ԿԱՐՍ ՔԱՂԱՔԸ

 

 

Հայ ժողովրդի հավաքական էթնոհիշողության մեջ Կարսը բացառիկ դեր է գրավում: Կարսը հայկական էթնոսի հնագույն բնօրրաններից է, միջնադարյան Հայկական թագավորությունների մինչեւ օրս պահպանված մայրաքաղաքներից մեկը: Կարս քաղաքը գտնվում է Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին, բլուրներով շրջապատված բարեբեր դաշտում, 1850 մ բարձրության վրա: Ներկայումս Կարսը Թուրքիայի Հանրապետության համանուն նահանգի վարչական կենտրոնն է: Հայ պատմագիրների վկայությամբ Կարսի /Կարուց/ բերդը հիմնադրվել է դեռ ուրարտական ժամանակաշրջանում:

Կարս պատմական քաղաքը գտնվում է Այրարատ աշխարհի Վանանդ գավառում: Նրա առաջին տերերը Վանանդի իշխաններն են եղել, որոնք հիշատակվում են IV դարից սկսած: Բնակավայրի պատմության վաղ շրջանի մասին տեղեկությունները քիչ են, սակայն կարելի է ենթադրել, որ շնորհիվ իր բնական անառիկ ռելիֆի /ժայռ-ամրոց/ այն մշտապես բնակեցված է եղել: Միայն ստույգ գիտենք, որ այն հայոց պատմության մեջ հայտնի դարձավ ավելի ուշ` IX դարից: IX դարի վերջից Կարսը հիշատակվում է իբրեւ բերդաքաղաք, իսկ 928թ. դառնում է անկախ Հայկական թագավորության մայրաքաղաքը:

Սակայն Բագրատունյաց նախորդ երկու մայրաքաղաքների` Բագարանի եւ Երազգավորսի նման Կարսը եւս երկարատեւ չի մնում իբրեւ կենտրոնական թագավորության մայրաքաղաք: 961թ. Աշոտ 3-րդը Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք է հռչակում Անին, իսկ Կարսը մնում է որպես Բագրատունիների կրտսեր ճյուղի Կարսի կամ Վանանդի ֆեոդալական փոքր թագավորության մայրաքաղաք:

1053թ-ից Կարսը պարբերաբար ենթարկվում է Սելջուկների ասպատակություններին: 1064թ Կարսի վերջին հայ թագավոր Գագիկը, որպեսզի ապահովի Կարսը հետագա Սելջուկյան արշավանքներից, զիջում է այն բյուզանդացիներին` դրա դիմաց ստանալով Կապադովկիայի Ծամնդավ քաղաքը: Շուտով Կարսը գրավում են Սելջուկ թուրքերը: 1198-1236թթ հայազգի զորավարներ Զաքարե եւ Իվանե Զաքարյանները ազատագրեցին Կարսը եւ  Հայաստանի մի հատվածը` հիմնելով իրենց իշխանությունը:

XI-XIII դդ. Կարսի  բնակչության թիվը անցնում էր 50.000 մարդուց, իսկ դա այդ ժամանակաշրջանի քաղաքների բնակչության համար շատ մեծ թիվ էր:

Մոնղոլները 1236թ. Հյուսիսային Հայաստանի մյուս քաղաքների հետ միասին գրավում եւ ավերում են նաեւ Կարսը: 1394թ. Կարսը ավերվում է Լենկթեմուրի  հորդաների կողմից, իսկ հետագայում ձեռքից ձեռք է անցնում կարա-կոյունլու ու ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի, ապա թուրքերի եւ պարսիկների տիրապետության շրջանում:

Ավերիչ էին նաև 16-18-րդ դդ պարսկա-թուրքական պատերազմները: 17-19-րդ դդ Կարսը Օսմանյան կայսրության Կարսի փաշայության կենտրոնն Էր, որն իր հերթին մտնում էր Էրզրումի վիլայեթի մեջ: 1876 թ Կարսը անջատվեց Էրզրումից և դարձավ Կարսի վիլայեթի կենտրոնը: Այս հանգամանքը, սակայն, Կարսի համար որեւէ դրական նշանակություն չունեցավ: Այն թուրքական տիրապետության ողջ ընթացքում մնաց սոսկ սովորական բնակավայր` իր անճաշակ հյուղակների քաոսային վիճակով: Թուրքերը հոգ էին տանում միայն Կարսի բերդը ամրացնելու և այնտեղ ստվար կայազոր պահելու մասին:

Կարսը 19-րդ դարի ընթացքում շատ հաճախ առնչվել է ռուս-թուրքական ռազմաքաղաքական հարաբերությունների հետ: Ռուսական կայսրությունը միշտ ցանկացել է տիրել տարածաշրջանում կարեւորագույն ստրատեգիական նշանակություն ունեցող Կարսի բերդին: Կարսը ռուսական զորքերն առաջին անգամ գրավում են ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1828-29 թթ)՝ 1828 թ հունիսի 23– ին: Կարսի 11000-անոց կայազորն ու բերդը պաշտպանող 151 թնդանոթները ռուսական զորքերի հաղթանակը կասեցնել չկարողացան: Սակայն 1829 թ սեպտեմբերի 14-ի Ադրիանապոլսի պայմանագրով Կարսը և նրա շրջակայքը վերադարձվեց թուրքերին: Երկրորդ անգամ Կարսը ռուսները գրավեցին Ղրիմի պատերազմի (1853-56 թթ) ժամանակ՝ 1855 թ նոյեմբերին: Այդ ժամանակ գեներալ Ն. Մուրավյովը կոտրելով Կարսի 33000-անոց կայազորի դիմադրությունը, հարկադրեց նրան անձնատուր լինել: Սակայն պատերազմի՝ Ռուսաստանի համար անհաջող ավարտից հետո Կարսը կրկին վերադարձվեց Թուրքիային:

Կարսի նահանգի գրավման հարցը հաջողությամբ լուծվեց 1877-78 թթ ռուսթուրքական պատերազմից հետո: Ռուսական զորքերը գեներալ Հ.Լազարեւի գլխավորությամբ Կարս բերդաքաղաքը գրավեցին 1877թ նոյեմբերի 6-ին: Վերջապես ռուսթուրքական հիսունամյա հակամարտությունից հետո Կարսը իր շրջակայքով Ռուսաստանին անցավ Բեռլինի 1878 թ հուլիսի 13-ի պայմանագրով: Ռուսական կայսրությունը նոր նվաճած տարածքից կազմեց Կարսի Մարզը, Կարս մարզկենտրոնով եւ Կարս, Օլթի, Արդահան եւ Կաղզվան  օկրուգներով:

Կարս բերդաքաղաքի ու համանուն մարզի միացումը Ռուսաստանին ուներ առաջադիմական հսկայական նշանակություն հայ ազգաբնակչության համար: Նախ եւ առաջ` վերաբնակեցման քաղաքականության շնորհիվ կտրուկ ավելացավ հայ տարրը քաղաքում եւ մարզում: Նախկինում Օսմանյան կայսրության շրջանում գործադրվող բռնությունների ու կամայականությունների փոխարեն, ռուսների օրոք քաղաքում հաստատվեցին կարգն ու կանոնը, գույքի և անձի երաշխիքը և խաղաղ ու անդորր կյանքը:

Բարեփոխությունները շատ զգալի չէին քաղաքի ներքին կյանքում: Կարսը ռուսական տիրապետության ժամանակ նույնպես մնում էր որպես արեևելյան տիպի, ծուռ ու մուռ փողոցներով բնակավայր` առանց ընդհանուր հատակագծի: Քաղաքը չուներ կոմունալ տարրական պայմաններ, գրեթե զուրկ էր կանաչից: Տները քարաշեն էին, երկհարկանի, փայտյա պատշգամբներով: Նրանց մի մասը դասավորված էր լեռան լանջերին: Ռուսները վերակառուցեցին քաղաքի դաշտային մասի հարավային կողմի արվարձանը: Այն շրջապատված Էր աշտարակավոր պարիսպներով: Այստեղ կառուցվել էր նաև ռուսական եկեղեցի, թիթեղյա տանիքներով տներ, խանութներ, արդյունաբերական ձեռնարկություններ, բնակելի եւ հասարակական շենքեր:

Կարսը 1800-30 թթ ուներ 15000 բնակիչ, որից 10000-ը՝ հայեր, 1830-50 թթ՝ 14000, որից 6000-ը՝ հայեր, 1897-ին՝ 20805, որից 10332-ը` հայեր, իսկ 1914-ին՝ 30086, որից մոտ 84 տոկոսը՝ հայեր: Քաղաքի տնտեսական կյանքը բավական աշխուժացավ 20-րդ դ սկզբներից՝ Ալեքսանդրապոլ-Կարս (1899 թ) և Կարս-Սարիղամիշ (1915 թ) երկաթուղագծերի կառուցման ու խճուղային ճանապարհների բարեկարգման շնորհիվ: Այդ ժամանակ քաղաքում ստեղծվեցին սննդի և թեթև արդյունաբերության մի քանի ձեռնարկություններ, սպանդանոց, որտեղ տարեկան մորթվում էր մինչև 1000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Ուներ շուրջ 800 խանութ ու կրպակ, ուր պարբերաբար կազմակերպվում էին մարզային կիրակնօրյա տոնավաճառներ: Քաղաքի կյանքում զգալի տեղ էր գրավում գյուղատնտեսությունը: Այն ժամանակ քաղաքապատկան հողերի տարածքը հասնում էր 4000 դեսյատինի:

19-րդ դ սկզբին քաղաքն ուներ տարբեր կարգի 3000 տուն, 18 եկեղեցի և մի քանի մզկիթ, որոնց մի զգալի մասը ավերված ու լքված էր: Թուրքական տիրապետությունից ազատագրվելուց հետո Կարսում բավական աշխուժանում է կրթական գործը: Այստեղ 1880 թ բացվում են քաղաքային տարրական արական և իգական ուսումնարանները: 1909 թ սկսում է գործել իգական գիմնազիան: Սրանք բոլորն էլ ռուսական դպրոցներ էին: Դրանցից բացի հայկական մի քանի եկեղեցիներին կից կային տարրական ուսումնարաններ: Այդպիսի երկու (տղաների և աղջիկների) ուսումնարան ուներ Սբ.Մարիամ եկեղեցին: Քաղաքում գոյություն ունեին նաև մասնավոր՝ խալֆայական տիպի, մի քանի ուսումնարաններ: 1910 թ քաղաքի բոլոր դպրոցներում սովորողների թիվը հասնում էր 1376-ի: Նոր և նորագույն ժամանակներում Կարսում հրապարակված պարբերականներից են «Կարս» (1883 թ), «Բանվոր» (1917 թ) շաբաթաթերթերը, «Աշխատավորի ձայն» բանվորական-գյուղացիական (1920 թ) և «Դիրքերում» օրաթերթերը (1920 թ): 1883 թ Կարսում ստեղծվել է Կովկասի Հայոց բարեգործական ընկերության մասնաճյուղը:

Կարսը, ինչպես և միջնադարյան Հայաստանի այլ քաղաքները, սկզբում սովորական բերդ է եղել, և հայ պատմիչները այն հենց այդպես էլ ներկայացնում ենԲերդ Կարուց» և այլն): 9-13-րդ դդ բերդի շուրջը ծավալվել է քաղաքը, իսկ ամրոցը վերածվել է անառիկ միջնաբերդի: Հետագայում, պարսկաթուրքական մշտական պատերազմների մռայլ ժամանակներում, Կարսի բերդի ամրությունները հետզհետե անկում են ապրում: Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի ռազմա-ստրատեգիական նշանակությունը կայսրության համար, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով: Թուրք պատմիչ Փեչևիի վկայությամբ Կարսի բերդի հիմնավոր վերակառուցումը սկսվել Է 1578 թ: Հետագայում ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դ կեսերին համարվում էր Վերդենին (Ֆրանսիա) ու Պերեմիշլին (Ռումինիա) հավասար հռչակ ունեցող բերդ-արմոց:

Կարսի բերդն ուներ կրկնակի պարիսպներ 26 ամրակուռ աշտարակներով: Աշտարակներից 17-ը գտնվում էին հարավային կողմում, 9-ը՝ արեւմտյան: Բերդի անկյունների չորս աշտարակները մյուսներից ավելի խոշոր ու բարձր էին: Պարիսպների բարձրությունը 10-12 մ էր, պատերի լայնությունը` 1,5 մ: Բերդի ընդհանուր երկարությունը 1000 մ էր, լայնությունը՝ 500 մ: Բուն միջնաբերդը տեղադրված Է Կարսի գետի աջակողմյան ժայռի վրա: Միջնաբերդը, որ շրջապատված Է կրկնակի պարիսպներով, ենթադրվում է որ պետք է կառուցված լինի հնագույն հայկական բերդի տեղում: Մինչև թուրքական տիրապետությունից ազատագրվելը՝ Կարսի բերդի ներսի տարածքը բնակեցված էր բացառապես թուրքերով և բաժանված էր 17 թաղերի: Բերդի ամրություններն ու մյուս կառույցները շարված են անմշակ քարով, բայց ամուր են, բարձր ու գեղեցիկ: Կարսի բերդի ողջ համալիրում երբեմն տեղավորվում էր մինչեւ 30000-40000 զինվոր:

Կարսի պատմա-ճարտարապետական հուշարձաններից ամենաարժեքավորը հռչակավոր Առաքելոց եկեղեցին է, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի (928-953 թթ) օրոք՝ 10-րդ դ կեսերին, որպես թագավորանիստ Մայր եկեղեցի /մինչեւ 1670 թ եղել է Վանանդի եպիսկոպոսանիստ/: Այն կլոր հատակագծով կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, հայկական միջնադարյան լավագույն կոթողներից մեկը, որը պատմության ավերիչ դեգերումներից կանգուն մնացած, այսօր էլ տիրաբար իշխում է գավառական քաղաքի վրա: Բացի դրանից, Կարսում կային հայկական սբ. Նշան, սբ. Աստվածածին, սբ. Գրիգոր, սբ. Մարիամ, ինչպես և Միքայել Հրեշտակապետի ռուսական և սբ. Գևորգ հունական եկեղեցիները: Կարսի մյուս հրշարժան կառույցներից են Կարսի գետի վրա գտնվող քարաշեն երեք կամուրջները:

Կարսը կարեւոր ստրատեգիական դեր խաղաց Ռուսական կայսրության համար` Առաջին համաշխարհային պատերազմի նախապատրաստման եւ մարտական գործողությունների հաջող իրականացման գործընթացում: 1914 թ Կարսում տեղակայված էր մեծ թվաքանակի ռուսական զորախումբ, պահեստավորված էր ահռելի քանակությամբ զենք, զինամթերք, հանդերձանք, պարեն եւ այլն: Սակայն պատերազմի վերջում, Ռուսատանի պատերազմից դուրս գալով, Կարս քաղաքն ու մարզը, Բրեստի  1918թ. մարտի 3-ի պայմանագրով, նորից պետք է անցնեին Թուրքիային: Օգտվելով տարածաշրջանի բացարձակ անորոշ և քաոսային քաղաքական իրավիճակից /Անդրկովկասում դեռ չէին հռչակվել անկախ պետություններ/, թուրքական կանոնավոր զորքերը ապրիլի 25-ին ռազմակալեցին Կարսը: Քաղաքի հայ բնակչությունը կրեց մեծ կորուստներ, փրկվածները գաղթեցին Արեւելյան Հայաստան եւ Հյուսիսային Կովկաս:

Վերջապես 1919 թ ապրիլին Կարս մտան Հայաստանի Հանրապետության կանոնավոր զորամիավորումները, Կարսի ամրոցի վրա ծածանվեց անկախ Հայաստանի եռագույն դրոշըՄեկ ու կես տարվա ընթացքում մեծ քանակության հայ գաղթականներ եւ նախկին բնակիչներ տեղափոխվեցին Կարս քաղաքը եւ շրջակայքը: Քաղաքը նորից վերադարձել էր խաղաղ ստեղծագործ կյանքի` այս անգամ արդեն դե-ֆակտո անկախ Հայաստանի Հանրապետության կազմում: Սակայն 1920 թ աշնանը Թուքիայի ավանդական հակահայ զավթողական քաղաքականության և Հայաստանի Հանրապետության ղեկավարների անհեռատես արտաքին քաղաքականության շնորհիվ տարածաշրջանում կտրուկ սրվեց իրավիճակը` Թուրքիան ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության վրա: Հոկտեմբերի 30-ին Կարս մուտք գործեցին թուրքական զորամիավորումները, իրականացնելով հայ ազգաբնակչության կոտորած եւ դեպորտացիա:

1920 թ դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի, 1921 թ մարտի 16-ի Մոսկվայի, 1921 թ հոկտեմբերի 16-ի Կարսի պայմանագրերով Կարս քաղաքը եւ համանուն մարզը վերջնականորեն անցան Թուրքիային` դե-յուրե հաստատելով հայկական այդ բնիկ տարածքի օկուպացիան: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1945 թ ամռանը ԽՍՀՄ-ի կողմից դիվանագիտական ջանքեր էին գործադրվում Կարսի մարզը ԽՍՀՄ կազմում ընդգրկելու հարցի շուրջ, սակայն` ապարդյուն, Կարսը մնաց Թուրքիային: