Պատմություն
եւ արտադրություն
|
Եսայի Ստեփանյան (????? ????) Արժանին մատուցենք առաջին հայերեն համակարգիչ ստեղծողին‚ այդ դժվար մեկնարկի սկզբնավորողին։ Գեւորգ Մարկարով Մինչեւ լիարժեք հայկական համակարգերի ստեղծումը‚ բանասերները համակարգիչներով աշխատում էին նրա ստեղծած հայկական ծրագրաշարով։ |
Առաջին հայերեն համակարգիչը
Հայկական համակարգերի ստեղծումը նախապատմություն ունի‚ որը շատ դեպքերում եղել է որոշիչ այսօր գործող համակարգերի համար։ Այս պատմության ակունքները տանում են Երեւանի Պետական համալսարան‚ որտեղ 1960 թ․թ․ խնդիր դրվեց եղած EC դասի համակարգիչով ուսումնասիրել Մովսես Խորենացու «Պատմութիւն հայոց» աշխատությունը։ Այդ տարիներին տեխնոկրատներն այնքան հեռու էին սեփական մշակույթից‚ իսկ բանասերներն այքան չտես համակարգչային տեխնիկայից‚ որ խեղճ «հայերեն համակարգիչը» ծնվեց … տառապակաս։ Պակասում էին «Ւ‚ւ» տառերը‚ չնայած պատրաստվում էին ուսումնասիրել Գրաբար տեքստ։ Թերի էին նաեւ կետադրության նշանների հավաքածուն եւ այբենական դասակարգման լուծումը։ Առաջին փորձը տապալվեց‚ ուսումնասիրություններ չկատարվեցին‚ սակայն համակարգիչի պաստառին հայտնված առաջին հայերեն տառերը բոցավառվեցին հասարակության ու մասնագետների երեւակայությունը հայերեն համակարգիչ ստեղծելու գաղափարով։ Մյուս կողմից‚ բոլորն էլ հասկացան այստեսակ խնդիրների լուծման համար հումանիտարի եւ բնագետի համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։ Հայերեն համակարգիչները գործում են Հաջորդ էական քայլը կատարվեց Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտում‚ որտեղ 1982թ․ Գեւորգ Մարկարովի կողմից ստեղծվեց առաջին գործող հայերեն համակարգը Էլեկտրոնիկա համակարգիչի համար։ Այդ համակարգով կարելի էր մուտքագրել լիարժեք հայերեն տեքստեր հայկական գրամեքենային շատ մոտ շարվածքով‚ տպագրել ասեղային տպիչով‚ ստեղծել ծրագրեր հայերեն տեքստերը մշակելու համար։ Գրանշանների հավաքածուն հավելուրդային էր եւ ուներ ներքին հակասություններ։ Այս համակարգով սկսեցին աշխատել նաեւ որոշ արտասահմանյան հայագիտական կենտրոններ։ Կարելի էր պնդել‚ որ հայկական համակարգը գործում է։ 1980—90 թ․թ․ հայերեն աշխատող համակարգիչների տարբերակներ ստեղծվում էին աշխարհի գրեթե բոլոր ծայրերում։ Նույնիսկ կորեացի Դուանգ Ջանը ստեղծեց հայերեն տեքստերի խմբագիր‚ տպագրման եւ տառաստեղծման միջոցներ։ Ամերիկայում Բայթեք ընկերությունը Մայքրոսոֆթ ընկերության հետ համատեղ ստեղծեց ՀայՐայթըր հայերեն խմբագիրը‚ տպագրական բարձրորակ տառատեսակներ եւ հայերեն տեքստերի պարզագույն մշակման համակարգ։ Դաշնակցական կուսակցությունը նույնպես ձեռնամուխ եղավ հայկական համակարգերի ստեղծմանը‚ որի հանձնարարականը կատարվեց Ժիրայր Բեջիգեանի կողմից։ Նրա ստեղծած խմբագրական համակարգով աշխատում էին DOS‐ում‚ տպագրությունը կատարվում էր ասեղային տպիչով։ Չկա բարիք՝ առանց չարիք Համակարգված մոտեցումների բացակայությունը բերեց նրան‚ որ լայնորեն սկսեցին ներդրվել նաեւ անորակ հայկական համակարգեր‚ որոնք ընդամենը թույլ էին տալիս օգտագործել համակարգիչը որպես պարզագույն հայերեն գրամեքենա եւ ոչ մի այլ աշխատանքի հնարավորություն չէին ընձեռնում։ Ոչ ի պատիվ հայ մասնագետների‚ նմանօրինակ համակարգեր ստեղծվեցին Ֆրանսիայում՝ Արի Թոփուզխանեանի կողմից Մաքինթոշ համակարգիչների եւ Հունաստանից Ժիրայր Բեջիգեանի‚ Ամերիկայից Font&Circle‚ AmAmco եւ այլ ընկերությունների կողմից Windows համակարգի համար։ Վերջիններս փոխարինեցին բուն լատինական գրանշանները անգլերեն համակարգերում հայերեն տառերով եւ խախտեցին ամեն տեսակ կարգավորվածություն‚ մշակման հնարավորություն եւ զրկեցին օգտվողներին համակարգային եւ կիրառական ծրագրերի բոլոր տեսակի հնարավորություններից։ Բացառությամբ մի քանի թյուրիմացությունների‚ Հայաստանում այս համակարգերը տարածում չունեցան։ |
||||||||
Միսակ Գալոյան 1986 թվականին առաջարկեց առաջին հայկական համակարգչային ստանդարտը |
Համակարգչային այբուբեն
Ինչպես եւ ցանկացած տեխնիկական միջոց‚ համակարգիչի տեխնիկական իրականացումը նույնպես կարգավորվում է ստանդարտներով։ Լեզվական տեսանկյունից հարցը կարգավորվում է գրանշանների կոդավորման ստանդարտով։ Համակարգիչներով աշխատելու համար անհրաժեշտ առաջնային համակարգերից մեկը դա համակարգիչով տեքստային ինֆորմացիայի փոխանակման եւ մշակման համար գրաֆիկական եւ ղեկավարման նշանների հավաքածուն է՝ համակարգչային այբուբենը։ Տեքստերի փոխանակումը‚ մշակումը եւ արտապատկերումը կատարվում է ըստ աղյուսակի՝ ամեն մի վանդակի համար սահմանված կարգով։ Համակարգիչներում համակարգերի լիարժեք եւ հստակ աշխատանքը‚ ապագայում առաջացող խնդիրների լուծման‚ ստեղծված եւ ստեղծվելիք ծրագրային համակարգերի գինը եւ հնարավորությունները որոշվում են այս աղյուսակի՝ համակարգչային այբուբենի մշակման կատարելությամբ։ Հայերենի դեպքում այն իրենից ներկայացնում է 256 վանդակներից բաղկացած աղյուսակ‚ որը լրացվում է հայերեն տեքստին բնորոշ գրանշաններով եւ‚ կախված աղյուսակում գրաված դիրքից‚ ամեն մի գրանշանին վերագրվում է 0—255 թիվ (կոդ)։ Ըստ այս աղյուսակի են փոխանակվում եւ մշակվում թվերով ներկայացված տեքստերը։ Համակարգիչի հայկական ստանդարտի առաջին նախաձեռնությունն ու առաջարկը (կոդավորումն ու ստեղնաշարը) կատարվել են Երեւանի Ալգորիթմ միավորման աշխատակից Միսակ Գալոյանի կողմից։ Առաջարկը չդարձավ ստանդարտ‚ սակայն տառերի կոդավորման եղանակը (հայերեն այբուբենի համարակալման մեծատառ‐փոքրատառ հաջորդականությունը) ընդունվեց որպես լավագույն լուծում։ |
||||||||
Վահրամ Մխիթարյան Հայոց Հիմնօրինակ խմբի նախաձեռնողն ու ՀայՀամակարգիչ կենտրոնի հիմնադիրը։ |
Հայկական հիմնօրինակ
Ամենայն ինչ նովաւ
եղեւ եւ
առանց նորա եղեւ
ոչինչ‚ որ ինչ եղեւ։
Աւետարան ըստ Յովհաննեսի
Գիտակցելով խնդրի կարեւորությունը եւ որպես առաջնային
խնդիր դիտելով համակարգիչների համար Հայկական հիմնօրինակի (standard) ստեղծումը‚
Վահրամ Մխիթարյանի կողմից 1986 թ․ հասարակական հիմունքներով կազմակերպվեց
Հայկական Հիմնօրինակ Նախաձեռնողների խումբ‚ որի կազմում կային լեզվաբան‚ տառաստեղծ‚
նկարիչ‚ էլեկտրոնային սարքավորումների մասնագետներ‚ ծրագրավորողներ։ Միավորելով
Հայաստանում այս խնդրին առնչվող բոլոր մասնագետների եւ գիտական կենտրոնների
ջանքերը‚ ուսումնասիրելով համաշխարհային դառը փորձը‚ մեկ ու կես տարվա քննարկումների
արդյունքում 1987 թ․ նոյեմբերի 29-ին առաջադրվեց Ինֆորմացիայի Փոխանակման
Կոդի Հայկական հիմնօրինակը (Armenian Standard Code for Information Interchange
— ArmSCII)։ Այս խմբի կողմից նաեւ ստեղծվեցին Հիմնօրինակի պահանջներին
բավարարող հայերեն համակարգերը։ Խմբի անդամներ Վահրամ Մխիթարյանը‚ Վարուժան
Դանիելյանը‚ Գագիկ Բաղդասարյանը‚ Պավել Դալլաքյանը‚ հետագայում նաեւ Հովիկ
Մելիքյանը‚ Անդրեյ Քալանթարյանը եւ Ռաֆիկ Մարությանը իրականացրեցին հայկական
հիմնօրինակը PDP‚ IBM եւ Macintosh համակարգիչների համար։ Ազգային խորհրդանշանների
կազմը մշակվեց եւ ներկայացվեց Սամվել Փարթամյանի կողմից։ Առաջին համակարգչային
որակյալ տառատեսակներն ստեղծվեցին Պավել Դալլաքյանի, Հենրիկ Խաչատրյանի եւ
հետագայում նաեւ Ռուբեն Թարումյան‐Հակոբյանի եւ Մարիետտա Պետրոսյանի կողմից։
Խմբի բոլոր անդամներն ակտիվորեն ստեղծում եւ տարածում էին ամբողջ աշխարհով
հիմնօրինակի իրականացումները‚ նպաստում նրա ամրապնդմանը։
Հետագա աշխատանքների ընդլայնման եւ հայկական ծրաշարի ստեղծման նպատակով խմբի անդամներից Վահրամ Մխիթարյանի ջանքերով հիմնադրվեց «ՀայՀամակարգիչ» կենտրոնը‚ որը եւ նախաձեռնեց լիարժեք հայկական ծրագրաշարի ստեղծումը՝ գործողությունների համակարգեր‚ սարքավարներ‚ տառատեսակներ‚ ծրագրաշարերի թարգմանություն եւ հարմարեցում‚ հայերեն խոսքի հնչյունական սերում եւ ճանաչում‚ տեքստի սրբագրման եւ վերլուծման‚ հրատարակչական համակարգեր եւ այլ։ Այս կազմակերպության կողմից 1991 թ․ Հայկական հիմնօրինակը լրամշակվեց եւ Արամ Հայրապետյանի կողմից կատարված վերջնական ձեակերպումներով ներկայացվեց ՀՀ Կառավարությանը որպես պետական ստանդարտ։ Այն վերջնականապես հաստատվեց եւ դարձավ պետական ստանդարտ 1997 թ․ հուլիսի 4-ին։ |
||||||||
Նրանք ընդունեցին Հայկական Հիմնօրինակը
Անհանգստանալով հայկական համակարգերի զարգացման պետական կարգավորման բացակայությունից‚ ՀայՀամակարգիչ կենտրոնը դիմեց Հայաստանի մասնագետներին՝ 1996թ․ դեկտեմբերի 18-ին հավաքվել ՀՀ Պետական ստանդարտների վարչությունում եւ համատեղ որոշմամբ առաջարկել ընդունել ՀայՀամակարգիչ կենտրոնի կողմից 1991 թ․ ներկայացված Հիմնօրինակը որպես Պետական ստանդարտ։
Գեւորգ Մարկարով (»Դանմար» ՍՊԸ տնօրեն) Ռաֆիկ Մարության (HPL‚ ծրագրավորող)‚ Վարուժան Դանիելյան (ՀայՀամակարգիչ կենտրոն‚ «Լազերային տեխնիկա» ԳԱՄ)‚ Գագիկ Բաղդասարյան (ՀՀ Սոցիալական ներդրումների հիմնադրամ‚ ծրագրավորող)‚ Հովիկ Մելիքյան (ՀայՀամակարգիչ կենտրոն‚ ԵրՖԻ‚ համակարգերի ծրագրավորող)‚ Գէորգ Տէր‐Վարդանեան (Ազգային Գգրադարանի տնօրէն)։ Ալբերտ Տոնեյան (ԵրՖԻ‚ Ինտերնետ միջազգային ցանցի ծառայության տնօրեն) Վահրամ Մխիթարյան (ՀայՀամակարգիչ կենտրոնի տնօրեն) Իվան Լուլուկյան (ՀայՀամակարգիչ կենտրոն‚ ծրագրավորող) Սամվել Ստեփանյան (Արմինքո համակարգչային կենտրոնի համակարգող) Ռուբեն Թարումյան‐Հակոբյան (տառաստեղծ‚ Նախագահի աշխատակազմ) Հովհաննես Կիզոգյանը (Իսրայելից‚ «Գանձասար» աստվածաբանական կենտրոն‚ Տեխնիկական տնօրեն) Ալեքսանդր Ֆարամազյանը (Վրաստանից‚ ՀՀ Սոցիալական ներդրումների հիմնադրամ‚ բաժնի վարիչ) Գարեգին Չուգասզյանը (ԱՄՆ‐ից (»Առագաստ բեն» համակարգչային կենտրոնի փոխտնօրեն) Անդրեյ Քալանթարյանը (ԱՄՆ‐ից‚ ծրագրավորող) Վռամ Ջիհանյանը (ԱՄՆ‐ից‚ Լեզվի ինստիտուտ‚ բաժնի վարիչ) Արամ Հայրապետյանը (ԱՄՆ‚ ՀայՀամակարգիչ կենտրոնի նախագահ) |
|||||||||
Գեւորգ Ջահուկյան Աշխարհահռչակ լեզվաբանի երկու մենագրություններ՝ «Ժամանակակից հայերենի տեսության հիմունքներ» եւ «Ժամանակակից հայոց լեզվի իմաստաբանություն եւ բառակազմություն»‚ հիմք ծառայեցին հայկական ձեւական համակարգերի մշակման եւ զարգացման համար։ Այս աշխատությունների հիման վրա ստեղծվեցին Հայկական հիմնօրինակը եւ առաջին՝ հայերենի բառակազմական սբագրիչը՝ «Հեգել»ը։ Վերջինս‚ որպես հայերեն լեզվի ձեւական համակարգերի զարգացման գործում ամենամեծ նվաճում‚ նվիրվեց մեծարգո գիտնականին՝ ծննդյան 75—ամյակի առթիվ։ |
Երգիծապատում չարաբաստիկ «եւ»‐ի մասին
Թվում էր‚ թե ամեն ինչ լավ է‚ սակայն բանասերների հարցում Հիմնօրինակի բախտը չբերեց։ Առաջին թյուրիմացությունները սկսվեցին կցագիր «եւ» ի հետ կապված։ Որպեսզի կարողանանք ներկայացնել հարցի էությունը‚ ստիպված պիտի անդրադառնանք չարաբաստիկ «եւ»‐ի առաջացման եւ «զարգացման» պատմությանը։ Այսպիսով‚ երբ աշխարհում սեպով քարի վրա ստեղծագործելուց անցան հորթեր քերթելուն եւ նրանց կաշվից ազգային արժեքներ ստեղծելուն (իմա՝ մատենագրության)‚ Սուրբ Մաշտոցն ստեղծեց հայկական տառերի առաջին հավաքածուն եւ երկաթե գրիչով գրեց ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ‚ ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ։ Այդ պահին հայերեն խոսքի գրառման համար գոյություն ուներ ընդամենը 36 գրանշան‚ որոնք այժմ կոչվում են երկաթագիր կամ մեծատառ։ Վերջին անվանումը պայմանավորված էր նրանով‚ որ երկաթե գրիչով հնարավոր էր միայն չափերով մեծ տառեր գրել։ Երբ սկսեցին օգտագործել փետուրե գրիչը‚ որի մանր տառերով գրված տեքստերը խնայում էին տասը հորթից իննի կաշին (մագաղաթը)‚ առաջացան ձեռագիր կամ փոքր տառերը։ Փոքրատառերն առանձնապես նման չէին մաշտոցյան սուրբ գրերին եւ հայկական այբուբենը սկսեցին ներկայացնել 72 գրանշաններով։ Երեւի թե նույն խնայողության պատճառով ի սկզբանե հրաժարվեցին գրառել «ը» հնչյունը‚ համարելով‚ որ այն առանց գրառելու էլ բոլոր բաղաձայների հետ ենթադրվում է եւ ցանկացած հայ էլ գիտի‚ թե երբ պիտի «ը» կարդա։ Փոքրատառ «ա»‐ն‚ որպես համար առաջին հորթակեր‚ հաճախ գրառում էին մի գծիկով։ Հորթասիրությունից դրդված սկսեցին կիրառել կրճատագրեր՝ Աստուած — ԱԾ‚ Սուրբ — ՍԲ‚ Քրիստոս — ՔՍ‚ կցագրեր‚ հյուսված տառեր՝ ՄԲ‚ եւ‚ ու‚ մն եւ այլ տառակապակցություններից (սկզբունքորեն‚ Մատենադարանի հայ քերթողների արձանների շարքը պետք է լրացվի նրանց կողմից քերթվող հորթի արձանով)։ Չնայած այս բոլոր նորամուծություններին‚ այբուբենը մնաց մաշտոցյան։ Հետագայում փոփոխվեց նաեւ մաշտոցյան այբուբենը՝ օտարալեզու փոխառությունների համար ավելացան «Օ‚ օ»‚ «Ֆ‚ ֆ» տառերը (38 մեծատառ եւ փոքրատառ = 76 գրանշան) եւ «ը»‐ի փոխարեն հաճախ հանդես եկող ապաթարցը։ Երբ տեղից շարժվեց դեպի կոմունիզմ սուրացող զրահագնացքը‚ հանուն պայծառ ապագայի եւ բանվորագյուղացիական գրագիտության շեշտակի բարելավման‚ որոշեցին մաշտոցյան այբուբենից կրճատել դասակարգային թշնամի «Ւ‚ւ» (վյուն) տառը եւ նրա տեղում դնել «ՈՒ‚ ու»՝ հավերժացնելու համաշխարհային պլորետարիատի առաջնորդի սուրբ ազգի անունը (խոսքը գնում է ո՛չ թե ուռուսի՝ այլ Ուլյանովի մասին)։ Միատառ «եւ»‐ը‚ որպես միջազգային իմպերիալիզմի լրտես՝ վերացվեց‚ իսկ եւ‐ը գրառվում էր երեք տառով՝ «յեվ»։ Շատ կարճ ժամանակամիջոցում նույնիսկ հեգեմոնները հասկացան‚ որ «եւ»‐ի համար շատ մեծ պատիվ է երեք տառով գրելը եւ որոշեցին‚ որ պիտի լինի միայն «եվ»։ Երբ նորաթուխ բանվորագյուղացիական ծագման կոմունիստ բանասերները լիկբեզներից հետո հասկացան‚ որ այսուհետ չենտարբերելու տարեվերջը տերեւաթափից‚ որոշեցին կցագիր «եւ»‐ին շնորհել տառի կոչում եւ տեղադրել այբբենական շարքում Քրիստոսի կողքին։ Քանի որ նոր տառ հնարելը ավելի բարդ գործ էր‚ քան կոչումներ շնորհելը‚ եւ‐ի մեծատառերով գիրը մնաց երկու տառով՝ «ԵՎ»։ Այս վերջին «հանճարեղ» լուծման հետեւանքով հայերեն տառ հասկացությունը դարձավ միջազգային հանրության խոր ուսումնասիրությունների առարկա‚ քանի որ միայն Սրբի կողակից սովետահայ տառը կարող է չունենալ մեծատառ‚ տողադարձման ժամանակ տառի կեսը մնա‚ կեսը տեղափոխվի‚ բառերը մեծատառերով գրելուց խախտվի գրանշանների քանակը‚ որակը եւ այբբենական դասակարգման կարգը։ Սովետահայ բառարանագետների բառարանների հրատարակումից հետո պարզվեց‚ որ երեւի թե վրացիների նման հրաժարվենք Սուրբ Մաշտոցից էլ‚ նրա երկաթագրից էլ եւ այսուհետ գրեն միայն փոքրատառերով։ էդվարդ Աղայանի բառարանը կազմված եւ դասակարգված էր ըստ մեծատառերի‚ իսկ Գեւորգ Բարսեղյանի բառարանը՝ ըստ փոքրատառերի։ Երբ փորձեցին համեմատել բառացանկերը‚ պարզվեց‚ որ «եւ» պարունակող բոլոր բառերն այս երկու բառարաններում տարբեր տեղերում են (եւ‐ն ու եւս‐ը‚ Դեւոն‚ Սեւոն‚ Թեւոն‚ տո՛ հենց Լեւոն՝ խեղճ թագավորին եւ անվանակիցներին Հայկական հանրագիտարանում որ տառի տակ ասես որ չես հանդիպի)։ Ելնելով այս անելանելի վիճակից սովետահայ բանասեր‐դավադիրների մի խումբ՝ ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի գլխավորությամբ մահափորձ կազմակերպեց «եւ»‐ի դեմ։ Տերմինաբանական կոմիտե ներկայացվեց մի առաջարկ‚ որով եւ‐ը հանվում էր այբուբենից եւ դասակարգվում էր «ե» եւ «վ» տառակապակցության այբբենական կարգով։ Բայց‚ ինչպես հետագայում արդարանում էին դավադիրները‚ քանի որ Հայաստանի ուսուցիչները‚ մանավանդ ուսուցչուհիները‚ ի վիճակի չէին որեւէ նոր‚ թեկուզ եւ չնչին մի բան սովորելու եւ սովորեցնելու‚ ապա‚ տապալեցին այդ նախագիծը (ա՜յ մարդ‚ խոմ նորից անգրագետ չենք դառնալու)։ Իսկ դավադիր խումբը‚ երեւի թե սարսափելով ապագա ուղղագրական կանոնակարգման անհրաժեշտությունից‚ տեղի տվեց եւ ուսուցչուհիների հետ կուրծք‐կրծքի տված եւ ակադեմիայի գլխավորությամբ ցայսօր էլ պայքարում է միատառ եւ‐ի‚ այբուբենում նրա սուրբ տեղի‚ նրա հետ կապված բոլոր տխմարությունների եւ իրենց իսկ առաջարկից հրաժարվելու համար (Ի՛նչը կհաղթի կյանքում հերոսին‚ թե չլինեն կինն ու ակադեմիան)։ |
||||||||
(կրճատումներով եւ հատվածաբար
դասընթաց սկսնակների
համար
գրքից)
|