|
Յոթ տարեկան հասակում հագել եմ ձայնային ականջակալներն ու միացրել լարերը 220 վոլտ լարման հոսանքին (խորհուրդ չեմ տալիս կրկնել այս փորձը): Հենց այդ օրն էլ որոշեցի դառնալ ռադիոյի մասնագետ:
1977-ին գերազանց ավարտեցի Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Ռադիո-Էլեկտրոնիկայի ֆակուլտետը: Մինչեւ 1991 թ. աշխատել եմ Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտում՝ որպես գիտաշխատող: Աշխատանքին զուգահեռ ավարտել եմ Մոսկվայի Ինժեներա-Ֆիզիկական ինստիտուտի ասպիրանտուրան եւ պաշտպանել թեկնածուական թեզ «Ավտոմատ կառավարման համակարգեր» մասնագիտությամբ: Հետագա աշխատանքային կյանքը դասավորվել է հետեւյալ կերպ՝
Ազատ հասկանում եւ խոսում եմ Հայերեն, Անգլերեն եւ Ռուսերեն եւ այդ բոլոր լեզուներով կարողանում եմ ունկնդրել զրուցակցին (ցավոք, շատերը չունեն այս վերջին ունակությունը):
Ամուսնացած եմ,
ունեմ երկու երեխա՝ 1 հատ «կռանտիկ» (Արեգ) եւ 1 հատ «բանտիկ» (Անի):
Հայկական համակարգերի ստեղծման հետ ունեմ անմիջական, կարելի է ասել նյութական կապ: 10 տարի առաջ Հայաստանում առաջինն էի, որ ավելացնելով 2-3 հատուկ պատրաստած միկրոսխեմա PDP մակնիշի համակարգչին «ստիպեցի» ընդունել հայկական տառերն ու գրանշանները ստեղնաշարից եւ արտածել նրանց համակարգիչի պաստառին: Խոսքը գնում է այսօր օգտագործվող ստանդարտի առաջին իրականացման մասին, որը, այն տարիների համակարգիչների վրա իրագործել միայն ծրագրային եղանակով հնարավոր չէր: Վ. Մխիթարյանի հետ Հայացված համակարգիչի օգնությամբ միասին տպեցինք եւ բազմացրեցինք Ֆիզիկայի ինստիտուտի առաջին (!) հայերեն նախատիպը (preprint):
Որպես Հայոց Հիմնօրինակ Նախաձեռնող խմբի անդամ, բնականաբար, բազմիցս մասնակից եմ եղել ստանդարտի նախագծի բուռն եւ հաճախ նյարդային քննարկումներին: Մեկ անգամ նույնիսկ առիթ է եղել ելույթ ունենալ մամուլում՝ «ՎՅՈՒՆ տառի օգտակարության մասին» հոդվածով («Ռեսպուբլիկա Արմենիի» օրաթերթ):
Թերեւս‚ համակարգիչի «ձայնային» ունակություններն ինձ ավելի են հետաքրքրել, քան նրանով տեքստ մշակելու հնարավորությունները: ՀայՀամակարգիչ կենտրոնում աշխատելիս մշակեցի ձայնային ազդանշանները գրանցող/արտաբերող PC VOX համակարգչային մի հարթակ, որը չէր զիջում իր հնարավորություններով այն օրերին նոր-նոր տարածվող Sound Blaster քարտին: Սարքը արտադրվեց եւ օգտագործվեց Հայաստանում‚ Ռուսաստանում եւ մի շարք այլ երկրներում: Այդ սարքի միջոցով Հայաստանի մասնագետները շատ ավելի շուտ յուրացրեցին ձայնային տեխնոլոգիաները եւ ստեղծեցին այդ պահի համար աննախադեպ ձայնային համակարգեր‚ քան շատ ավելի զարգացած երկրներում:
Ձայնային հրամանների ճանաչման, հաղորդավարի ճանաչման, ձայնային ֆայլերի սեղման եւ այլ նման խնդիրներին եւ նրանց հնարավոր լուծումներին քաջատեղյակ եւ առաջին իրականացնողն եմ: DOS‐ի միջավայրում իրականացրել եմ խոսքով ղեկավարվող Նորթըն հրամանաշարը (հայերեն հրամաններով !!!‚ 1992 թիվ !!!): Հեղինակ եմ այս խնդիրներն իրագործող ծրագրերի Windows 3.1 եւ Windows 95 համակարգերի համար: Հուսով եմ, որ ձայնային քարտերի լայն տարածման պայմաններում, որը մենք այժմ նկատում ենք, ոչ միայն գրավոր հայերենի, այլեւ հայերենի բանավոր խոսքի մուտքը եւ մշակումը իր տեղը կգտնի մեր համակարգչային առօրյայում:
Գագիկ Բաղդասարյան
Հեռ.՝ (+374 2) 25-0259
|
Gagik Bagdasarian
Phone: (+374 2) 25-0259
|