ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ
Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜…
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս…
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն…
ՄԻԱՅՆՈԻԹՅՈԻՆ
Տաղտկահնչյուն ու միաձայն օրերն իրենց երգն են երգում.—
Միայնությո՜ւն, դու ես անձայն ցավըս օրրում քո օրրերգում։
Եվ անցյալի խաբեական ցնորքներն են մեղմ օրորվում,
Նոքա անդա՜րձ, նոքա չկա՜ն, նոքա մեռա՜ն հեռու հեռվում։
Վհատումն է հոգիս գրկել, անհուսությունն անհուն փռվել, —
Ի՞նչ խոսքերով, ինչպե՞ս երգել և ի՞նչ սրտով հիմա սիրել։
Էլ ի՞նչ հույսով սիրտըս հուզեմ, ի՞նչ երազով ամոքեմ ինձ
Եվ ո՞ր կողմից բախտ սպասեմ — անվախճան երգ — վիշտ ու թախիծ
Անցե՛ք, հուշեր իմ ապարդյուն, դարձեք ընդմիշտ մոռացված էջ ,
Անհուն փռվիր, սև լռություն, միայնություն իմ հոգու մեջ։
ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ
Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...
Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։
Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։
Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
Սիրում եմ նրան.
— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան...
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
0՜, քաղցր արբանք։
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք...
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս եւ տխուր, եւ անուշ.
Քեզ երբեք սիրտս չի մոռանա,
Իմ մաքու՛ր, առաջին իմ անուրջ...
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր -
Քո պատկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր:
Եւ տանջանք, եւ բեկում, եւ թախիծ -
Սեւ օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի եւ դառը մահու դեմ...
ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գաունը այնպես պայծառ է կրկին.
- Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին:
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպե՛ս նազով են փակվում.
-Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչըն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
- Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք... |