում են ինստիտուտի Macintosh համակարգիչները‚ որոնց պաստառի վրա վերջին տարիների ընթացքում նույնիսկ մեկ հայկական տառ դեռ չի հայտնվել եւ վնասակար հետեւանքներ չի թողել։ Այստեղ էլ բնագետները‚ կամ գոնե երիտասարդները‚ որոնք ի վիճակի են աշխատել եւ յուրացնել համակարգչային տեխնոլոգիաները‚ խիստ հակացուցված են։ Ինստիտուտի տնօրենի ջանքերով‚ Ազգային հակադեմիկոսների եւ Պետական բարոնայրերի թողտվությամբ Լեզվի ինստիտուտի աշխատակիցների միջին տարիքն անցել է 55‐ից եւ‚ եթե այսպես շարունակվի‚ ապա շուտով կանցնի 70‐ից (բա՜ ինչ էիր կարծում‚ Հակադեմիայա է՜)։

Համալսարանի բանասերները համակարգիչ ո՛չ տեսել են‚ ո՛չ էլ կերել։ Իրենց բառերով ասած‚ իրենք ընդամենը ծանոթ են համակարգիչի խրտվիլակին‚ որով իրենց վախացրել ու սպառնացել են։ Դրա համար էլ պատրաստ են ցանկացած կարծիք գրել այդ խրտվիլակի‚ նրա հայկական համակարգերի եւ հայերենի մասին‚ չնայած այդ համակարգերը չե՛ն տեսել‚ չե՛ն տեսնում եւ ո՛չ մի մտադրություն չունեն տեսնելու‚ առավել եւս աշխատելու կամ գոնե մատով դիպչելու‚ քանի որ դա իրենց ի՞նչ խելքի ու տարիքի բանն է։ Ժամանակ էլ չունեն․ դեռ պիտի համեմատեն Աղայանի մեծատառերով‚ Բարսեղյանի փոքրատառերով եւ եսիմ որ շան դասական ուղղագրությամբ կազմած բառարանները (դասական ուղղագրությունը համալսարանի բանասերներն ընկալում են որպես անձնական վիրավորանք)‚ դեռ պիտի որոշեն‚ թե միատառ եւ‐ը որ ծակը կոխեն (հուսարները թող չհուշեն՝ իրենք տեղն ավելի լավ գիտեն) եւ ոնց դասակարգեն եւ‐ով բառերը։ Ո՞վ ասաց‚ որ թղթի վրա բառարաններ պետք չեն։ Բա հայ ժողովուրդը ապագա ձմեռները ինչպե՞ս պիտի դիմակայի (ընթերցողն երեւի հասկացավ‚ թե ինչո՞ւ համալսարանում ստեղծված առաջին համակարգիչը ծալապակաս‚ կներեք՝ տառապակաս էր)։ Երեւի թե այս նյութի հրապարակումից հետո Համալսարանի բանասերները մի տասը տարվա նյութ կունենան իրենց չհասկացած ու վախեցնող բաների մասին գրելու եւ իրենց հաշմանդամ գրամեքենաները ծանրաբեռնելու համար։

Ազգային գրադարանում բնագետները նույնպես հակացուցված են եւ գրադարանային համակարգ համակարգիչների ներմուծումը համարվում է ազգային դավաճանություն։ Գուցե եւ նոր տնօրենի նշանակումը նպաստի նախկին տնօրենի սիրելի կատվին սիրելի համակարգիչով փոխարինելուն։
.

Ի՞նչ է Համակարգչային Հայկական Հիմնօրինակը
եւ ինչո՞վ են նրան ուտում

Ինչպես վերը նշեցինք‚ համակարգիչներով աշխատելու համար անհրաժեշտ են համակարգեր։ Առաջնային համակարգերից մեկը դա համակարգիչով տեքստային ինֆորմացիայի փոխանակման եւ մշակման համար գրաֆիկական եւ ղեկավարման նշանների հավաքածուն է։ Այն իրենից ներկայացնում է 256 վանդակ ունեցող աղյուսակ‚ որի ամեն մի տարր ունի գրաֆիկական պատկեր եւ սահմանվում են նրանով պայմանավորված գործողությունները։ Նշանները համարակալվում են 0‐ից մինչեւ 255 եւ համակարգիչի ներքին ներկայացումներում հանդես են գալիս որպես 8 բիթով կոդեր (բայթ)։ Նրանց փոխանակումը‚ մշակումը եւ արտապատկերումը կատարվում է ըստ աղյուսակի՝ ամեն մի վանդակի համար սահմանված կարգով։ Համակարգիչներում համակարգերի լիարժեք եւ հստակ աշխատանքը‚ ապագայում առաջացող խնդիրների լուծման‚ ստեղծված եւ ստեղծվելիք ծրագրային համակարգերի գինը եւ հնարավորությունները որոշվում են այս աղյուսակի մշակման կատարելությամբ։

Ներկայումս նշանների կոդավորման ամենատարածված հիմնօրինակը Ինֆորմացիայի Փոխանակման Կոդի Ամերիկյան Հիմնօրինակն է (ԻՓԿԱՀ)‚ որի անգլերեն անվանումն է՝ American Standard Code for Information Interchange ‐ ASCII։ Այս հիմնօրինակն անցել է զարգացման երեք փուլ․

Պատմական զարգացման հետեւանքով (ոչ նախապես մտածված ձեւով) առաջացած կոդավորման աղյուսակներն ունեն հետեւյալ թերությունները՝ տառերը կարգավորված չեն ըստ այբուբենի (մեծատառերը եւ փոքրատառերը առանձին են կարգավորված) հետեւաբար‚ այբբենական կարգով դասավորելու համար պահանջվում են ձեւափոխություններ։ Տեքստի վերլուծման (տառի‚ կետադրական նշանի ճանաչում եւ այլն) գործողությունները շատ են։ ԻՓԿԱՀ‐ում կան կոդեր (նշաններ)‚ որոնք մեկից ավելի նշանակություն ունեն‚ ինչը թույլ չի տալիս միարժեքորեն վերլուծել առանց ենթատեքստը հաշվի աոնելու։ Օրինակ՝ դեֆիսը‚ մինուսը‚ միացման գծիկը‚ ուղղակի խոսքի եւ տողադարձի նշանները ներկայացված են նույն կոդով։

Փոխառելով ԻՓԿԱՀ‐ի սկզբունքներն ու ձգտելով պահպանել համընկնող տառերի դասավորությունը եւ օգտագործելով չհամընկնողների դիրքերը‚ մյուս ազգերը ստեղծեցին իրենց ազգային հիմնօրինակները‚ որոնցում խախտված էր այբբենական կարգը (օրինակ‚ կիրիլիցայի‚ ռոմանական լեզուների տառերի կոդավորման որոշ տարբերակներ‚ վրացական հիմնօրինակում‚ նույնիսկ վրացերեն տառերի շարքն ու դասակարգումը խախտելով «տեղ են գտել» ռուսական մեծատառերը‚ արաբականը‚ որը մշակվել է ամերիկյան MicroSoft կազմակերպության կողմից‚ ուղղակի խայտառակություն է)։

Պատկերավոր ասած‚ այս աղյուսակը շատ նման է Կոնդում կառուցած սեփական տներին։ Կոնդի բնակիչն էլ‚ տարրական կացարան ունենալու անհրաժեշտությունից ելնելով‚ կառուցել է ընդամենը չորս պատ ու տանիք։ Որոշ ժամանակ անց կողքից մի երեք պատ էլ ավելացվեց խոհանոցի համար‚ հետո զուգարանի‚ ննջարանի‚ պատշգամբի եւ այդպես շարունակ՝ ինչպես չարորակ քաղցկեղի մետաստազները։ Ֆունկցիոնալ առումով ամեն ինչ կա‚ բայց ասել‚ որ դա նախապես մտածված եւ գեղեցիկ ճարտարապետական կառույց է‚ նույնիսկ կոնդեցին չի համաձայնի։

Հայկական հիմնօրինակում հաշվի են առնվել եղած կոդավորման աղյուսակների թերությունները։ Հիմնօրինակի կառուցման հիմնական սկզբունքները հետեւյալն են։ Հիմնօրինակը պետք է համապատասխանի Հիմնօրինակների Միջազգային Կազմակերպության՝ ՀՄԿ (անգլերեն՝ Internation Standardization Organization ‐ ISO) պահանջներին‚ հաշվի առնի ԻՓԿԱՀ‐ի (ASCII) առկայությունը եւ լայն տարածումը‚ ապահովի երկլեզու՝ լատինական եւ հայկական տառերով ինֆորմացիայի ներկայացումը‚ ապահովի հայերեն բնագրերի (անկախ ստեղծման տարեթվից‚ ուղղագրությունից՝ դասական‚ թե արդի‚ լեզվից՝ գրաբար‚ թե աշխարհաբար‚ արեւելահայերեն‚ թե արեւմտահայերեն) եւ բանավոր խոսքի լիարժեք եւ միարժեք մուտքագրումը‚ մշակումը եւ արտապատկերումը։ Նշանների կազմի ընտրությունը պայմանավորված է Հայկական հիմնօրինակի կառուցման հիմնական սկզբունքներով։
.

ArmSCII - 8
.

Բացի դրանից‚ ինֆորմացիայի ներկայացման միարժեքությունը ապահովելու համար ընդունվել է «մեկ նշան ‐ մեկ գործառություն» սկզբունքը։ Օրինակ՝ լատինական մասի երկու կետ նշանը «։» եւ հայկական վերջակետը «։» ունեն տարբեր իմաստներ եւ‚ հետեւաբար‚ դրանք տարբեր նշաններ են։ Այդ սկզբունքը հնարավոր է դարձնում նշանների ստորակարգային կոդավորումը‚ որը պարզեցնում է տեքստերի վերլուծման գործողությունները։ Նույն արտաքին տեսքը ունեցող նշանների գործառական տարբերությունները արտահայտվում են այդ նշանների տարբեր համարների վերագրմամբ (կոդավորմամբ)‚ որի դեպքում հնարավոր է դառնում նրանց ճանաչումն ու մշակումը առանց ենթատեքստի վերլուծման։ Հավելյալ բացատրություն են պահանջում փակագծերը եւ ստորակետը։ Աղյուսակի լատինական մասի ձախ եւ աջ փոքր փակագծերը օգտագործվուծ են մաթեմատիկական արտահայտություններում‚ իսկ աղյուսակի հայկական մասի փակագծերը՝ տեքստերում։ Աղյուսակի լատինական մասի ստորակետը օգտագործվում է տասնորդական կոտորակներում եւ թվային գրառումներում կարգերի տրոհման համար‚ իսկ աղյուսակի հայկական մասի ստորակետը՝ բացառապես տեքստերում։

Ապաթարցի մեծ եւ փոքր տարբերակների առկայությունը պայմանավորված է այդ նշանի «ը» տառի փոխարեն օգտագործմամբ։ Այսինքն ապաթարցը տառի դեր է կատարում։ Այդ պատճառով նա պետք է ունենա տառի բոլոր հատկությունները։

Հայերեն բնագրերում թվերը ներկայացվում են տառերով (իմիջիայլոց‚ Մատենադարանի մուտքի դռներին երկու արեւի ժամացույց կա եւ երկուսի թվատախտակներն էլ սխալ են համարակալված)։ Արաբական եւ հռոմեական թվանշանները ներկայացված են միջազգային գրանշանների կազմում։
Հայերեն բնագրերի միարժեք ներկայացման եւ վերլուծման համար կարեւոր նշանակություն ունի միատառ «եւ»‐ի հարցը։ Նշանների ներկայացվող կազմը ենթադրում է այդ տառի երկու նշանով ներկայացումը։ «Եւ» տառի նման ներկայացումը պայմանավորված է հետեւյալով՝

Նշանի այս կամ այն դիրքը աղյուսակում կամ‚ այլ կերպ ասած‚ նրան համապատասխանող կոդը պայմանավորված է տեքստերի մշակման ինքնաշխատ համակարգերի հիմնական խնդիրների (տառի‚ մեծատառ‐փոքրատառի‚ հատուկ նշանի ճանաչում‚ այբբենական կարգավորում եւ այլն) լուծման պարզեցմամբ։ Աղյուսակում տառերը դասավորված են այնպես‚ որ կոդերի պարզագույն դասակարգումը համընկնում է այբբենականին։ Մեծատառերի կոդի արժեքը զույգ է‚ իսկ փոքրատառերինը՝ կենտ։ Բացի դրանից՝ հատուկ նշանները եւ տառերը կազմում են ստորակարգային անընդհատ հատվածներ։

Տեքստի վերլուծման համար ճիշտ են հետեւյալ համեմատությունների արդյունքները՝

Հիմնօրինակում բերված է նաեւ լրացուցիչ աղյուսակ (այլընտրանքային ‐ alternativ)‚ որում պահպանված չեն ՀՄԿ պահանջները եւ վերը բերված բնութագրերի հիմնական մասը։ Դա պայմանավորված է IBM‐համատեղելի համակարգիչների տառաթվային ռեժիմում օգտագործվող կեղծ գրաֆիկայի նշաններով։ Նման աղյուսակի կիրառումը հնարավոր է դարձնում այդ ռեժիմի համար մեծ քանակով ծրագրերի օգտագործումը։

Տառերի ներկայացված դասավորությունը ստեղնաշարի վրա հիմնականում (բացի օ եւ ֆ տառերից) համընկնում է հայկական գրամեքենայի ստեղնաշարի հետ‚ որտեղ իրար հաջորդող տառերի հաճախ հանդիպող համակցությունները տեղաբաշխված են կենտրոնական մասում։ Կետադրական նշանների բաշխումն ըստ վերին‐ներքին դիրքերի պայմանավորված է նույն տեսքն ունեցող լատինական համապատասխան նշանների դիրքերով։

Իսկ ինչո՞վ են ուտում հայկական հիմնօրինակը։

IBM‐համատեղելի համակարգիչների դեպքում հայկական հիմնօրինակը DOS‐ում լիարժեք իրականացնում են ARMENIAN եւ NLS սարքավար (driver) ծրագրերը։ Երկու սարքավարներն էլ իրականացնում են հայկական հիմնօրինակի բոլոր աղյուսակները‚ ինչպես նաեւ ռոմանագերմանական լեզուների‚ հունարենի‚ վրացերենի‚ ռուսերենի‚ եբրայերենի‚ արաբերենի եւ պարսկերենի հիմնօրինակները (վերջին երեքը իրականացված են աջից ձախ մուտքագրման հնարավորությունով)։ Windows‐ում լիարժեք կարելի է աշխատել KdWin‚ ArmWin եւ WinKey ծրագրաշարերով (վերջինում առկա են որոշակի թերություններ‚ սակայն դրանք սկզբունքային չեն եւ ի վերջո կբերվեն ստանդարտի)։

Macintosh համակարգիչների համար ամեն մի տարբերակ ունի իրեն հատուկ ArmSystem հայկական համակարգը‚ որը իրականացնում է այս դասի համակարգիչներում Հայկական Հիմնօրինակը։ Ցավոք‚ այս հիանալի դասի համակարգիչներն ստեղծող ամերիկյան Apple կազմակերպությունը դեռեւս չի հետեւում ՀՄԿ‐ի պահանջներին եւ‚ բացի մի քանի բացառություններից‚ համակարգիչներում իրականանում է Հայկական Հիմնօրինակի այլընտրանքային տարբերակը։ Մոտ ապագայում սպասվում է այդ կազմակերպության կողմից ՀՄԿ‐պահանջներին բավարարող համակարգերի իրականացումը‚ որը թույլ կտա հումանիտար ասպարեզի համար լավագույնս հանդիսացող Macintosh համակարգիչներում լիարժեք իրականացնել հայկական հիմնօրինակը։

PDP դասի համակարգիչների համար իրականացումները կատարվում են սարքերի ձեւափոխման միջոցով։ Այսօր‚ Հայաստանում IBM եւ Macintosh համակարգիչների մեծաքանակ առկայությունը կասեցրել է PDP դասի համակարգիչների համար հայկական համակարգերի մշակման աշխատանքները։
.

Վերջ առաջին մասին
եւ ապագա երկու մասերից սպասվող խայտառակությունների մասին
կամ ամոթ է‚ երբ Հայաստանում անգլերեն տեքստեր գրելուց ոչ ոք տառասխալներ չի անում‚
իսկ հայերեն՝ որքան ուզեք‚ նույնիսկ հայ բանասերները‚
ամոթ է‚ երբ Հայաստանում հայերեն տեքստերը հնչեցնելու համար գրում են անգլերեն‚
որից հետո տեքստերը հնչում են հայերեն սովորող ամերիկացու առոգանությամբ
(«Բարեւ» հեռուստածրագրում արտասանվող բարեւ‐ը Ձեզ օրինակ)

Ապագայում այս բնույթի հրապարակումներ կպատրաստվեն հայերեն տեքստեր սրբագրող «Հեգել» եւ հայերեն տեքստեր ընթերցող «Ասողիկ» ծրագրերի ստեղծման կապակցությամբ։ Առաջինը կնվիրվի արդի հայերենի բառակազմական եւ ուղղագրական զավեշտներին‚ իսկ երկրորդը՝ ձոն է հայ հնչունաբաններին եւ ուղղախոսներին (չնայած հիմա էլ արժեր բացատրել‚ որ արեւմտահայերը «պարոն» բառը‚ ինչպես եւ «Պաղտասար»‐ը‚ գրում են «պ»‐ով‚ բայց հնչեցնում են «բ»‐ով։ Այնպես որ‚ փոխառելուց արեւելահայերը պիտի գրեն եւ կարդան որպես «բարոն»‚ ինչպես եւ «Բաղդասար»։ Գուցե դրանից հետո մեր «պարոնները» հասկանան‚ որ իրենք ազնվական կոչում ունեցող «բարոններ» են եւ ընկել են «ալա բալա նիցա»‐յի օրը)։

Առայժմ այսքանը‚ մինչ հաջորդ հանդիպում։

Վահրամ Մխիթարյան
«ՀայՀամակարգիչ» հումանիտար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն
(հայերեն ասած՝ Հայերեն համակարգիչիների մարդասիրական գործագիտության կենտրոն)
.
Հ․Պ․Բ․Ծ․Գ․ (ՀետաՊատասխանաԲացատրաԾաղրաԳիր)

ՀԲԸՄ‐ը փողերը մեծ սիրով ծախսող (կամ՝ մեծ փողերը սիրով ծախսող) եւ «Հայերեն համակարգիչներ» գիտափողով կազմակերպող Սփյուռքի շատ սիրելի համակարգիչի (կամ՝ համակարգիչի շատ սիրելի) ճարտարակերներ․

դը՜ժվա՜ր թե՜ ձե՜ր է՜շը՜ չա՜մո՜ւռի՜ց հա՜նե՜ե՜ե՛ք։

Ինչպես վսեմափայլ տիկին Լուիզ Մանուգեան‐Սիմոնը կասեր․‐ Ոչի՜նչ‚ ադանգ էլ կ՚լլա՛։

Ց՛։

Կրճատումներով լույս է տեսել «Լրագիր» օրաթերթում‚
1995‚ Սեպտեմբեր 15‐16‐19‐20‚ #158‐161




Վերադարձ