Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի
Իմ տխրությունն ահագին,
Աղեկըտուր նըրա ձայնից
Կը խորտակվի քո հոգին...
Ոչ, քեզ համար այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք։
Ես երգեցի սարի վըրա,
Անապատ է այնտեղ հիմա,
Սև՜, ամայի անապատ...
Հառաչանքից այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում։
Բույր ու զեփյուռ ես կուզեի
Եվ արշալույս ոսկեվառ,
Որ մի պայծառ երգ հյուսեի
Ու երգեի քեզ համար...
Բայց իմ սիրտը բըռնած են դեռ
Հուր հառաչանք, սև գիշեր։
Իմ երգը
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ,
Ծով բարություն, շնորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—
Սերն անվերջ է, բարին` անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին` ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տըվածն եմ տալիս իրեն։
ՀՐԱԺԵՇՏ
Այստեղ ահա կըբաժանվենք.
Մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ...
Թող պահպանե քեզ աստված։
Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,
Օրը տարի կդառնա,
Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա։
Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել.
Եվ տեսության ժամի համար
Չըմոռանաս աղոթել։
ԻՄ ՍԵՐԸ
Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղությունն
Զույգ սևորակ աչքերի։
Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։
Բայց և պահել անկարող եմ,
0՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։
Խոստովանություն
Քո աչքերում, որ փայլում է,
Հոգուս հուրն է մշտավառ,
Իսկ ժպիտդ, որ բացվում է,-
Սրտիս բերկրանքն անսպառ:
Երբ որ հանգչի հուրն աչքերիդ,
Եվ շըրթունքըդ կարկամի,
Կըմեռանի նաև գերիդ...
Եվ մեզ մի մահ կըտանի:
Սրտիս թագուհի,
Կարոտել եմ քեզ.
Ա՜խ, ինչ կլինի
Հանկարծ հայտնըվես
Եվ թեկուզ իսկույն
Դարձյալ չըքանաս,
Ինչպես գիշերվան Կարճատեւ երազ:
Միայն թե տեսնեմ
Պատկերդ մեկ էլ,
Միայն թե ասեմ՝
Ո՛նց եմ կարոտել:
***
Եթե իմ վերջին հայացքը մնա
Քո դեմքիդ վերա տխուր, վշտահար,
Տեսնեմ արտասուքդ ու սիրտս իմանա,
Որ սրտանց ես դու կոծում ինձ համար.
Եթե գիտենամ, իրավ պիտի դու
Ինձանից հետո ցավես իմ մահով,-
Երդվում եմ սիրով, առանց ցավելու
Կըմեռնեմ ես այդ հույսով ապահով:
Եվ երբ կըլսեմ իմ գերեզմանից
Ու կըճանաչեմ քո հեկեկանքը,
Կըմխիթարվիմ, որ սիրում ես ինձ,
Որ քաղցըր էր քեզ համար իմ կյանքը:
***
Մի՛Որոնիր
Մի որոնիր մի ժամանակ
Արհամարհածդ՝ այս կրծքի տակ,
Հառաչանքով դուրս թռավ նա,
Ու դատարկ է տեղը հիմա...
Էլ մի՛ կանչիր, մի լար իզուր.
Քո արցունքից միայն տըխուր
Հին-հին հուշեր պիտի զարթնեն,
Եվ ին՞չ օգուտ... ու՜ է արդեն... |