Ծարավ
Նունիսկ ե´ս էլ գիտեմ ճառել
Ու խրատել գիտեմ, անշու՜շտ:
Սակայն պատիվ ու փառք նրա´ն,
Ով կարող է հոգի վառել ,
Հուրհրատել մեկ վարկյանում
Երկու անսուտ գոյականով
Եվ անխարդախ բայով երկու:
Զույգ թվերը ե՜ս էլ գիտեմ:
Բայց փառք նրա´նց,
Ովքեր տիրում են կենտերին,
Տիրում այնպե´ս,
Որ հեշտությամբ բաժանում են զույգի վրա
Ու քառորդում զույգ ստանում
Առանց մի կենտ մնացորդի:
Մկանն ի՜նչ է. բոլո´րն ունեն:
Փառք ջղերի՜ն,
Որ լարվում են թեթև քամուց,
Օվկիանոսի ու երկնքի առևտրից,
Կանանց երբեք չկրկնվող ուղեծրից.
Մինչև անգամ քաղաքային բառարանից՝
Ա´յն լվացքից,
Որ չի փռվում այբուբենի կարգ ու սարքով.
Հետք չթողնող այն այրվածքից,
Որ մաքրությունն է շուլալում հոգին մարդու
Անվանելով իրեն գրիչ,
Մաքրությունը՝ թուղթ սպիտակ:
Գրելն ի՞նչ է. ե´ս էլ գիտեմ:
Փառք ու հարգանք ստեղծողի՜ն,
Որ գալիս է և ազատում
Մեզ...մեզանից
Մեզ...մեզանից հատում-զատում,
Ապա բերում կրկին զոդում,
Մեզ միացնում նախ...մեզ, հետո...Անհայտի հետ:
Բոլոր՜ն այժմ կարդալ գիտեն,
Որեմն փառք ...կարդացածը հասկացողի՜ն...
ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚
Ուսուցման համար և աշակերտե՜լ
Գեղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի՜ն…
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել,
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով…
Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։
Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
Ու՜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.
Շինել ենք կամուրջ‚
Կապել ենք կամար‚
Ամե՜ն տեղ հերկել‚
Հասցրել բերքեր‚
Ամենքի՜ ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝
Պաշտպանել նրանց հոգևոր ցրտից‚-
Ամե՜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
Մեր հոգուց՝ մասունք‚
Եւ նշխար՝ սրտից…
Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ -
Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
Գիտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով…
Հօգուտ արդարի և արեգակի
Գիտենք քվեարկել մեր կյանքով նաև…
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
Մենք գիտենք մխա՛լ - և կրա՜կ մարել.
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
Գիտենք մոխրանալ որպես վառ կերոն.
Եւ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել‚
Բայց ուրիշներին մի՜շտ էլ հարգելով…
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք -
Մեզ հայ են ասում։
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք…
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա՜ք։
* * *
Դո՛ւ՝ երկու տա՜ռ,
Դո՛ւ՝ հասարա՜կ մի դերանուն,
Եւ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում...
Դո՛ւ՝ երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում...
Դո՛ւ՝ երկու տա՜ռ,
Եւ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջաքտումին ըմբերանում
Եւ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի...
Դո՛ւ՝ երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքըս վերանում՝
Փոշիացած հերոսների
Ու ծնվելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում...
Դո՛ւ՝ երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում՝
Լքված տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եւ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ ու գերանում...
Դո՛ւ՝ երկու տա՜ռ,
Դու՝ հասարա՜կ մի դերանուն...
ՊԱՏԱՀԱԲԱՐԵՆՊԱՏԱՀՈՒՄԿՅԱՆՔՈՒՄ
Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբար...
Թե կուզես՝ լռի՛ր,
Թե կուզես՝ ոռնա՜,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ,
Թե կուզես՝ խցիր բերանըդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոյիր ասծուն,
Հավատացյալ չես՝ ասծուն հավատա.
Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել - իզու՜ր,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել - իզու՜ր...
Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց,
Եվ սերն իսկական հենց այս է որ կա.
- Պատահաբար են պատահում կյանքում,
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս..
|