Ճիշտն ասած‚ այս տողերը կարդալիս լավ չէի ընկալում‚ թե «մենք»‐ի տակ հեղինակն ո՞ւմ նկատի ունի։ Եթե «իրենց»‚ ապա նախադասությունը պետք է հասկանալ որպես պնդում եւ‚ ինչպես ասում են‚ «հարց չկա»։ Սակայն հայ բանասեր‐լեզվաբանների հետ շփման տասը տարվա դառը փորձը հուշեց‚ որ դա‚ ամենաքիչը‚ բացառվում է։ Այնպես որ‚ փորձեմ պատասխանել Ձեր հարցին։ Չկրկնվելու եւ որոշ արտահայտությունների ճիշտ ընկալման համար անպայմանորեն խնդրում եմ վերընթերցել‚ եթե ո՛չ՝ ընթերցել կամ գոնե տեղեկանալ 1995 թ․ «Լրագիր» օրաթերթի սեպտեմբերի #158—161 համարներում հրատարակված «Պատկերազարդ Պատասխանաբացատրածաղր Հայաստանի եւ Սփյուռքի Չտես Բանասերներին եւ ոչ միայն նրանց ի տես‚ այլեւ սրանց ի դեմ» հոդվածին։
1․ Ոչ ինքը իր սույն հոդվածում‚ ոչ իրենից առաջ գրող համախոհները գոնե մեկ հատիկ փաստով չկարողացան ցույց տալ‚ որ նոր ուղղագրությունը «հակագիտական» է‚ «արհեստական»‚ «միջազգային հաղորդակցության պայմաններին» չհամապատասխանող։
Ճիշտն ասած Դուք ինձ ուղղակի զարմացնում եք‚ որովհետեւ արդի ուղղագրության մեջ համար առաջին տխմարությունը՝ այբուբենում կցագիր «եւ»‐ի առկայությունը հակագիտական է համարել եւ առաջարկել է հանել այբուբենից հենց … բարոն Ջահուկյանը եւ կողակից ութնյակը (ճիշտն ասած ես հիմա անուններ եմ տալիս‚ որովհետեւ զգում եմ‚ որ Ձեր վրա անուններն ավելի մեծ տպավորություն են թողնում‚ քան տրամաբանությունը)։ Ի՞նչ է‚ կցագիր «եւ»‐ի պատմությանը ծանոթ չե՞ք։ Դեհ‚ ուրեմն կներեք‚ այս հարցի հետ կապված ստիպված եմ այբուբենի դասեր տալ‚ որովհետեւ ուղղագրության շուրջ խոսակցություններում Դուք միտումնավոր խուսափում եք քննարկել արդի հայերենի այբուբենը։ Չնայած այս հարցը մանրամասն շարադրված է իմ կողմից վերոհիշյալ հրապակաման մեջ‚ սակայն ցանկալի է այն ունենալ նաեւ այս ենթատեքստում եւ վերաշարադրել որոշ դրույթներ։ Որեմն լսեք պատմություն հաշմանդամ գրամեքենայի‚ տառապակաս համակարգիչի‚ «ւ»‐ի‚ չարաբաստիկ «եւ»‐ի‚ անգրագետ ուսուցչուհիների եւ քառասուն տառանոց այբուբենի մասին ի դեմս այբուբեն չիմացող տեխնոկրատների‚ քվեարկությունով ճիշտն ու սխալը որոշողների‚ սեփական «ես»‐ը ուղղագրության հետ շփոթող բանասերների։
Այսպիսով‚ երբ աշխարհում սեպով քարի վրա ստեղծագործելուց անցան հորթեր քերթելուն եւ նրանց կաշվից ազգային արժեքներ ստեղծելուն (իմա՝ մատենագրության)‚ Սուրբ Մաշտոցն ստեղծեց հայկական տառերի առաջին հավաքածուն եւ երկաթե գրիչով գրեց ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ‚ ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ (ի միջիայլոց‚ Հանրագիտարանի խմբագրության ճեմասրահի պատին սույնի փորագրությունը սրբելու կարիք ունի)։ Այդ պահին հայերեն խոսքի գրառման համար գոյություն ուներ ընդամենը 36 գրանշան‚ որոնք այժմ կոչվում են երկաթագիր կամ մեծատառ։ Վերջին անվանումը պայմանավորված էր նրանով‚ որ երկաթե գրիչով հնարավոր էր միայն չափերով մեծ տառեր գրել (ի ահավոր դժգոհություն հորթերի եւ նրանց մայրիկ կովերի)։ Հորթերի սիրույն սկսեցին փետրել սագերին‚ հավերին եւ թռչունների դասին պատկանող այլ կենդանիներին‚ քանի որ մեկ փետուրե գրիչի մանր տառերով գրված տեքստերը խնայում էին տասը հորթից իննին։ Այսպիսով ստեղծվեցին ձեռագիր կամ փոքր տառերը։ Այդ սրբապղծության հետեւանքով (փոքրատառերը առանձնապես նման չէին մաշտոցյան սուրբ գրերին) հայկական այբուբենը սկսեցին ներկայացնել 72 գրանշաններով։ Հորթի սիրույն սկսեցին ոչ միայն փոքրատառերով գրել‚ այլեւ ի սկզբանե հրաժարվեցին գրառել «ը» հնչյունը‚ համարելով‚ որ այն առանց գրառելու էլ բոլոր բաղաձայների հետ ենթադրվում է եւ ցանկացած հայ էլ գիտի‚ թե երբ պիտի «ը» կարդա։ Փոքրատառ «ա»‐ն‚ որպես համար առաջին հորթակեր‚ հաճախ գրառում էին մի գծիկով։ Հորթասիրությունից դրդված սկսեցին կիրառել կրճատագրեր՝ Աստուած — ԱԾ‚ Սուրբ — ՍԲ‚ Քրիստոս — ՔՍ‚ հյուսված տառեր՝ ՄԲ‚ եւ‚ ու‚ մն եւ այլ տառակապակցություններից (սկզբունքորեն‚ Մատենադարանի հայ քերթողների արձանների շարքը պետք է լրացվի նրանց կողմից քերթվող հորթի արձանով)։ Չնայած այս բոլոր նորամուծություններին‚ այբուբենը մնաց մաշտոցյան։ Հետագա սրբապղծությամբ փոփոխվեց նաեւ մաշտոցյան այբուբենը՝ ավելացան «Օ‚ օ»‚ «Ֆ‚ ֆ» տառերը (38 մեծատառ եւ փոքրատառ = 76 գրանշան) եւ «ը»‐ի փոխարեն հաճախ հանդես եկող ապաթարցը։ Երբ տեղից շարժվեց դեպի կոմունիզմ սուրացող զրահագնացքը‚ հանուն պայծառ ապագայի եւ բանվորագյուղացիական գրագիտության շեշտակի բարելավման մաշտոցյան այբուբենից կրճատեցին դասակարգային թշնամի «Ւ‚ւ» (վյուն) տառը եւ նրա տեղում դրեցին «ՈՒ‚ ու»՝ հավերժացնելու համաշխարհային պլորետարիատի առաջնորդի սուրբ ազգի անունը (խոսքը գնում է ո՛չ թե ուռուսի՝ այլ Ուլյանովի մասին)։ Կցագիր «եւ»‐ը‚ որպես միջազգային իմպերիալիզմի լրտես՝ վերացվեց եւ գրառվում էր երեք տառով՝ «յեվ»։ Շատ կարճ ժամանակամիջոցում նույնիսկ հեգեմոնները հասկացան‚ որ «եւ»‐ի համար շատ մեծ պատիվ է երեք տառով գրելը եւ որոշեցին‚ որ պիտի լինի միայն «եվ»։ Իսկ երբ նորաթուխ բանվորագյուղացիական ծագման կոմունիստ բանասերները լիկբեզներից հետո հասկացան‚ որ այսուհետ չեն տարբերելու տարեվերջը տերեւաթափից‚ որոշեցին կցագիր եւ‐ին շնորհել տառի կոչում եւ տեղադրել այբբենական շարքում Քրիստոսի կողքին։ Եւ քանի որ նոր տառ հնարելը ավելի բարդ գործ էր‚ քան կոչումներ շնորհելը‚ եւ‐ի մեծատառերով գիրը մնաց երկու տառով՝ «Ե»»Վ»։ Այս վերջին պղծության հետեւանքով հայերեն տառ հասկացությունը դարձավ միջազգային հանրության խոր ուսումնասիրությունների առարկա‚ քանի որ միայն Սրբի կողակից սովետահայ տառը կարող է չունենալ մեծատառ‚ տողադարձման ժամանակ տառի կեսը մնա‚ կեսը տեղափոխվի‚ բառերը մեծատառերով գրելուց խախտվի գրանշանների քանակը‚ որակը եւ այբբենական դասակարգման կարգը։ Սովետահայ բառարանագետների առաջին բառարանների հրատարակումից հետո պարզվեց‚ որ երեւի թե վրացիների նման հրաժարվենք Սուրբ Մաշտոցից էլ‚ նրա երկաթագրից էլ եւ այսուհետ գրեն միայն փոքրատառերով։ Աղայանի բառարանը կազմված եւ դասակարգված էր ըստ մեծատառերի‚ իսկ Բարսեղյանի բառարանը՝ ըստ փոքրատառերի։ Երբ փորձեցին համեմատել բառացանկերը‚ պարզվեց‚ որ «եւ» պարունակող բոլոր բառերն այս երկու բառարաններում տարբեր տեղերում են (եւ‐ն ու եւս‐ը‚ Դեւոն‚ Սեւոն‚ Թեւոն‚ տո՛ հենց Լեւոն՝ խեղճին Հայկական հանրագիտարանում որ տառի տակ ասես որ չես հանդիպի)։ Ելնելով այս անելանելի վիճակից սովետահայ բանասեր¬‐դավադիրների մի խումբ՝ ակադեմիկոս Ջահուկյանի (ի միջի այլոց՝ Գեւորգ) գլխավորությամբ մահափորձ կազմակերպեց «եւ»‐ի դեմ։ Տերմինաբանական կոմիտե ներկայացվեց մի առաջարկ‚ որով եւ‐ը հանվում էր այբուբենից եւ դասակարգվում էր ե եւ վ տառակապակցության այբբենական կարգով։ Բայց քանի որ Հայաստանի ուսուցիչները‚ մանավանդ ուսուցչուհիները‚ ի վիճակի չէին որեւէ նոր‚ թեկուզ եւ չնչին մի բան սովորելու եւ սովորեցնելու‚ ապա լեզվի ուսուցչուհիները իրենց կրծքերով պաշտպանեցին‐փայփայեցին միատառ եւ‐ն ու միահամուռ ջանքերով տապալեցին այդ նախագիծը (ա՜յ մարդ‚ խոմ նորից անգրագետ չենք դառնալու)։ Իսկ դավադիր խումբը‚ տեղի տալով ուսուցչուհիների ցուցադրանքին‚ նրանց հետ միասին կուրծք‐կրծքի տված եւ ակադեմիայի գլխավորությամբ ցայսօր էլ պայքարում է միատառ եւ‐ի‚ այբուբենում նրա սուրբ տեղի‚ նրա հետ կապված բոլոր տխմարությունների եւ իրենց իսկ առաջարկից հրաժարվելու համար (Ի՛նչը կհաղթի կյանքում հերոսին‚ թե չլինեն կինն ու ակադեմիան։ Հիշենք նաեւ մեր ազգային էպոսի հերոսներին եւ օղորմի տանք՝ սկզբից Ձենով Օհանին‚ իսկ հետո՝ Ցռան Վերգոյին)։
Ձեր նյութից հասկացա‚ որ ուսուցչուհիների նկատմամբ Դուք նույնպես անտարբեր չեք եւ նրանց անգրագետ չդարձնելու բարի մտահոգությունն է խանգարում Ձեզ դառնալ արդի ուղղագրության հակառակորդ (չէ որ «քսան տարի է պետք»‚ որ նրանք մի նոր տառ եւ մի երկու տառակապակցություն սովորեն)։ Իսկ պատմությունը‚ կներեք‚ դեռ չի վերջացել։
Հետաքրքիր է այս հարցում բարոն Ջահուկյանի եւ կողակից ութնյակի վարքը‚ երբ Հայերենի Բարձրագույն խորհրդում քննարկվում էր համակարգիչներում հայերենի գրանշանների հավաքածուն (ինչպես հետագայում պարզվեց‚ տողերիս հեղինակը այդ հանձնաժողովի կեղծանդամ դուրս եկավ)։ Երբ բարոն Ջահուկյանի գլխավորությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովը առաջին քննարկումից հետո պարզեց‚ որ այբուբենում «Ւ»‐ի վերականգնումից հետո տրամաբանությունը պահանջում է նույն այբուբենից արտաքսել կցագիր «եւ»‐ը եւ նույն տրամաբանությամբ հաջորդ նիստում նախատեսվում է արտաքսել կցագիր «ու»‐ն‚ հանձնաժողովը սկսեց հավաքվել … գաղտնի՝ առանց տողերիս հեղինակի (իսկապես որ մեր ազգային էպոսը մեր ազգի հայելին է)։ Հանձնաժողովն անցավ ընդհատակ‚ մինչեւ որ արարեց իր «գլուխգործոց»‐ը՝ քառասուն տառանոց այբուբենը‚ որը եւ ներկայացրեց Բարձրագույն խորհրդին (իմա՝ հենց իրենց)։
Ա՜յ սա երեւույթ էր …։ Հայերեն գրանշանների պարտադիր ցա՜նկ … Մեծատառ‐փոքրատառ Ւիո՜ւն‚ մեծատառ‐փոքրատառ Ո՜ւ‚ մեծատառ‐փոքրատառ … Ե՜Ւ … Ե՜ւ‚ … ե՜ւ … (օ՜ բախտ իմ դշխեմ‚ ինչո՞ւ ծնվեցի‚ որ հենց ե՛ս ուղղեմ …)։ Իսկ ի՜նչ «ճկուն» լուծումներ էին առաջարկվել դասակարգման համար … եթե դու արեւելահայ ես կոխի ՈՒ‐ն Ւ‐ի տեղը‚ իսկ եթե զզվելի արեւմտահայ ես‚ ջհանդամը‚ կոխի Ւ‐ը ՈՒ‐ի տեղը։ Բա ամենամեծ գլուխգործոց մեծատառ‐փոքրատառ Ե՜ւ‐ը …‚ եթե մեր սիրելին ես՝ ապա կոխի Ե եւ Վ տառերի տեղը‚ իսկ եթե մեր զզվելին՝ ապա էլի ջհանդամը‚ կոխի Ե‐ի եւ Ւ‐ի տեղը … փա՜ռք հայ լեզվաբան‐ակադեմիկոսներին‚ Հայոց այբուբենի անխոնջ կերտողներին։ Գրաբա՞ր … էդ սատկած լեզուն ի՞նչ եք մեջտեղ գցել … ի՞նչ ժառանգություն‚ ի՞նչ բան … մենք 50 տարում ավելի շատ բան ենք ստեղծել‚ քան հայ ազգն ու Սփյուռքը վերջին 1650 տարում … այդ ո՞վ հարցրեց ՈՒ‐ն կցագիր է թե ոչ … «ուրախ» բառը բառարանում ուրախությամբ կարող եք դնել … բայց այդ հարցը ո՞վ տվեց է‚ … ուրեմն ինքներդ չգիտեք‚ ի՞նձ եք ձեռք առնում՝ հարց եք տալիս … որտեղ ուզեմ‚ այնտեղ էլ կդնեմ … ամենակարեւոր պարտադիր հայկական գրանշանները կլոր‚ ուղիղ եւ ձեւավոր փակագծերն են‚ … ա՛յ մարդ‚ ի՞նչ տարբերություն փակագծի համար՝ բանաձեւ է‚ թե տեքստ … բա լատինական տառեր չկա՞ն‚ հռոմեական թվե՞ր … բա XX դարը ո՞նց գրեմ … բա հայերեն տեքստում թվանիշեր չկա՞ն‚ … որ արաբական են‚ ուրեմն տարեթվեր չենք գրելո՞ւ … բա … բա… բա…
Եթե Ձեր մտածողությունը դեռ վերջնականապես չի խախտվել եւ կամ այնքան հիվանդ չեք‚ որ մտածեք‚ թե սա երբեւէ կարող էր դառնալ Հայոց այբուբեն‚ ապա շարունակեմ պատմությունը։
Չէ՛‚ Լեզվի Բարձրագույն խորհուրդը հարցեր չտվեց‚ չքննարկեց‚ չմերժեց։ Այդ մտավոր անդամալույծների ծերակույտը հաստատեց քառասուն տառանոց այբուբենը (բա ինչ էիր կարծում‚‚ հակադեմիկոսներ են է՜)։ Այստեղ թողնենք նրանց իրենց խղճի դատին …
Ինչպես մեր ազգային էպոսում‚ այնպես էլ ապագա սերունդները թող հազար‐հազար օղորմի տան ամեն անգամ հիշելով Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ հարյուր օրվա Վարչապետին‚ որոնք վարչական կարգով պահանջեցին վերանայել որոշումը։ Իսկ վզակոթի հարվածից ուշքի եկած Լեզվի տեսչությունը‚ հիշելով‚ որ վերջ ի վերջո որոշողն ինքն է‚ հաստատեց համակարգիչներում օգտագործվող հայկական գրանշանների հավաքածուն այն տարբերակով‚ որով մի տասնամյակից էլ ավել գործում են հայկական համակարգերը։
Ի՜նչ լավ ա‚ … չէ՞ … մեկ հատիկ փաստ …
2․ Իսկ այս վերջին «կռվա՜նը»‚ նրա ձեւակերպո՜ւմը … «Միջազգային հաղորդակցության պայմաննե՜րը …»։
Հա՜‚ երեում է այս «բոբոն» Ձեզ շատ է վախեցրել‚ այն աստիճան‚ որ «Միջազգային հաղորդակցության պայմաններ» արտահայտությունից հետո Ձեր մտքի թելը քարկապ է ընկել ասոցիացիաների բացարձակ բացակայության պատճառով։ Աճառյանն ու Սեւակն էլ‚ անտեր մնա‚ մի բան չեն ասել էդ Ինտեռնետի մասին՝ մեջբերեիք‚ վերջանար գնար։ Ջահուկյանն էլ‚ ակադեմիկոս է‚ բայց այդ առումով իսկի ծպտուն չի հանել։ Էս ինչ կրակ ու պատիժ էր‚ ուրեմն նրանք դրա մասին խոսեն ու Դուք ոչ մի բա՞ն (ա՜յ քեզի բա՜ն…)։
Օ՜օ՜‚ Ձեր բախտը բերել է‚ ընդամենը թերթում տպված արտահայտությունից եք վախեցել։ Իսկ այ‚ Բարսեղյանին համակարգիչի խրտվիլակով են վախեցրել (իր իսկ պնդմամբ‚ լավ է իսկական համակարգիչը չեն ցույց տվել եւ համապատասխան հետեանքներ չի ունեցել)։ Իսկ Վեհափառ Գարեգինը (էդ սատկած լեզվով՝ Գրաբարով խոսողը)‚ երբ նրան առաջարկում են մոտենալ համակարգիչին‚ Ձեր օրը չընկնելու համար‚ հրաժարվում է գոչելով․ — «Հեռու տարեք ինձանից այդ սատանայի գործիքը»։ Ջահուկյանը‚ ճիշտն ասած‚ իննյակից ամենաքաջն է‚ նույնիսկ թույլ էր տվել‚ որ Մաքինթոշ համակարգիչը իր տանը տեղավորեն (երեւի վրան ծաղկաման պիտի դներ)։ Ձեր գործընկերների շարքում ավելի քաջերն էլ կան՝ ոմանք համակարգիչի վրա նստած գարեջուր են խմում կամ շախմատ խաղում։ Իսկ ամենաքաջերը նույնիսկ համակարգիչո՛վ են խաղում՝ Տետրիս‚ Գնդիկներ կամ Խաղաքարտեր։
Ճիշտն ասած‚ անձամբ Ձեզ օգնել չեմ կարող եւ Ձեր մտքի թելի քարկապը քանդելու ցանկություն չունեմ։ Թե չէ ես էլ պատահաբար մի թարս արտահայտություն կասեմ եւ Ձեր մտքի թելի երկրորդ քարկապը կգցեմ կամ ավելի վատ հետեւանքների պատճառ կդառնամ։ Ներող եղեք։
Իսկ ամենաամոթալին իհարկե այն է‚ որ որոշ դավաճան բանասեր‐լեզվաբաններ ոչ միայն լիարժեք օգտվում են համակարգիչի ընձեռած հնարավորություններից‚ այլեւ ծրագրավորում են‚ եւ էն էլ ոչ թե Բեյսիկով է՜‚ այլ Պասկալո՜վ (ի՜նչ խայտառակություն‚ ծրագրավորող լեզվաբան‚ թո՜ւհ … համ Մաքինթոշով է աշխատում‚ համ ԱյԲիԷմ‐ով՝ ի՞նչ կմտածեն հայ լեզվաբանների մասին)։ Գոնե լավ է չգիտեն‚ որ դա Լեզվի ինստիտուտի բաժնի վարիչ Վռամ Ջիհանյանն է‚ լավ է‚ որ հիմա Ձեր կողքին չէ եւ այդ իսկ պատճառով Ձեզ խայտառակ չի անում։ Թող գնա ու Քալիֆորնիայում խայտառակ լինի‚ բա էդ տեսակ մարդուն կթողնեն Լեզվի ինստիտուտ մտնի‚ կամ էլ‚ Աստված չանի‚ ակադեմիկոս դառնա։ Բա էն Վայտենբերգը‚ էդ հոլանդացի լեզվաբանը․ ասա քո ինչ խելքի բանն է Լեյդենի համալսարանում հայկական ձեռագրերի համակարգչային շտեմարան ստեղծես‚ էն էլ աշխարհի ամենամեծը։ Բա որ հանկարծ մտածեն‚ թե Լեզվի ինստիտուտն է ստեղծել‚ կամ ավելի խայտառակ բան՝ Մատենադարանը‚ բա ամոթ չի՞։ Բա էդ Իսրայելը․ հերիք չի էդ սատկած եբրայերենը վերականգնել‚ դարձրել է պետական լեզու‚ հիմա էլ սատկած Գրաբարի շտեմարան է ստեղծում։ Որտեղից էլ գիտի Հայաստանի ու նրա մասնագետների տեղը՝ մենք էդ մասնագետներին բոլոր տեղերից քշում ենք‚ որ հանկարծ մի բան չստեղծեն‚ իսկ սրանք տանում‚ Իսրայելում են ստեղծում։ Բա դա անելու բան է…
Ի՜նչ լավ ա‚ … չէ՞ … «վերջին կռվա՜նը» …»էդ սատանայի գործի՜քը» …
3․ — Մի հարցնող լինի՝ այդ «պայմանները»մե՞նք չենք ստեղծում‚ մե՞նք չենք կազմում համապատասխան ծրագրավորումը։ Կամ թե չէ‚ միգուցե‚ ամերիկացինե՞րն ու ճապոնացինե՞րն են ծրագրավորում Հայաստան առաքվող համակարգիչների (կամպուտեռների) աշխատանքը համապատասխան ուղղագրությամբ։
Բարոն Արտաշես‚ այս հարցով Դուք ձեզ գոտկատեղից ներքեւ հարված եք հասցրել։ Ախր թարսի պես հենց ամերիկացիներն ու ճապոնացիներն են ծրագրավորում համակարգիչների աշխատանքը եւ ոչ թե Դուք (մեր մասին չենք էլ խոսում)։ Այնպես էլ չեք արել‚ որ գոնե հայկական համակարգերը ստեղծելիս մե՛զ հարցնեին‚ ոչ թե Ձե՛զ‚ թե ոնց սարքեն։ Ի՞նչ‚ Ձե՞զ չեն հարցրել․ հա՜ …‚ կներեք‚ հիշեցի‚ հարցրել են ավելի պատրաստված մարդու՝ աշխարհահռչակ Լեզվի ինստիտուտի աշխարհահռչակ մասնագետին‚ մասնավորապես UNICODE ստանդարտի ստեղծման դեպքում «խորհուրդներ» է տվել Գայանե Հակոբյանը (ես հույս ունեմ‚ որ UNICODE բառից նոր քարկապ չսռաջացավ)։ Հայկական համակարգերի այդ գիգանտի խորհուրդներից հետո Ձեր չսիրած ամերիկացիներն ու ճապոնացիները այնպիսի մի «հայկական» համակարգ են ստեղծել‚ որ որպես պատիժ պետք է միայն իրենք եւ Լեզվի ինստիտուտը օգտագործի։ Ջանք թափեք‚ նայեք Միջազգային ցանցում այդ ստեղծագործությանը http։//www.unicode․org հասցեով (հո նոր քարկապ չեղա՞վ)։ Եթե որոշ տառեր եւ կետադրական նշաններ չճանաչեք‚ մի հուզվեք‚ դե ամերիկացի‐ճապոնացի են‚ այդքանն էլ որ Լեզվի ինստիտուտի օգնությամբ արել են‚ էլի բան է։ Իսկ պատկերացնո՞ւմ եք‚ որ հանկարծ Դուք սարքեիք ճապոնական համակարգերը‚ ի՞նչ կստացվեր … դե քանի որ դա պատկերացնելու բան չի‚ չեմ շարունակի։ Այ‚ նայեք իռլանդացի Մայքլ Էվերսոնի էջերը https://en.wikipedia.org/wiki/Michael_Everson հասցեով … տպավորի՞չ է լեզուների ցանկը‚ իսկ նրա հայերենին վերաբերող էջի որ մասը կարող եք ինքներդ շարադրել‚ ի՞նչ է‚ մի իռլանդացի երիտասարդի չափ էլ հայերեն չգիտե՞ք … Այժմ հասկանալի՞ է‚ թե ինչու են մեզ Ավստրալիայի աբորիգենի տեղ դրել։
Չարաբաստիկ UNICODE‐ի վերջերս կայացած միջազգային հավաքին‚ երբ մի կերպ համոզեցի‚ որ Ավստրալիայից չեմ եւ Հայաստանում ստեղծված հայկական համակարգերն ավելի լիարժեք են‚ այդ կազմակերպության փոխնախագահը նեղացավ ու մինչեւ հավաքի ավարտը հետս չխոսեց‚ իսկ Microsoft եւ Apple ընկերությունների ներկայացուցիչները ստիպված ինձնից արտագրեցին մեր իսկ ստեղծած հայկական համակարգերը‚ որովհետեւ իրենք էլ հասկացան‚ որ UNICODE‐ի հայկական համակարգը չի օգտագործվելու։
Ի՜նչ լավ ա‚ չէ՞․․․ մե՞նք չենք ստեղծում էդ համակարգերը …
Որպեսզի հետագայում չավելացնեմ ձեր մտքաթելի քարկապները եւ նախորոք պատրաստվեք չլսված‐չտեսնված բաների մասին խոսելու համար‚ անձամբ Ձեզ առաջարկում եմ քննարկման նյութ դարձնել‚ գոնե սկզբի համար‚ հայկական գրանշանների հավաքածուն‚ Հայոց այբուբենը։ Այդ առումով խնդրում եմ բացատրել․
Առայժմ այսքանը‚
ոմն Վ․ Մխիթարյան
էլ․ փոստ՝ mailto։vm@acc.am
Հ․Գ․ Ի սեր Աստծո‚ եթե որոշեք պատասխանել‚ չսկսեք նորից հիշատակել Աճառյանին‚ Ջահուկյանին‚ Բարսեղյանին‚ Աբրահամյանին կամ այլ …յանին‚ գոնե այս դեպքում նրանց հետ կապված գործ չունենք։ Իսկ եթե այդ ընթացքում համակարգիչը չեք յուրացնելու‚ ապա ընդհանրապես մի պատասխանեք‚ որովհետեւ այս հարցերի պատասխանները Ձեզ համար են եւ ոչ թե ինձ։